Թուրքիայի պահվածքը 252-րդ բանաձեւի ընդունումից հետո իրարամերժ էր: Մեկ Գյուլն էր գնահատում, թե բանաձեւը հեռու է պատմական իրողություններից, նրա ընդունումը պատմական անարդարություն է, բացասական հետեւանքների պատասխանատվությունից էլ Անկարան հրաժարվում է (՞): Մեկ Էրդողանն էր կատակերգություն անվանում բանաձեւի ընդունումը: Մեկ Դավութօղլուն էր անհավասարակշիռ ասուլիս տալիս ու հույս հայտնում, որ նման անհեռանկար որոշում այլեւս չի կայացվի, դեռ ԱՄՆ-ում իրենց դեսպանին են հետ կանչում: Թուրքիայից եկող արձագանքների հակասական դինամիկան երեկ ժամ առ ժամ փոխվում էր, ամեն բան մատնացույց էր անում այն պարագան, որ Անկարան շփոթված է եւ խուճապի մեջ իր առաջին արձագանքներում այնքան էլ հստակ չի կողմնորոշվում: Հայաստանում, բնականաբար, առաջին քաղաքական արձագանքներն ուրախություն են պարունակում: Բայց դա չի նշանակում, որ հետեւանքների առումով սթափ վերլուծություններ անողների պակաս կա: Ուրախանալը ուրախանում ենք, բայց էյֆորիայի մեջ չենք, քանի որ հասկանալի է, բանաձեւը քաղաքական հաջողություն է հայերիս համար, բայց դա չի նշանակում, որ նրա հետագա ճակատագիրը դրական կլինի: Այսինքն` բանաձեւի հետագա անցնելիք ուղու համար ամենօրյա ջանք թափողները պետք է շարունակեն իրենց ջանքը, բացի այդ էլ` դեռեւս անհասկանալի է, թե առաջին շոկից ուշքի գալուց հետո ինչպե՞ս կպահի իրեն Թուրքիան` հայ-թուրքական արձանագրությունների առումով, որովհետեւ չի բացառվում, որ առաջին կոշտ արձագանքները մոտակա օրերին փոխվեն, քանի որ, ի վերջո, բանաձեը մահակ է հենց Թուրքիայի գլխին, ով ձգձգում էր արձանագրությունների վավերացումը:
Հայաստանի խորհրդարանական-քաղաքական շրջանակների արձագանքներն ուրախության ու հետագայի մտահոգությունների խառնուրդ էին: ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը բանաձեւի հետագա ճակատագրի մասին երեկ նկատեց, թե ոչ մի երաշխիք չկա, որ այն կմտնի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստերի օրակարգ, չնայած այս անգամ դրա հավանականությունը մեծ է: Եթե հանկարծ ու ընդգրկվի` պետք է քննարկվի մինչեւ 2011 թվականը, այդ ժամանակ է ավարտվում նստաշրջանը: Նա նկատել է, որ այս բանաձեւի արժեքը քաղաքական է, իսկ քաղաքական արժեքը որոշում են կողմերը: Նրա կուսակից, Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը հայ-թուրքական արձանագրությունների ֆոնին` բանաձեւի ընդունումն առաջին կարեւոր հաջողությունը համարեց: Նա բանաձեւի քննարկումը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անվանեց լոբբիների պատերազմ, որտեղ «դեմ» հնչած ելույթները վերլուծելով` հայկական կողմը պետք է փոփոխություններ կատարի իր հետագա մարտավարությունում եւ հայեցակարգված մոտեցում դրսեւորի, իսկ հայկական եւ թուրքական լոբբիների միջեւ, ըստ Ա. Ռուստամյանի, սարուձորի տարբերություն կա` մի կողմից Հայ դատի գրասենյակներն ու հայկական կազմակերպություններն են, մյուս կողմից` թուրքական պետությունը: Թուրքական կողմի կեցվածքն, ըստ Ռուստամյանի, պետք է սթափեցնող ազդեցություն ունենա Հայաստանի իշխանությունների վրա, քանի որ ամեն ինչից երեւում է, որ Թուրքիան չի հրաժարվելու այն ամենից, ինչ ուզում է ստանալ, հատկապես Ղարաբաղի հարցով: Իսկ ընդհանրապես` Ա. Ռուստամյանը չէր բացառում, որ բանաձեւի ընդունումը ԱՄՆ-ի ձեռքին կարող է ճնշման գործիք դառնալ Թուրքիայի վրա` հայ-թուրքական արձանագրությունների հարցում, քանի որ վավերացումը պետք է նաեւ ԱՄՆ-ին. «Եթե հայ-թուրքական գործընթացը պետք է ձախողվի այսպիսի քայլերով` թող օր առաջ ձախողվի, մենք «ոչի» կողմնակից քաղաքական ուժ ենք...», նկատեց Ռուստամյանը:
