Այս բոլորը` ՆԱՏՕ-ի սեմինարում
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ շարունակվող ՆԱՏՕ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարի քննարկումներից ակնհայտ դարձավ, որ ոչ ԼՂ կարգավորման, ոչ հայ-թուրքական հարաբերությունների հարցում տեսակետները մազաչափ անգամ չեն մոտեցել, եթե չասենք, ընդհակառակը, արագություն հավաքելով հեռանում են: Համենայն դեպս, այդպիսին էր տպավորությունը Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան, ադրբեջանցի Թաբիբ Հուսեյնովի , նույն խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի եւ Թուրքիայի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության արտաքին հարաբերությունների փոխնախագահ եւ թուրք ամերիկյան բարեկամության խմբի ղեկավար Սունաթ Քնըքլըօղլուի ելույթներից հետո:
Բայց նախ պատմենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի ելույթի մասին, ով կողմնակից է Լեռնային Ղարաբաղին բանակցություններին մասնակից դարձնելուն, չնայած պարզվեց, որ Լեռնային Ղարաբաղ ասելով նա նկատի ունի ոչ թե ԼՂՀ-ն, այլ այնտեղի բնակչությանը, այդ թվում` մինչեւ հակամարտությունն այստեղ ապրող ադրբեջանցիներին, ովքեր պետք է վերադառնան իրենց նախկին բնակավայրը: Բացատրելով ԼՂ-ի դուրս մնալը բանակցային գործընթացից, Ֆասիեն դա կապեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ով ցանկություն էր հայտնել բանակցություններում ներկայացնելու եւ Հայաստանը, եւ Լեռնային Ղարաբաղը: Պատասխանելով բազմիցս արծարծված այն հարցին, թե Կոսովոյի անկախության ճանաչման նախադեպը կարելի՞ է Ղարաբաղի դեպքում կիրառել, ֆրանսիացի համանախագահը երկու հակամարտություններում իրավիճակները բացարձակապես համատեղելի չհամարեց` Կոսովոն մեկ երկրի դեմ էր պայքարում նրա ներսում, ԼՂ-ն Ադրբեջանի դեմ է, բայց երկու երկրների միջեւ է, Կոսովոյում տեւաբար միջազգային ուժեր են եղել, իսկ Հայաստանում, Ադրբեջանում եւ ԼՂ-ում այդպիսիք չեն եղել, եւ վերջապես ԼՂ-ն ոչ ոք չի ճանաչել, անգամ Հայաստանը:
Ճիշտ է, սակայն, որ Կոսովոյի անկախությունը ճանաչելու փաստից հետո Ադրբեջանը զգուշացավ` անընդհատ առաջարկելով խնդիրը լուծել տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Տարիներով փորձելով ԼՂ հիմնախնդրի լուծումները գտնել Մինսկի խմբի շրջանակում` նախ քննարկվել է Ադրբեջանի ենթակայության տակ լայն ինքնավարությունը, հետո Ադրբեջանի կազմից դուրս, բայց Ադրբեջանի համար ընդունելի տարբերակ, սակայն սրանց անընդունելիությունը պատճառ դարձավ 2007-ին ստեղծել մադրիդյան սկզբունքները, որտեղ առկա են տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման եւ ուժի չկիրառման սկզբունքները: Ղարաբաղն ըստ դրանց պետք է ունենա միջանկյալ կարգավիճակ (անվտանգության երաշխիք), փախստականները պետք է վերադառնան նախկին բնակավայրեր, պետք է տեղակայվեն միջազգային խաղարարներ, իսկ ԼՂ կարգավիճակի վերաբերյալ էլ հանրաքվե է անցկացվելու: Այսինքն` Ֆասիեն կրկնեց այն, ինչ հայտնի էր, գուցե ԼՂ-ն բանակցությունների սեղան վերադարձնելու վերաբերյալ մի քիչ ծավալվեց:
