«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2010-03-04 | #39, 2010-03-05 | #40, 2010-03-06


ՈՐՔԱՆ ԳՈՒՄԱՐ Է ԿՈՐՑՐԵԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Դարձյալ գյուղնախարարի նկատողության եւ դաբաղի պատվաստանյութի մասին

Գյուղատնտեսության նախարարին վարչապետ Տիգրան Սարգսյանի խիստ նկատողություն հայտնելու պատճառների մասին հավելյալ տեղեկատվություն է տեղադրվել կառավարության պաշտոնական կայքէջում: Դա Հայաստանում հակադաբաղային պատվաստանյութերի ձեռքբերման առնչությամբ վարչապետի վերահսկողական ծառայության իրականացրած ուսումնասիրությունների վերաբերյալ հրապարակված տեղեկանքն է: Այդ տեղեկանքում, մասնավորապես, նշված է, որ 2008-2009 թվականներին հակադաբաղային պատվաստանյութի ձեռքբերման պետական գնումների մրցույթում հաղթող ճանաչված «Բիո ունիվերսալ» ընկերությունն այդ պատվաստանյութը ձեռք է բերել համապատասխանաբար 1 դոզան 143 եւ 168 դրամով, երբ ինքնարժեքը կազմել է 183 դրամ, իսկ գյուղատնտեսության նախարարությանը վաճառել է 290 դրամով: Այսինքնՙ ձեռքբերման գնից կրկնակի թանկ: Նույնը կրկնվել է նաեւ 2010-ին: Նույն կազմակերպությունն այս անգամ պատվաստանյութը ձեռք է բերել 170 դրամով, իսկ մրցույթի փաստաթղթերում ինքարժեքը հաշվարկվել է 325 դրամով: Այսինքնՙ դարձյալ գյուղնախարարությանն այն վաճառվել է գրեթե կրկնակի թանկ գնով: Վարչապետի վերահսկողական ծառայության եզրակացությամբ, մատակարար կազմակերպության կողմից լիազոր մարմնին, այսինքնՙ գյուղնախարարությանը վաճառած պատվաստանյութի գինը հիմնավորված չէ եւ վերանայման կարիք ունի:

Մեջբերելով Վերահսկիչ պալատի հաշվարկները, վարչապետի վերահսկողության ծառայությունը տեղեկացնում է, թե որքան գումար կխնայվեր, եթե պատվաստանյութը ձեռք բերվեր միջազգային գներովՙ 1 դոզայի համար 0,35 դոլարով: Ըստ տեղեկանքի, այդ դեպքում 2008-ին կտնտեսվեր 1 մլն 121 հազար դոլար, 2009-ինՙ 827 հազար դոլար: Երեւի թե դժվար չէ ենթադրել, թե պետության համար կորսված գումարը ո՞ւմ գրպանն է մտել եւ նման դեպքերում ո՞ւմ եւ ի՞նչ պատիժ պետք է սահմանվեր:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4