ՕԵԿ խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանը շատ ուրախ էր եւ շնորհավորեց հայ ժողովրդին` քաղաքական հաջողության համար. «Սա երրորդ փորձն է, ինձ թվում էՙ երրորդ փորձից մենք հաջողություն կունենանք»: Բանաձեւի քաղաքական հետեւանքների մասով էլ նկատեց, թե Թուրքիան պետք է հետեւություններ անի.«Նախ որ ուշ թե շուտ նա ճանաչելու է ցեղասպանությունը: Թուրքերի առաջին արձագանքներին ծանոթ եմ, իսկապես իրենք ճիշտ չեն գնահատել իրադրությունը, բայց սա նրանց համար եւս մեկ ահազանգ է, որ չպետք է կապել մեկ հարցը մյուս հարցի հետ. հայ-թուրքական հարաբերություննների հաստատումն անհրաժեշտ է ե՛ւ նրանց, ե՛ւ մեզ. մենք ենք նախաձեռնել` դա կարեւոր չէ, պետք է հասցնել ավարտին եւ հաստատել հարաբերություններ երկու երկրների միջեւ, սա մեկ հարց է, ցեղասպանությունը մեկ այլ հարց է», ասաց` գնահատելով. «Սա արդարության վերականգնում էր, որը ուշ, թե շուտ լինելու էր: Թուրքիայի քաղաքականությունը բոլորս գիտենք` սկզբում կաղմկեն, բայց հետո կհասկանան, որ հետ կանգնելն ավելի է վնասելու իրենց , իրենք փորձելու են արձանագրությունները վավերացնել, որպեսզի լիագումար նիստին դնելու հարցը հետաձգեն: Եթե չվավերացնեն` հարցը կհայտնվի լիագումար նիստում»:
ԲՀԿ-ական, ԱԺ եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը շատ կարեւոր համարեց երեկ ընդունված բանաձեւը ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման, այլեւ ընդհանրապես մարդկության դեմ գործված ոճրագործությունների, ցեղասպանությունների եւ հայրենազրկման կանխարգելման առումով. «Իսկապես շատ կարեւոր քայլ եմ համարում` հանձնաժողովականներից նույնիսկ նրանք, որոնք դեմ էին քվեարկում` եւս չէին ժխտում, որ ցեղասպանություն հայերի հանդեպ եղել է»: Բանաձեւի հետզարգացումների առումով Ն . Զոհրաբյանը նկատեց, թե Թուրքիայի վարքագծին հետեւել է. «Այն, ինչ անում է Թուրքիան (վարչապետի, արտգործնախարարի հայտարարություններ), տեղավորվում է թուրքական դիվանագիտության հայտնի մեխանիզմների մեջ. վերջին շրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը խափանումներ է տալիս` ոչ հաշվարկված եւ ոչ ճշգրիտ քայլեր ու արտահայտություններ են թույլ տրվում, ինչի արդյունքում Թուրքիայի առաջին դեմքերը մեկ անգամ չէ, որ հայտնվել են ոչ նպաստավոր իրավիճակներում, նրանց այժմյան ոչ համարժեք պահվածքն էլ խուճապի դրսեւորում է: Հիլարի Քլինթոնի հայտարարությունը կա , թե իրենք (ԱՄՆ-ի ղեկավար շրջանակները) նպատակահարմար չեն գտնում օրենի ուժ տալ բանաձեւին, իսկ Հայաստանի դիրքորոշումն էլ պետք է լինի մեկը` սպասենք իրադարձությունների զարգացմանը: Բանաձեւի ընդունումը նաեւ մեկ առումով էլ եմ կարեւորում, որ ի վերջո ի դերեւ ելան այն խոսակցությունները, թե Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կդանդաղի` արձանագրությունների վավերացման հետ կապված»:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ. Երեկ ՀՀԿ-ի առանցքային դեմքերը մեկնել էին Եռաբլուր` Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն այնտեղ նշելու: Նրանց եւ այլոց կարծիքներ` ապագայում, երեւում է դեռ երկար կխոսվի բանաձեւի մասին: