«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2010-03-12 | #44, 2010-03-13 | #45, 2010-03-16


ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄՈՏ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ

Մայրաքաղաքից ընդամենը 2 ժամվա հեռավորության վրա, հայ- թուրքական սահմանի հարեւանությամբ է Երվանդաշատ գյուղը: Երվանդյանների արքայական հարստության կառուցած Երվանդաշատ մայրաքաղաքի եւ Ախուրյանի ու Արաքսի խառնարանի վայրում է գտնվում գյուղը: Երբեմնի արքայանիստ քաղաքի տեղանքում ապրելու հանգամանքը գյուղացիների անսպառ հպարտության աղբյուրն է: 814 բնակիչ ունեցող գյուղում բոլորը միմյանց լավ են ճանաչում եւ անծանոթ մարդուն միանգամից նկատում են: Իսկ երբ հետաքրքրվեք գյուղի պատմությամբ, ապա ամենայն մանրամասնությամբ կներկայացնեն գյուղի արքայական անցյալը: «Մենք էստեղ մի քանի հազար տարի ենք ապրում», ասում են գյուղացիները:

Գյուղում Թուրքիային ամենամոտ հայկական տունը սահմանից 300 մետր է հեռու: Գյուղի կենտրոնում երբեմն լսելի է մինարեթներից հնչող ազանի ձայնը: Սահմանապահների հարեւանությամբ ապրող եւ սահմանային փշալարերի տեսքին սովոր գյուղացիները հայ-թուրքական սահմանի բացման նախաձեռնություններին զգուշավորությամբ եւ կասկածանքով են մոտենում: Տնտեսական փոփոխություններին գյուղում սպասում են, բայց ոչ հայ-թուրքական սահմանի բացման գնով: Վազիր Ալոյանը , ում ծիրանի այգիները սահմանի երկայնքով են աճում, սահմանի բացման ակնկալիքն ու ցանկությունը չունի: «Ես մեր պատմությունը չեմ մոռացել: Թուրքերի հետ ընկերություն չեմ ուզում անել: Տարիներ շարունակ էսպես ապրել ենք, էլի կապրենք», ասաց Վազիր Ալոյանը: 60-ամյա Լուսյա Ջուլհակյանը Երվանդաշատում է ծնվել: 6 աղջիկներից 5-ն ամուսնացել են, կրտսերն էլ սովորում է Արմավիրում: Ամուսնու հետ ապրող կինը, ում եկամուտի միակ աղբյուրը տան առջեւ գտնվող այգին է եւ թոշակը, սահմանի բացումից խուսափում է: «Թուրքի հետ ընկերություն անել չի լինի: Շանը մոտեցի, բայց փայտը ձեռքիցդ բաց մի թող: Թող սահմանները պահեն, էսպես ավելի լավ է», ասաց Լուսյա Ջուլհակյանը:

Գյուղացիների այգիների ու դաշտերի մեծ մասը գտնվում է չեզոք գոտում: Դրանք սահմանին հարակից հատվածներն են, ուր գյուղացիները մուտք գործելու եւ դաշտերը մշակելու համար սահմանապահներից թույլտվություն եւ անցաթուղթ են ձեռք բերում: Եվ թեպետ ամեն օր եւ ամեն անգամ սեփական այգիները մտնելու համար պետք է սահմանապահների թույլտվությունն ունենան, գյուղացիները զգուշանում են սահմանի բացումից:

26 թոռան եւ 14 ծոռան ծնունդն է տեսել 80-ամյա Հրանտ Աբրահամյանը : Ասում է, որ ծնվել է մայիսի 28-ին, առաջին որդին էլՙ ապրիլի 24-ին: Իր գյուղի հող ու ջրին կապված Հրանտ Աբրահամյանը սահմանի բացման հետ մեծ հույսեր չի կապում: «Միշտ էսպես փակ ու փշալարերով քաշված սահմաններ չենք կարող ունենալ: Բայց թուրքը շատ վտանգավոր ու նենգ է: Պետք է զգույշ լինել», ասաց Հրանտ Աբրահամյանը:

Երբեմնի Հայքի մայրաքաղաք Երվանդաշատից ներկայիս մայրաքաղաք Երեւան հասնելու համար գյուղացիները պետք է գնան Արմավիր, որից հետոՙ նոր միայն Երեւան: Իսկ Արմավիր օրվա մեջ միայն մեկ անգամ «գազել» է գնում: Սահմանի բացման դեպքում գյուղը կդառնա հանրապետության աշխույժ կետերից մեկը, այս հեռանկարը, սակայն, երվանդաշատցիներին հեռավոր եւ դեռեւս անիրականանալի է թվում:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4