«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2010-03-03 | #38, 2010-03-04 | #39, 2010-03-05


ԽԻՍՏ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐ ԳԵՐԱՍԻՄ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ

Մինչ կառավարության երեկվա նիստի սկսվելը վարչապետ Տիգրան Սարգսյանը, դիմելով ներկաներին, անդրադարձել է գյուղատնտեսության նախարարությունում արձանագրված չարաշահման փաստին:

Վարչապետը շեշտեց, որ գյուղատնտեսության ոլորտում կառավարությունը պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկի, որոնք կապահովեն ոլորտի առնվազն 5 տոկոս տնտեսական աճ: «Սա նշանակում է, որ այն սուղ ֆինանսական միջոցները, որ մենք բյուջեից հատկացնում ենք գյուղատնտեսության զարգացմանը, պետք է առավել արդյունավետ օգտագործվեն»: Սակայն, ըստ Տիգրան Սարգսյանի, 2008-2009 թթ. գնումների վերաբերյալ Վերահսկիչ պալատի ուսումնասիրություններով արդյունքում բացահայտվել են լուրջ խախտումներ: «Բնականաբար, 2010-ին մենք պետք է բացառեինք այսպիսի իրողությունը: Բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավիճակը ոչ միայն չի շտկվել, այլեւ ավելի է վատացել», շարունակեց վարչապետը, տեղեկացնելով, որ վարչապետի վերահսկողական ծառայությունը, ստանալով Վերահսկիչ պալատի նախագահի ահազանգը, կատարել է մանրակրկիտ ուսումնասիրություն եւ պարզել, որ հիշյալ նախարարության ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը եւ Գեւորգ Թովմասյանը, որոնք պատասխանատու էին գնումները պատշաճ կազմակերպելու համար, չեն ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի այս իրավիճակը շտկվի: «Ավելին, մրցույթի պայմաններն այնպես են կազմված եղել, որ ի սկզբանե հայտնի էր, որ Հայաստանում կա միայն մեկ ընկերություն, որը կարող է հաղթել այդ մրցույթում: Իսկ գները բոլոր հաշվարկներով առնվազն 50 տոկոսով կարելի էր նվազեցնել», ասաց Տիգրան Սարգսյանը եւ ընդգծեց, որ եթե չլիներ վարչապետի վերահսկողական ծառայության միջամտությունը, ունենալու էինք լուրջ կորուստներ: Ելնելով այդ փաստից վարչապետը հանձնարարեց գյուղատնտեսության նախարարին միջնորդությամբ դիմել քաղաքացիական ծառայության խորհրդին` ծառայողական քննություն սկսելու վերը հիշատակված քաղաքացիական ծառայողների նկատմամբ` նրանց զբաղեցրած պաշտոններից ազատելու համար: Միեւնույն ժամանակ, նա, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար խիստ նկատողություն հայտարարեց գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4