Թաբիբ Հուսեյնովի կարծիքովՙ Թուրքիան սահմանը կբացի միայն ԼՂ հարցում առաջընթաց լինելուց հետո, քանի որ չի պատրաստվում իր հարաբերությունները վատացնել Ադրբեջանի հետ Հայաստանի համար: Իսկ ԼՂ հարցի լուծման համար միջազգային պայմաններն հիմա աննախադեպ են, ըստ նրա, մինչդեռ Հայաստանի եւ Ադրբեջանի ներքին զարգացումները դեռ խոչընդոտում են լուծմանը, երկու երկրների էլիտաները վախերն ու մտահոգությունները օգտագործում են իրենց դիրքերն ամրապնդելու համար: Եվ ներկայացրեց ադրբեջանական կողմի համար ընդունելի տարբերակը. ցանկացած որոշում, որը թույլ չի տա ԼՂՀ անկախության ընդունումը, ընդունելի կլինի Ադրբեջանի համար: Հուսեյնովն ասում էր, թե Ադրբեջանը որոշակի վերապահումներով ընդունել է մադրիդյան սկզբունքները, հիմա հերթը Հայաստանինն է: Իսկ ղարաբաղցիների մասնակցությունը բանակցություններին «հակաճգնաժամային» ադրբեջանցին պատկերացնում էր հնարավորինս ներառական` ԼՂՀ-ի հայերն ու ադրբեջանցիները պետք է մասնակցեն համոզման գործընթացին: Կարեն Ավագյանի հարցին, թե Թուրքիան երբ ձգտել է արձանագրություններին` նախապայմաններ չի տեսել, ինչո՞ւ է հիմա նախապայման դնում (ԼՂ հարցում առաջընթաց), Հուսեյնովը պատասխանեց, թե Թուրքիան շարժվում է «0 պրոբլեմ հարեւանների հետ» սկզբունքով եւ չի ուզենա մեկի հետ բարելավել հարաբերությունները` մյուսի հետ վատացնելով: Լարիսա Ալավերդյանի հիշեցումը, թե սովետական տարածքի վրա ԼՂՀ-ն ինքնորոշման իրավունք է իրականացրել, իսկ Ադրբեջանը արդեն իրականացված ինքնորոշման իրավունքն է ոտնահարում, Հուսեյնովն անվանեց էմոցիաներ, իսկ Գագիկ Մինասյանի այն հարցին, թե Ադրբեջանը, եթե սպառնալիքներ է տեղում, պետք է դադարեցնի բանակցությունները` չի կարելի համ բանակցել, համ պատերազմով սպառնալ, սրան Հուսեյնովը համաձայնեց:
Սաբինա Ֆրեյզերը ԼՂ կարգավորման բանակցային գործընթացն անվանեց մոխրագույն, իսկ հայ-թուրքական հարաբերությունները, համեմատելով ԼՂ հարցի հետ, առավել պարզ: Ի՞նչ են շահում թուրքական եւ հայկական կողմերը արձանագրությունների վավերացումիցՙ ըստ Ֆրեյզերի. Թուրքիան արձանագրություններով սահմանի ճանաչում եւ իր տարածքների նկատմամբ ոտնձգության վերացում է ստանում նախ (սա փաստորեն ոչ միայն թուրքերը չեն թաքցնում, այլեւ ֆրեյզերները) եւ հուսով էՙ Ցեղասպանության ճանաչման ջանքերն այդպիսով կնսեմանան, համենայն դեպս` թուրքերն են այդպես մտածում նրա կարծիքով, բացի այդ` Թուրքիայի արտաքին քաղաքականությունն էլ հաջողություն կարձանագրի: Հայկական կողմը կստանա սահմանի բացում, հայ-թուրքական պատմաբանների աշխատանքի հետաձգում (՞), եւ Հայաստանի արտաքին քաղաքականությունն էլ հաջողություն կգրանցեր` Երեւանից ցույց տալով սփյուռքին, որ ինքը անկախ ուժ է, կարող է իր անկախ արտաքին քաղաքականությունը ձեւավորել մի փոքր տարբեր Սփյուռքի շահերից: Երկուսն էլ կարող էին շահած դուրս գալ: Բայց երկու երկրներում էլ մարդիկ կան, հատկապես ընդդիմադիրները, որոնք շեշտը դնում են բացասական կողմերի վրա, ըստ հակաճգնաժամային տիկնոջ: Ֆրեյզերը նաեւ խոսեց այն մասին, որ ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Թուրքիայում արձանագրությունները ԼՂ հարցի հետ կապողներ կան. սկզբում Թուրքիան այդպես չէր կարծում, բայց Ադրբեջանն աշխատեց նրա հետ, դեր խաղացին նաեւ էներգետիկ պայմանագրերը, այնպես որ ջրերն ավելի են պղտորվել Հայաստանի ՍԴ որոշումից հետո: Նա ամփոփեց , թե արձանագրությունների մասով առաջընթաց չկա, սակայն ժողովրդի շարժը Թուրքիա եւ Հայաստան կա, ինչն ի վերջո կբերեն երկկողմ փաստաթղթերի:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նույնպես համամիտ էր, որ արձանագրությունների ճակատագիրն անհայտ է այս պահին: 2 գործոն ազդում է դրա վրա` որ Թուրքիան 1993-ին փակել է հայ-թուրքական սահմանը եւ 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստը: Մինչդեռ ձգձգումը երկու կողմում էլ կարող է անվստահություն առաջացնել, Հայաստանում կարող