«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2010-03-05 | #40, 2010-03-06 | #41, 2010-03-10


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ՃՈՊԱՆՈՒՂԻ ՈՒՆԵՆԱԼՈՒՆ ԱՄԻՍՆԵՐ ԵՆ ՄՆԱՑԵԼ

Ի՞նչ է նախատեսվում «Տաթեւի վերածնունդ» ծրագրով

Վերջերս, ընդունելով եգիպտական «ԱՐՏՈԿ գրուպ» ներդրումային ընկերության պատվիրակությանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը հրավիրեց նրանց հոկտեմբեր ամսին այցելելու Հայաստան եւ մասնակցելու Տաթեւի ճոպանուղու` աշխարհի ամենաերկար ճոպանուղու բացմանը: Փաստորեն, սա նշանակում է, որ արդեն այս տարի ականատես կլինենք հայ միջնադարյան ճարտարապետության ամենահայտնի հուշարձաններից մեկիՙ Տաթեւի վանական համալիրի վերականգնմանն ու աշխարհի զբոսաշրջիկներին ներկայացնելուն:

Հիշեցնենք, որ Տաթեւի վանական համալիրն ամբողջացնող Պողոս-Պետրոս մայր տաճարը կառուցվել է 906 թվականին, Սբ Աստվածածին դամբարան-եկեղեցինՙ 1067-ին, Սբ Գրիգոր եկեղեցինՙ 1295-ին: 1390-1435 թթ. Տաթեւի վանքում գործել են Տաթեւի նշանավոր համալսարանը եւ մանրանկարչության ու գրչության դպրոցը: Վանքն ունեցել է մատենադարան, որտեղ պահվել են 10 հազարից ավելի ձեռագիր մատյաններ: Սակայն, Հայաստանի այլ հուշարձանների նման, Տաթեւի համալիրը նույնպես ժամանակի ընթացքում քայքայվել եւ հայտնվել է ծանր վիճակում:

Տաթեւի համալիրի վերականգնման պատրաստակամությամբ հանդես եկան «Ռուբեն եւ Վերոնիկա Վարդանյաններ եւ ընկերներ» հիմնադրամը եւ ARGA հիմնադրամը: «Տաթեւի վերածնունդ» կոչվող ծրագրի մշակումը եւ մինչեւ 2012-ը նախատեսվող աշխատանքների համակարգումն ու վերահսկումն իրականացրեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանի համոզմամբ, Տաթեւի վանքը Հայաստանի ամենատեսարժան վայրերից է, որը կարող է գրավել բազմաթիվ զբոսաշրջիկների: Ի տարբերություն մայրաքաղաքին մոտ գտնվող պատմամշակութային կոթողների, որքան էլ զբոսաշրջիկները ձգտեն այցելել Տաթեւի համալիրը, ճանապարհի հեռավորությունն ու անհարմարություններն այդ հնարավորությունը չեն տալիս: Այդ պատճառով էլ որոշվեց իրականացնել Տաթեւի վանքի համալիրի վերականգման հեռանկարային ծրագիրը:

Ծարգրի նպատակն է Տաթեւի վանքը դարձնել պատմական տեսարժան վայրերի կենտրոն` զարգացնելով զբոսաշրջությունը Հայաստանի հարավային շրջաններում, վերականգնել Տաթեւի միջնադարյան համբավը որպես գիտակրթական կենտրոնի, ապահովել կապը Սյունիքի մարզի հեռավոր համայնքների հետ, օժանդակել տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաեւ տեղի բնակչության համար ստեղծել աշխատատեղեր: Տաթեւի վանք ազատ մուտք գործելու համար նախատեսվում է ստեղծել ենթակառույցՙ վերեւում հիշատակված Որոտանի կիրճով անցկացնել ճոպանուղին: Այն սկիզբ կառնի վանքին մոտակա Հալիձոր գյուղից եւ կլինի աշխարհի ամենաերկար ճոպանուղինՙ 5,7 կմ: Շինարարության համար կներդրվի 6,8 մլն եվրո, որը ծրագրի ընդհանուր գումարի մոտ կեսն է: Ճոպանուղին հնարավորություն կտա կրճատելու համալիր հասնելու ժամանակահատվածը, ճամփորդության համար կապահովի նաեւ հարմարավետություն: Ճոպանուղու սկզբնամասում կկառուցվի հյուրանոցային համալիր:

«Տաթեւի վերածնունդ» ծրագրի նախնական արժեքը 20 մլն դոլար է: Այս ծրագիրն իրագործվում է մասնավոր եւ պետական համագործակցության սկզբունքով, որտեղ Հայաստանի կառավարությունը ստանձնել է ծրագրի աշխատանքների կատարման իր մասը: Կառավարության որոշմամբ «Տաթեւ» վանական համալիրը եւ հարակից Սյունիքի մարզի Խոտ, Շինուհայր, Տաթեւ, Սվարանց, Տանձատափ, Աղվանի եւ Բարձրավան համայնքները համարվելու են զբոսաշրջության կենտրոն` «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոն անունով:

Ինչպես նշեց Բեկոր Փափազյանը, ծրագրի նպատակն է վերոհիշյալ գյուղերում բացահայտել եւ ստեղծել զբոսաշրջային նոր արտադրանք, որը մեծ թվով զբոսաշրջիկների կներգրավի Տաթեւ, իսկ բնակիչների համար կստեղծվեն զբաղվածության հնարավորություններ: Ճոպանուղու առկայությունն ու հուսալիությունը կհեշտացնեն զբոսաշրջիկների եւ բնակիչների տեղաշարժը: Ըստ Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրենի, վանքի համալիրի վերանորոգումն ու ճոպանուղու կառուցումը հետաքրքրություն են ներկայացնում մարկետինգի, նոր զբոսաշրջային ապրանքի եւ ենթակառուցվածքային խնդիրների լուծման առումով: Նա նաեւ հավաստիացրեց, որ շինարարական աշխատանքները եւ մասնավորապես ճոպանուղու կառուցումը բնապահպանական խնդիրներ չեն առաջացնի: Հաշվի են առնված էլեկտրալարերի տեղափոխման խնդիրները, ծառահատումներ չեն լինի:

«Ճոպանուղին էկոլոգիապես անվնաս, հարմարավետ եւ արագաշարժ տրանսպորտային միջոց է: Շրջակայքի բնակիչները դրանում կհամոզվեն: Ճոպանուղու առկայությունը բացասաբար չի անդրադառնա շրջակա միջավայրի վրա: Այն քիչ տարածք է զբաղեցնում, ընդամենը 20 քմ մակերեսով մի քանի սյուներ կապահովեն ճոպանուղու անխափան աշխատանքը: Ճոպանուղու անվտանգությունը երաշխավորված է, քանի որ համագործակցում ենք անվտանգության միջազգային վերջին եւ ամենախիստ պահանջներն ապահովող շվեյցարական «Գարավենտա» ընկերության հետ», ընդգծեց Բեկոր Փափազյանը:

Մնում է սպասել եւս մի քանի ամիս եւ հուսալ, որ այս ծրագիրը կնպաստի Հայաստանի հարավային տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը, ինչի բարենպաստ ազդեցությունն անմիջականորեն կզգան հատկապես տեղի բնակիչները:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4