«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2010-03-12 | #44, 2010-03-13 | #45, 2010-03-16


ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ. «ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՋԱՆԱՆՔ, ՈՐ ՀԱՐԿԵՐԸ ԹՈՒԼԱՑՎԵՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԽՍՏԱՑՎԵՆ»

Երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն , ըստ իր սովորության, ԱԺ հերթական քառօրյայի սկզբում պատասխանեց լրագրողների հարցերին: Հայաստանի ժողովրդավարությունը քննադատող ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի մասին Գ. Ծառուկյանը կարճ կապեց. «Անտեղի քննադատում են, թող իրենք իրենց նայեն, հետո մեզ քննադատեն»: Նոր հարկատեսակներ մտցնելու թերեւս չհաջողված փորձն այսպես մեկնաբանեց. «Այսօր տնտեսական ճգնաժամն ավարտված չէ, մենք պետք է կարողանանք, որ հարկերը թուլացվեն, այլ ոչ թե խստացվեն. որոշ օրենքներ պետք է սառեցվեն, ամբողջ աշխարհում դա ընդունված կարգ է: Տնտեսական ճգնաժամի ժամանակ օրենքները պետք է ծառայեցվեն, որ ժողովուրդը կարողանա գոյատեւել, կարողանանք այդ ծանր պայմաններից միասնական ուժերով դուրս գալ: Աշխարհում չկա մի տեղ, որտեղ տնտեսական ճգնաժամի ժամանակ հարկային իրավունքները խստացվեն», ասաց նա` ավելացնելով, թե տնտեսական ճգնաժամից հետո կարելի է խստացման ճանապարհը բռնել: Լրագրողները հիշեցրին էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի ասածը, թե Հայաստանում տնտեսական ճգնաժամն ավարտվել է.«Աշխարհով մեկ ոչ մեկը դեռ չի ասել, թե ճգնաժամն ավարտվել է: Դեռ հնարավոր է, որ երկրորդ փուլ լինի: Չորս-վեց տոկոս աճ ունեցող պետությունները դեռ չեն համարձակվում նման բան ասել», ասաց` Ներսես Երիցյանի մասով ավելացնելով. «Ինքը տեղում չէ եւ չի տիրապետում ոչ էկոնոմիկային, ոչ երկրի տնտեսական վիճակին»: Հարցին, թե նախագահ Սարգսյանի մոտ այս մասին ասե՞լ է, նկատեց. «Սերժ Սարգսյանը դա գիտի եւ համապատասխան քայլեր կանի` ամեն ինչ չի կարելի թողնել Սերժ Սարգսյանի վրա»: Գազի գնի թանկացման վերաբերյալ արձագանքն այսպիսին էր. «Ամեն ինչի վրա էլ ազդելու է, դրանից հետո հոսանքն է թանկանալու, տրանսպորտը, ամեն ինչը, հացը...»:

Ծառուկյանը մեկ անգամ ասել էր, որ նախապայմանների դեպքում հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ դիրքորոշումը ԲՀԿ-ն կվերանայի. «Մենք կողմ ենք հարեւանների հետ սահմանի բացմանը, դիվանագիտական կապի հաստատմանն առանց նախապայմանների: Մենք առաջին օրվանից ասել ենք, Ցեղասպանությունն առեւտրի առարկա չէ եւ չի կարող դառնալ: ԼՂ խնդիրը նախապայման չի կարող լինել հայ-թուրքական հարաբերությունների համար: Իսկ Ադրբեջանի նախագահի պատերազմական հայտարարությունները չեն կարող ստիպել, որ միակողմանի քայլ անենք` հօգուտ նրանց: Պատերազմից խուսափելու համար մենք պետք է շատ ուժեղ լինենք ե՛ւ ռազմական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ ֆինանսական, ե՛ւ բարոյահոգեբանական: Միասնական պետք է լինենք, որ նրանք մեր ուժը զգալով` բանակցություններով խնդիրը լուծեն, մենք էլ կարողանանք այդ խնդիրն առանց պատերազմի լուծել»: Իսկ հայ-թուրքական հարաբերությունները, Գ. Ծառուկյանի կարծիքով, փակուղի չեն մտել. «Մենք ճանապարհ չենք փակել, 1993 թ. Ղարաբաղի պատերազմի ժամանակ իրենք են փակել, իրենք էլ բացելու են: Մենք գնում ենք ցույց տալու, որ մեր ազգը խոսքի տեր է` ճանապարհ բացելու, դիվանագիտական կապ հաստատելու համար կողմ ենք, բայց առանց նախապայմանների` ոչ ԼՂՀ խնդրի, ոչ ցեղասպանության ճանաչման խնդրի հաշվին: Պետք է սպասենք մինչեւ ապրիլի քսանչորսը եւ հետո մեր քայլը կատարենք», ասաց Գ. Ծառուկյանը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4