է սրվել պատմական հարցերի կարեւորությունը, իսկ հարաբերությունների հաստատման հետաձգումն առավել վատ վիճակի կարող է բերել երկու երկրների հարաբերությունը, քան մինչեւ ֆուտբոլային դիվանագիտության սկիզբն էր: Ճշմարտության պահը, ինչես սեմինարի վարողը հայտնեց, Հայաստանի կառավարության ներկայացուցիչ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը բացեց: Նա բացատրում էր, որ ՍԴ-ն ընդամենը որոշել է, որ արձանագրությունները չեն հակասում սահմանադրությանը, որոշման մեջ նախապայմաններ չկան, եւ չնայած դժվարություններին` հայկական կողմը չի մտածում, որ իր ջանքերը դատապարտված են, որ չի կարելի հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ու ղարաբաղյան հակամարտությունը կապել, դրանք տարբեր տեմպերով են ընթանում, որ լարվածությունները տարբեր պատճառներ ունեն, այնպես որ միամտություն է այդ խնդիրների համաժամանակյա փաթեթային լուծումն ակնկալել: Թուրքիան, սակայն, դժբախտաբար փորձում է արագացնել ԼՂ կարգավորման հարցն ըստ փոխարտգործնախարարի` կողմնակալորեն Ադրբեջանի կողմը պահելով: Նա հույս հայտնեց, որ թուրքական կողմն անկեղծ է` հանդեպ գործընթացը եւ հավատում է հաջողությանը, ինչպես Հայաստանը:
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը ներկայացնող Սունաթ Քնըքլըօղլուն լրիվ ցույց տվեց թուրքական մոտեցումների այս պահի երեսը. այն է` Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում չի կարող անտեսել հենց իր կողքին տեղի ունեցողը (Ղարաբաղը), ու թեեւ Հայաստանը դա նախապայման է դիտում, բայց դրանք փոխամրապնդող գործընթացներ են ընդամենը, եւ թուրքերը Հարավային Կովկասն ավելի կանխատեսելի են ուզում դարձնել... Բայց, շարունակում է մեր թուրք «բարեկամը», Հայաստանի ՍԴ որոշումը սպիտակի վրա սեւով վնասեց արձանագրությւնների տառին եւ ոգուն, իսկ Արեւմտյան Հայաստան կոչվածը կասկածի տակ է դնում արձանագրությունները: Քանի դեռ հավաստիացում չունեն թուրքերը, որ ՍԴ որոշման առաջին մասը նախապայման չէ, որեւէ մեկը հազիվ թե ուզենա վավերացնել արձանագրությունները, իսկ Շվեդիայում ընդունված վերջին օրինագիծն ու Կոնգրեսի 252 բանաձեւը բարդացրին եւ լրջորեն վտանգեցին արձանագրությունները. «Մտահոգված եմ, որ արձանագրությունները կարող են մահանալ», ասաց Քնըքլըօղլուն: Նա էլ հաստատեց Իսկանդարյանի պես` եթե գործընթացն ընդհատվի, ավելի վատ վիճակում կհայտնվեն երկու երկրները, քան մինչեւ գործընթացի սկիզբն էր: Պատասխանելով մի դիտարկման, թե պատմական ենթահանձնաժողովի հետ կապված հայերը երբեք չեն մտածել, որ Ցեղասպանության լինել-չլինելն է քննարկվելու, այլ թուրքերի իրականացրած Ցեղասպանության հետեւանքները միայն, թուրք խորհրդարանականը հրավիրեց. «Եթե չեք կասկածում, որ եղել է, եկեք հանձնաժողով եւ այդ մասին խոսեք»: Արման Կիրակոսյանն էլ դիտողություն արեց, թե անցյալ դարում 3 մլն հայ էր ապրում Թուրքիայում, ի՞նչ եղան նրանք` ոչնչացվեցին: Սաբինա Ֆրեյզերն էլ Թուրքիային եւ Հայաստանին ուղղված իր ապսպարանքների մեջ նաեւ այսպիսի միտք հայտնեց, թե Շվեյցարիան թող գրավոր պարզաբանում տա Թուրքիային ՍԴ որոշման մասին, որ այն նախապայման չի պարունակում:
Կարծես թե կարողացանք այս մի քանի ելույթների միջոցով փոխանցել տրամադրությունները ԼՂ բանակցային գործընթացի եւ հայ-թուրքական հարաբերությունների շուրջը, որոնք չի կարելի ասել, թե լավատեսություն են ներշնչում: Հայ մասնակիցների դիտարկումներին շատ չանդրադարձանք, բայց հավաստիացնում ենք, որ նրանք ակտիվ բանախոսում էին: