Երեւանյան կրկեսի արենան պատրաստ է ընդունելու հանդիսատեսին: Լեոնիդ Ենգիբարյանի մեծադիր նկարը զարդարում է արենայի մուտքը, իսկ կրկեսի նորՙ «Ժպտացեք մարդիկ» ծրագիրը նվիրված է Ենգիբարյանի ծննդյան 75-ամյակին: Մարտի 7-ին տեղի կունենա կրկեսի գարնանային խաղաշրջանի բացումը: «Ժպտացեք մարդիկ» ծրագիրը կներկայացվի յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի: Կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը պատմում է, որ ծրագիրն առանձնակի պատասխանատվությամբ են պատրաստել: Փիլիսոփա ծաղրածուին նվիրված միջոցառումները նոր ծրագրի ներկայացմամբ չեն ավարտվելու: Լուսանկարների ցուցահանդես է լինելու, իսկ կրկեսի շքամուտքին արդեն կախված է Ենգիբարյանի նկարներից կազմված աֆիշը: «Ողջ տարին Ենգիբարյանին է նվիրված լինելու: Խաղաշրջանի փակումը մայիսին կլինի: Այդ առթիվ այժմ փորձում ենք Հայաստան հրավիրել Մոսկվայի եւ Եկատերինբուրգի կրկեսների ղեկավարներին», ասաց Սոս Պետրոսյանը:
Եվ թեպետ կրկեսում արդեն գործում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան դպրոց-ստուդիան, տնօրեն Սոս Պետրոսյանը նախատեսում է երեւանյան կրկեսն անվանակոչել ծաղրածուի անվամբ: «Առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում, երբ կավարտենք կրկեսի վերանորոգման հիմնական աշխատանքները, կրկեսը կկոչենք Լեոնիդ Ենգիբարյանի անվամբ», ասաց Սոս Պետրոսյանը:
Մայիսին` գարնանային խաղաշրջանի եզրափակիչ ներկայացումից հետո, կրկեսն ամառվա ընթացքում հանդիսատեսին կընդունի միայն կիրակի օրերին: «Ամռանը հանդիսատեսի մեծ հոսք չենք ունենում, այդ պատճառով ներկայացումները կխաղանք միայն մեկ օր», նկատեց կրկեսի գեղարվեստական ղեկավարը: Կրկեսի հանդիսատեսը հիմնականում մարզերի դպրոցականներն են, նախորդ տարի սակայն նրանց թիվը նվազեց: Պատճառը, Սոս Պետրոսյանի կարծիքով, ֆինանսների սղությունն է: Տոմսի արժեքը 1000 դրամ է: Եթե նախորդ տարիներին կրկեսը կարողացավ Երեւան հյուրախաղերի հրավիրել չինական եւ ռուսական կրկեսների, ապա այս տարի երեւանյան արենայի միակ հյուրը Մոսկվայից հրավիրված ծաղրածու «Գոշան է»: «Նա համաձայնեց հյուրախաղերի գալ սիմվոլիկ գումարով, հակառակ դեպքում չէինք կարողանա հրավիրել», պատմում է Սոս Պետրոսյանը:
2003 թվականից Սոս Պետրոսյանը պետական կրկեսի տնօրենն է, 2006-ից այն վերանվանում է «Երեւանյան կրկես» մշակութային կենտրոնի, որի գեղարվեստական ղեկավարն է նաեւ: Այս տարիների հիմնական հաջողությունը համարում է սեփական կենդանական աշխարհի ստեղծումը: Կրկեսն ունի սեփական կենդանիները: «Սովորաբար յուրաքանչյուր դերասան ունի իր կենդանին, սակայն մենք որոշեցինք ունենալ մեր սեփականը, ինչը դյուրացնում է համարների բեմադրումը», ասաց նա: Կրկեսի դերասանական կազմի մեծամասնությունը հայ դերասաններ են: Կադրային խնդիրը լուծվում է դպրոց-ստուդիայի սաների շնորհիվ:
Սոս Պետրոսյանը պատմում է, որ ստուդիա գալիս են սովորելուՙ Ենգիբարյանի արվեստով ոգեշնչված եւ հմայված: «Այն հարցին, թե ինչ են ուզում դառնալ, երեխաները միշտ պատասխանում ենՙ Ենգիբարյան», ասաց Սոս Պետրոսյանը:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