«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2010-03-11 | #43, 2010-03-12 | #44, 2010-03-13


ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՉԷ, ԹԵ ԻՆՉ ԿՈՐՈՇԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Մտահոգիչ է, որ մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակին Ադրբեջանը դրականորեն է մոտենում, Հայաստանը` ոչ, ինչը վերջին 12 տարում հազվագյուտ երեւույթ է: Այս տեսակետն է արտահայտել ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը Ստեփանակերտում տեղի ունեցած` «Հայաստան-2009. խոստում եւ իրականություն» տարեկան զեկույցի շնորհանդեսի ժամանակ:

Ըստ Վ. Օսկանյանի, որեւէ փաստաթղթի չպիտի «այո» ասել այն նկատառմամբ, որ Ադրբեջանը դրան «ոչ» կասի: Հարկավոր է հստակ նշաձող ունենալ, եւ մեր պատասխանը միջազգային հանրության համար պետք է լինի ընկալելի, իսկ Ադրբեջանի համար` անընդունելի:

Ներկաների խնդրանքով անդրադառնալով քիվեսթյան փաստաթղթին, էքս- արտգործնախարարն ասաց, որ եթե այդ փաստաթուղթն ընդունվեր, ապա Լեռնային Ղարաբաղն ամբողջական ծավալով անկախություն կստանար` Հայաստանի հետ ցամաքային կապով, որի դիմաց կարվեին որոշ զիջումներ:

Ղարաբաղյան հարցում գոյություն ունի երկու մոտեցում, նկատեց բանախոսը: Առաջինը, եթե չենք ուզում ոչ մի թիզ հող տալ, ապա պետք է դուրս գանք բանակցություններից: Մյուս դեպքում պետք է պատրաստ լինել զիջումների եւ բանակցությունների գնալիս` խնդիր դնել, թե որ տարածքն ես զիջելու, որը` ոչ:

Անհնար է միայն օբյեկտիվ գնահատականներ տալ, որովհետեւ սուբյեկտիվ եւ օբյեկտիվ գործոնները միահյուսված են, կարծիք հայտնեց հիմնադրամի ղեկավարը: Ընդհանրապես, ըստ Վ. Օսկանյանի, ճիշտ չէ նախկին իշխանություններին միանշանակ քննադատելը: Այս առնչությամբ նա օրինակ բերեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործունեությունը, որը քննադատելիս` հարկ է հաշվի առնել նաեւ տվյալ ժամանակահատվածի դժվարությունները:

Շնորհանդեսի մասնակիցներին հետաքրքրում էր, մասնավորպես, բանակցություններին Ղարաբաղի մասնակցության հնարավորությունը: Իր կարծիքը հայտնելով, Վարդան Օսկանյանն ասաց, որ նման պահանջադրություն պետք է հնչի Ղարաբաղից: Միեւնույն ժամանակ, խնդիրը բարդ է այնքանով, որ Ադրբեջանը դեմ է դրան, այսինքն` Ղարաբաղի ներգրավման պարագայում Ադրբեջանը հրաժարվում է բանակցելուց: Այդպես եղել է 1998-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը ստիպված էր ընտրել բանակցություններից ԼՂՀ-ի դուրս մնալու տարբերակը, որպեսզի բանակցությունները շարունակվեն: Նույնը կարող է տեղի ունենալ հիմա: Եթե խնդիր է դրված` կամ չբանակցել ընդհանրապես, կամ էլ պետք է մասնակցի միայն Հայաստանը, ապա կընտրվի երկրորդ տարբերակը:

Օսկանյանը նաեւ տպավորություն հայտնեց, թե ղարաբաղցիներն այնքան ինքնավստահ են, որ իրենց համար միեւնույնն է, թե ինչ կորոշեն բանակցություններում, քանզի ցանկացած աննպաստ որոշում կմերժվի Ղարաբաղի կողմից: Այդ կարծիքը չընդունվեց ներկաների կողմից:

Նկատենք, որ «Սիվիլիթասի» տարեկան զեկույցի շնորհանդես Արցախում առաջին անգամ է կազմակերպվում, եւ միջոցառման կազմակերպիչները հույս հայտնեցին, որ նման միջոցառումները շարունակական կլինեն:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4