Ասված է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում
Մարտի 11-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներկայացրել է պետքարտուղարության` «Մարդու իրավունքերը 2009-ին» զեկույցը: Հայաստանի մասով, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, զեկույցում նշված է, որ 2008-ի նախագահական ընտրությունների եւ տասը մարդու մահվան հանգեցրած հետընտրական բախումների հետեւանքով Հայաստանում ստեղծված լարված քաղաքական ճգնաժամը շարունակում է լարված պահել մթնոլորտը երկրում: «Սամվել Նիկոյանի ղեկավարած խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը, որը կոչված էր ուսումնասիրելու հետընտրական զարգացումները, սեպտեմբերի 16-17-ին հրապարակել է զեկույց, որում կա քննադատություն ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության հասցեին, սակայն բռնությունների եւ բախումների համար հիմնականում պատասխանատու է համարվում նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ընդդիմությունը: Տարվա ընթացքում ճգնաժամը չի կարգավորվել, գրանցվել են մարդու իրավունքների ոտնահարման նոր դեպքեր: Իշխանությունները սահմանափակել են կառավարությունը ազատ եղանակով փոխելու քաղաքացիների իրավունքը մայրաքաղաք Երեւանի ավագանու ընտրություններում,- նշում են պետքարտուղարության հրապարակած զեկույցի հեղինակներն ու հավելում,- 2009-ի ընթացքում իշխանությունները հետապնդել են քաղաքական ընդդիմախոսներին, կամայական ձերբակալություններ են կատարել, մարդկանց երկար ժամանակով պահել են նախնական կալանքի պայմաններում, կիրառել են ընդդիմախոսներին բյուրոկրատական մեթոդներով ահաբեկելու կամ նրանցից վրեժ լուծելու գործելակերպ: Իշխանություններն ուժ են գործադրել քաղաքական ցույցերի մասնակիցների դեմ եւ խափանել են դրա վերաբերյալ տեղեկատվություն տարածելու քաղաքացիների փորձերը: Ոստիկանները ծեծի են ենթարկել ձերբակալվածներին, ազգային անվտանգության ծառայության գործակալների եւ ոստիկանների կողմից մարդկանց իրավունքները խախտելու դեպքերն անպատիժ են մնացել: Ամբաստանյալներին զրկել են արդար դատավարության հնարավորությունից», ասված է զեկույցի Հայաստանին վերաբերող մասում:
Այնուհետեւ անդրադառնալով լրատվամիջոցների աշխատանքին` նշվում է. «Լրատվամիջոցներին եւ հատկապես հեռարձակվող լրատվամիջոցներին բնորոշ է ինքնագրաքննության բարձր աստիճան: Իշխանությունները սահմանափակում են մամուլի բազմակարծությունը, ինչի վկայություններից մեկը հեռարձակման արտոնագրերի տրամադրման սառեցումն է: Գրանցվել են լրագրողների վրա հարձակումների նոր դեպքեր»:
Զեկույցում նշված է նաեւ, որ Հայաստանում շարունակվում է համատարած կոռուպցիան, իսկ իշխանությունները չեն դիմում վճռական քայլերի այն հաղթահարելու համար: Հիլարի Քլինթոնը, սակայն, ընդգծել է, որ ներկայումս ամբողջ աշխարհում են նկատվում մարդու իրավունքների լուրջ սահմանափակումներ, որը Քլինթոնը որակել է մտահոգիչ:
Հ. Ա.