«Երկրամաս» թերթի հաղորդմամբՙ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ընդգրկվել են Global Intellect Monitoring-ի ցուցակում: Այդ ցուցակում այն գործիչներն են, ովքեր 2009-ին մեծ ազդեցություն են ունեցել տնտեսական եւ քաղաքական գործընթացների վրա: Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներն այդ ցուցակում ընդգրկվել են «դարավոր քաղաքակրթական հակամարտությունը հաղթահարելու առաջին քայլերի համար» ձեւակերպմամբ: Այդ ցուցակում ընդգրկվել են երկու հայ եւս` տնտեսագետ Սերգեյ Եղիշյանցն ու փորձագետ Անդրեյ Արեշեւը: Անդրեյ Արեշեւը ինտերնետով օբյեկտիվ աշխարհաքաղաքական գիտելիքներ տարածելու համար է ընդգրկվել այդ ցուցակում: Նա վերլուծաբան է, ռուսալեզու ինտերնետի ինտելեկտուալ գրավչությունն ուղղորդողներից, նրա վերլուծությունները հետաքրքրությունների լայն շրջանակ ունեն. դրանք վերաբերում են Ռուսաստանի արտաքին մարտահրավերներին, աշխարհի տաք կետերի իրադարձություններին, Եվրոպայի առանցքային իրադարձություններին: Նրա գործունեությունը, փաստորեն, հերքում է այն տեսակետը, որ անհատի ջանքերն ու վերլուծական միտքը չեն կարող արդյունավետ ազդել այս կամ այն կարծրատիպերը փոխելու: Տնտեսագետ Սերգեյ Եղիշյանցին այդ ցուցակում ընդգրկել են «դինամիկ փոխվող իրականության ունիկալ իմաստավորման համար»: Եղիշյանցը հասարակության ուշադրության կենտրոնում է հայտնվել «Աստվածների իրիկնամուտը» գրքից հետո: Ս. Եղիշյանցը նույնպես հայտնի է որպես վերլուծաբան, ITinvest ընկերության գլխավոր տնտեսագետն է: Միջազգային տնտեսական ճգնաժամի մասին ամենշաբաթյա նրա վերլուծություններին մշտապես հղումներ են արվել ինտերնետ ռեսուրսներում եւ տարբեր լսարաններում:
Մ. Խ.