Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոյի ներկայացմամբՙ հայ ուկրաինական հարաբերությունները բարի դրացիական են ու շատ կարեւոր երկու երկրների համար: Թեպետ ֆինանսատնտեսական ճգնաժամից երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալները նվազել են, սակայն դեսպանը վստահեցնում է. «Ուկրաինան վստահելի գործընկեր է»: Վստահության համար էլ շեշտում է. «Ուկրաինայում ավելի շատ են հայկական կոնյակ գնում, քան Հայաստանում»: Դեսպանը նկատում է, որ նախագահ Սարգսյանի մասնակցությունը Վիկտոր Յանուկովիչի պաշտոնակալությանը կարեւոր նշանակություն ունի Ուկրաինայի համար: Դեռ նախորդ տարի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն Սերժ Սարգսյանին հրավիրել էր Կիեւ, Բոժկոն վստահ է, որ ներկայիս նախագահը կհաստատի հրավերն, ու երկու երկրների նախագահների հանդիպումը կկայանա: Բոժկոն այդ այցի հետ մեծ հույսեր է կապում ու հավելում, որ կքննարկվեն բազմաթիվ հարցեր:
Թեպետ հայ-ուկրաինական հարաբերությունները բարիդրացիական են, սակայն գոյություն ունի հսկայական չօգտագործված ներուժ: «Երբ Հայաստանում ինչ-որ նոր բան է կատարվում, նոր ծրագրեր են մշակվում, Ուկրաինան դրանց չի մասնակցում, թեպետ մենք միշտ դիմում ենք, առաջարկում: Սա չօգտագործված ներուժ է, ու պետք է ավելի սերտ համագործակցություն լինի»:
Նախագահական ընտրություններից հետո Ուկրաինայում շարունակվող լարվածությունը խանգարում է հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը: «Եթե վեճերի փոխարեն լիներ ընդհանուր մոտեցում, ապա ամեն ինչ ավելի հեշտ կլիներ: Այժմ սպասողական իրավիճակ է, սպասում ենք նոր կոալիցիայի ձեւավորմանը», ասում է դեսպանը: Վերջինս Յանուկովիչին համարում է փորձառու քաղաքական գործիչ, լուրջ եւ ծանրակշիռ անձնավորություն, որի կառավարման օրոք դժվար թե լինեն կտրուկ փոփոխություններ:
«Նոր նախագահի օրոք Ուկրաինան կշարունակի՞ անդամակցել ՎՈՒԱՄ-ին» հարցի պատասխանը դեսպանը չգիտե ու խորհուրդ է տալիս ուղղել նախագահին: ՎՈՒԱՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ էլ հավելում է. «Տարածաշրջանում յուրաքանչյուր երկիր իր խնդիրներն ունի, եւ հաշվի առնելով այդ խնդիրների լուծման ձեւերը, ուղղություն են բռնում ու որոշում, թե որ երկրի հետ պետք է ընկերություն անեն կամ չանեն: Մենք ցանկանում ենք համերաշխություն տարածաշրջանում ու հարաբերություններ հաստատում բոլոր երկրների հետ»:
ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկման վերաբերյալ դեսպանը ընդգծեց քննարկվելիք հարցի կարեւորությունը: «Ազգ»-ի հարցին` «Ի՞նչ է արվում, որպեսզի Ուկրաինայում ճանաչվի Հայոց ցեղասպանությունը», Բոժկոն նշեց, որ երկրի տարբեր մարզեր ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանը ուշադրություն չի դարձնում հարեւան երկրի ողբերգությանը: «1933-ին Ուկրաինայում մեծ սով էր, հազարավոր մարդիկ մահացան: Գոլոդոմորը ճանաչել է 14 պետություն: Ուկրաինայում բազմաթիվ հուշարձաններ կան Հայոց ցեղասպանության վերաբերյալ, մինչդեռ Հայաստանում չկա որեւէ հուշարձան, որը կպատմի Ուկրաինայի ողբերգության մասին: Մենք ձեր ցավը լսում ենք, սակայն դուք մեր ցավը չեք լսում: 2005-ին Հայոց ցեղասպանության 90-ամյա տարելիցի կապակցությամբ Կիեւում տեղի ունեցավ հիշատակի մեծ միջոցառում, խոսեցին հայտնի քաղաքական գործիչներ, պատգամավորներ, մտավորականներ, մինչդեռ երկու տարի առաջ, երբ Երեւանումՙ Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ Գոլոդոմորին նվիրված միջոցառում, Հայաստանից որեւէ մեկը չմասնակցեց, չկար որեւէ քաղաքական գործիչ կամ մտավորական: Երկրների հարաբերություններում հարկավոր է միմյանց հետ խոսել, եթե ցավ կա` լսել: Հետեւաբար, մինչ այդ հարցն ուղղելը հարցրեքՙ իսկ մեր երկիրը ուրիշների խնդրի վերաբերյալ ի՞նչ է մտածում, որպեսզի երկխոսությունը ստացվի», եզրափակեց Ալեքսանդր Բոժկոն:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