Օրերս Երեւանում կայացած ՆԱՏՕ-ի «Ռոուզ Ռոթ» սեմինարում ԵԱՀԿ ԽՎ-ի ղարաբաղյան հակամարտության հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը հայտարարել էր, որ Ղարաբաղը չպետք է մասնակցի բանակցային գործընթացին: Լենմարկերը նաեւ վստահություն էր հայտել, որ Ղարաբաղի հարցը պետք է որոշել հենց այս տարի. «Իսկ ղարաբաղյան կարգավորման ներկա` երկկողմ ձեւաչափը պետք է պահել, հակառակ պարագայում ստիպված կլինենք խոսել գործընթացը եւս մի քանի տարով ձգձգելու մասին», հայտարարել էր Լենմարկերը: Սակայն երեկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը նկատեց, որ ղարաբաղյան հակամարտության լուծմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ոչ թե Խորհրդարանական վեհաժողովը. «Չնայած Ղարաբաղը ներկայացված չէ բանակցություններում, բայց Մինսկի խմբի համանախագահները` տարածաշրջան ժամանելիս, պարբերաբար լինում են Ղարաբաղում եւ, անշուշտ, հաշվի են առնում Ստեփանակերտի կարծիքը: Առանց Ղարաբաղի համաձայնության չի կարող համաձայնություն կայացվել, ինչպե՞ս կարելի է Ղարաբաղի փոխարեն որոշումներ կայացնել», ընդգծեց Կապինոսը: Նա նաեւ ավելացրել է, որ Մինսկի խումբը «լրիվ բավարար է հակամարտության լուծմամբ զբաղվելու համար»:
Կապինոսը անդրադարձել է նաեւ «մարտի մեկի»-ի գործին: Բանախոսի խոսքերովՙ եվրոպական իրավաբանական պրակտիկայում քաղբանտարկյալների մասով հստակ ձեւակերպումներ չկան. «Այս պատճառով էլ դժվար է ասել, ընդդիմության այն 14 ակտիվիստները, որոնք այսօր անազատության մեջ են, քաղբանտարկյա՞լ են, թե՞ ոչ: Ընդդիմությունը նրանց քաղբանտարկյալներ է կոչում, սակայն, նկատենք, որ նրանցից շատերին զուտ քրեական մեղադրանք է ներկայացված», նշեց Կապինոսը: Իսկ վերոհիշյալ ակտիվիստների կարգավիճակը, ըստ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տնօրենի, պետք է որոշի հայաստանյան դատարանը. «Պետք է նկատել, որ դատական ոլորտում Հայաստանը դեռ խնդիրներ ունի, սակայն իրավիճակն, անշուշտ, այն չէ, ինչ 90-ականներին էր: Այնուամենայնիվ Հայաստանը կարիք ունի դատական բարեփոխումների», ընդգծել է Կապինոսը:
ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարը նաեւ խոսեց ՀԱԿ-ի այն հայտարարությունների մասին, ըստ որոնց երկրում հուլիս-սեպտեմբեր ամիսներին պետք է անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ. «Ես համոզված եմ, որ իրավիճակը Հայաստանում կայուն է, եւ անձամբ ես չեմ կանխատեսում այնպիսի իրավիճակ, որը կբերի արտահերթ ընտրություններ», եզրափակեց Սերգեյ Կապինոսը:
Հ. ԱՖՅԱՆ