ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Կալիֆոռնիա կուրիեր» շաբաթաթերթի խմբագիր Հարութ Սասունյանը, անդրադարձ անելով թիվ 252 բանաձեւի հետագա ճակատագրին, ասում է, թե ամերիկահայերը չպետք է թույլ տան, որ նախագահ Օբաման եւ պետքարտուղար Քլինթոնն իրենց կամքը թելադրեն Կոնգրեսին բանաձեւի հարցում. ամերիկահայերն իրենց ընտրատարածքների ներկայացուցիչներին պետք է հասկացնեն, թե բանաձեւին չաջակցելու դեպքում նոյեմբերին կզրկվեն հայ ընտրողների քվեներից: Ըստ խմբագրի` բանաձեւի ճակատագիրն ամերիկահայերի ձեռքում է, եւ կոնգրեսականների մեջ բավարար աջակցության դեպքում` բանաձեը կդրվի լիագումար նիստի օրակարգում: (Հ. Սասունյանի հոդվածը կարող եք կարդալ 5-րդ էջում):
Ընդհանրապես` հիմա տարբեր ձեւաչափերով շատ են խոսում, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը նախ ամերիկյան շահեր էր հետապնդում, քանի որ Թուրքիայի վրա ազդելու իրական լծակների վերջին շրջանում ԱՄՆ-ը կարծես այնքան էլ չի տիրապետում: Իսկ տիկին Քլինթոնի ասած այն խոսքը, թե Օբամայի եւ իր մոտեցումները փոխվել են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, քանի որ հայ-թուրքական արձանագրությունների համաձայն` անցյալի դեպքերի ուսումնասիրման համար պատմաբանների հանձնաժողով է ստեղծվելու, առաջացրել է վերլուծաբանների շփոթմունքը բանաձեւի ընդունման պլյուսներն ու մինուսները դիտարկելիս: Այնպես որ` ամերիկահայերը եւ նրանց լոբբիստական կազմակերպությունները երեւի ավելի լավ գիտեն իրենց երկրի ղեկավարներին, նրանց ասած յուրաքանչյուր խոսքի տակնուվրան, եւ կարելի է այս բոլորից եզրակացնել, որ բանաձեւն ընդամենն այն քայլն էր, որով ամերիկյան վարչակարգը մի քանի նապաստակ միաժամանակ բռնեց` նախ թուրքերի հետ հարկադրանքի ճանապարհով աշխատելու գործիք ունեցավ, միաժամանակ` Օբաման հազիվ թե ապրիլի 24-ին արտասանի «Հայերի ցեղասպանություն» արտահայտությունը, էլ չասած, որ աշնանը, Կոնգրեսի ընտրություններին ընդառաջ, այս բանաձեւն ու նրա հետագա ընթացքը կարող են լայնորեն օգտագործվել ամերիկահայ ընտրողների վրա ազդելու տեսանկյունից: Հիմա ավելի քան բարդանում է մեր պետության պաշտոնական շրջանակների պահվածքը, քանի որ դիվանագիտական հմտությունների բարձր որակ մեզ պետք է լինելու հիմա առավել, քան երբեւէ. ասենք` չենք վավերացնում արձանագրությունները, քանի որ Թուրքիան շարունակում է տարբեր «հաթաթաները» եւ ձգձգում վավերացումն այնպես, որ առաջինը մենք բարկանանք ու ընդհատենք գործընթացը. սա վտանգ ունի այնքան, որ կարող է շուռ գալ մեր դեմ, թե ի սկզբանե չենք ուզեցել արձանագրությունները վավերացնել:
Վավերացնենք` էլի Թուրքիայի պահվածքն անկանխատեսելի է, կասիՙ բանաձեւը չլիներ, կվավերացնեինք, հիմա մենք չենք վավերացնում, Հայաստանն էլ կմնա մերժվածի կարգավիճակում: Իսկ Սերժ Սարգսյանը ստորագրեց այն օրինագիծը, որը հրապարակումից հետո թույլ է տալու ուզած պահին դուրս գալ արձանագրություններից, սա եւս արգումենտ է` նայած որ կողմից է հնչում բացատրությունը: Թիվ 252 բանաձեւի առիթով, իմիջիայլոց, իրեն ծանր պահեց խորհրդարանական մեծամասնություն ՀՀԿ-ն, որի ղեկավարներից շատերը զերծ մնացին գնահատականներից եւ, կարելի է ասել, շատ չերեւակվեցին բանաձեւի առիթով: Սա էլ մասամբ կարելի է հասկանալ, քանի որ ՀՅԴ-ն, որ այդքան աչքն ի տես էր` գոնե ֆորմալ բացատրությամբ ընդդիմություն է, կարո՛ղ է եւ պե՛տք է այդպես վարվի, իսկ պաշտոնական դիվանագիտությունը, որ երկրի նախագահն է իրականացնում, մի փոքր այլ` զգուշավոր է, նրան սատարող ուժն իսկապես էլ պետք է զգույշ լինի եւ հետագայում մանեւրելու հնարավորություն ունենա:
Մի խոսքով` հայ-թուրքական մասով դեռեւս շա~տ անհասկանալի վիճակ է, մենք կասեինք` անկանխատեսելի: Արդյոք կաշխատե՞ն այն լծակները, որ ԱՄՆ-ը ձեռք բերեց Թուրքիայի նկատմամբ թիվ 252 բանաձեւով, թե՞ դա էլ տվյալ փոքրիկ ժամանակի մեջ մի փոքրիկ միջոցառում էր` հանգրվանային մանր հարցեր լուծող, ինչն, ի դեպ, պարզ կլինի արդեն շատ մոտիկ ժամանակի մեջ` ապրիլին. նախ Օբամայի ամենամյա ապրիլքսանչորսյան ելույթը կա, մեկ, եւ երկրորդ, Թուրքիայի պահվածքը մինչ այդ հավանական է, որ կտրուկ զիգզագներ ունենա, մանավանդ եթե նա շարունակի իր քիթխոթոցին ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ: Իսկ որ այդպիսի ասիմետրիկ շարժումներ Թուրքիան անում է` իր ղեկավարների զանազան հայտարարություններով ու նաեւ` առաջին հայացքից չերեւացող գործողություններով, սա ակնհայտ է: Արդյոք Թուրքիան շարունակո՞ւմ է համառորեն հավակնել ղարաբաղյան հարցում միջնորդ դառնալ` այդպիսի հավակնությունն անգամ վտանգներ ունի իր մեջ մեզ համար:
Ամիսուկես առաջ փաստերի համադրումից հետո մենք եզրակացրել էինք, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջը զարգացումներն ակտիվանում եւ արագանում են: Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ, այո, որոշ արագացում կա: ԵԱՀԿ ԽՎ Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի այն հայտարարությունը, թե եկել է հակամարտության կարգավորման ժամանակը, պիտի որ պատահական չլինի, եւ այն պետք է դիտել արագացման համատեքստում, չնայած անհասկանալի է մնում, թե ի՞նչ ազդակներ են սնում այդպիսի հայտարարությունները: Եթե միջազգային հանրության միավորների ներկայացուցիչները հայտարարում են հակառակը, բայց, այնուամենայնիվ, ԼՂՀ խնդրի հանգուցալուծումը կապակցում են հայ-թուրքական հարաբերություններին, իսկ առավել ստույգ` Թուրքիայի եւ Հայաստանի կողմից արձանագրությունները խորհրդարաններում վավերացնելուն, այդ դեպքում դրանից հետո միջնորդների եւ այլոց ձեռքերը կազատվեն արգելանքից, եւ նրանք հանգիստ կարող են իրենց մադրիդյան սկզբունքները դեմ տալ: Մինչդեռ 252-րդ բանաձեը, գոնե արտաքին երեւույթով, եւ գոնե առժամանակ, տորպեդահարեց այդ մոտեցումը: Արդյոք Մոսկվայում Նալբանդյան-Լավրով հանդիպման ընթացքում ԼՂ հարցի հետ կապված քննարկո՞ւմ է եղել, ենթադրությունների մակարդակով` այո: Արդյոք Սարկոզի-Սարգսյան հանդիպման ընթացքում ԼՂ հարցի հրամայականնե՞րն են շուռումուռ տրվել. անպայման` Ֆրանսիան նույնպես համանախագահ երկիր է, իսկ մանրամասները կիմանանք օտարերկրյա լրատվամիջոցներից (ինչ արած), որոնց նախագահ Սարգսյանն անպայման հարցազրույց կտա: Թարմ նրբաշերտ` խնդրի ուղղությամբ հայկական իրականությունից. ի հակադրության ՀԱԿ-ի` ԼՂ հարցի արագ հանգուցալուծումը երեկ ռեալ չէր համարում Ստեփան Դեմիրճյանը, չնայած մտահոգվելու պատճառ գտել էր, թե ժամանակին բանակցային գործընթացից ԼՂՀ-ին դուրս մղելը սխալ էր, ճնշումներն էլ գնալով կուժեղանան:
Իսկ որ Թոմաս դը Վաալն ասում էր, թե ստատուս քվոյի պահպանման վիճակը Ադրբեջանը երկար չի հանդուրժի, հիմարություն է, որովհետեւ ստատուս քվոն փոխելու ցանկությունը քիչ է, դրա համար պետք է համադրելի լինեն ուժը, հանգամանքներն ու պատեհությունները, իսկ այդպիսի համադրելիություն փաստորեն այսօր չկա ո՛չ Ադրբեջանի ու Թուրքիայի ուղղությամբ, ո՛չ էլ միջազգային հանրության, երկիմաստ իրավիճակ է. թիվ 252 բանաձեւի ընդունումը մեր տարածաշրջանում ժամանակավոր դադարի մի փոքրիկ պատուհան է բացել, երբ կողմերը վերածրագրում են իրենց հետագա վարվելակերպի մանրաքայլերը: Այնպես որ շունչը հետ բերելու եւ վերստին դիվանագիտական քայլերը վերահաշվարկելու հնարավորություն նաեւ Հայաստանն է ստացել: