«...Եվ մոր համար էլ այդ երջանիկ օրը եկավ: Որդին, որ վատ գումար չէր վաստակում եւ որին սիրում էին հարեւանները, վերջապես նրա համար արեց ամենագլխավորը` բերեց այն, ինչին մայրը սպասում էր երկար տարիներ, այն ինչը չուներ ոչ ինքը, ոչ էլ ընկերուհիները, բերեց բարձրագույն կրթության վկայականը: Մայրը բակում էր կանգնած, իսկ հարեւանուհի Ֆրոսյան` նստարանին նստած, արեւածաղիկ էր մաքրում, երբ որդին կատակով մորը հանձնեց կարմիր գրքույկը:
- Պահիր մա՛: Վերջ,- ասաց ու դուրս վազեց,- շուտով կլինեմ: Մայրը բացեց դիպլոմը եւ դավաճան արցունքներն աղոտեցին բակը եւ Ֆրոսյային:
- Ի՞նչ է այնտեղ,- տեղից բարձրացավ Ֆրոսյան:
- Ծաղրածու,- կարդաց մայրը դողդողացող շրթունքներով, իսկ Ֆրոսյան, գրկելով նրան, ասաց.
- Դե ինչո՞ւ ես տխրում, թերեւս դա էլ է մասնագիտություն»:
9 տարի բոքսի ռինգում անցկացնելուց, ձկնային տնտեսության ինստիտուտում կես տարի սովորելուց, ֆիզկուլտուրայի ինստիտուտում ուսանելուց հետո, 1955 թվականին Լեոնիդ Ենգիբարյանն ընդունվում է կրկեսային արվեստի ուսումնարան:
«Բազմաթիվ մասնագիտություններ եմ փոխել, եւ 22 տարեկանում ինձ մնում էր միայն դերասան դառնալ: Գրել նույնպես իմ կամքից անկախ եմ սկսել: Հեղինակներից որեւէ մեկն ինձ հետ աշխատել չէր ուզում, ստիպված էի ինքս սցենարիստ դառնալ: Ինձ դուր եկավ: Հիմա սարսափով եմ մտածում, իսկ եթե հանկարծ իսկական սցենարիստ հայտնվի:
Սիրում եմ ծով, աշուն եւ Վինսենտ Վան Գոգին:
Վախենում եմ բարվոքությունից:
Կյանքում կարեւորն ինձ համար պատասխանատվություն զգալն է այն ամենի համար ինչ կատարվում է մեր շուրջը»:
Մոսկվայի կրկեսում Լեոնիդ Ենգիբարյանի դեբյուտը 1961 թվականի ապրիլի 22-ին էր: Եվ թեպետ մինչ այդ էլ հանդես էր եկել արենայում եւ հեռուստատեսությունում, իրական ճանաչումը սկսվում է դեբյուտից հետո: Հանդիսատեսը նրան սիրում եւ գնահատում է: Ելույթից հետո նրան մի քանի անգամ արենա էին վերադարձնում: Ենգիբարովի արվեստի փիլիսոփայությունը, խորությունն ու զգացմունքայնությունը, ստիպում էր մտածել, խորհել եւ երազել:
«Ծաղրածու` աշունը հոգում» կոչում է նրան հանդիսատեսը: Ենգիբարյանն ինքն էր գրում իր սցենարները, բեմադրում եւ կատարում: Նա հանդիսատեսի հետ շփվում էր առանց մեկ բառ իսկ արտասանելու, սակայն նրան հասկանում էին, ընդունում եւ հետեւում:
Երեւանյան կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանն աշխատել է Ենգիբարյանի ղեկավարությամբ: Հիշում է, որ ծաղրածուն կարող էր ժամեր շարունակ խոսել կրկեսի մասին: Արվեստում սկզբունքային էր: «Բաքվում հյուրախաղերի էինք: Սկանդինավյան երկրների իմպրեսարիոն, որ նույնպես այնտեղ էր, ուղղակի հիացած էր Ենգիբարյանի արվեստով: Եվ երբ նա խնդրեց Ենգիբարյանին մի համար էլ ներկայացնել ռուսական ծաղրածուական արվեստի ոճով, որից հետո պատրաստվում էր հրավիրել հյուրախաղերի Սկանդինավյան երկրներ, Ենգիբարյանը հրաժարվեց` ասելով, որ ինքը կներկայացնի միայն այն, ինչ ուզում է», պատմեց Սոս Պետրոսյանը :
«Ծաղրածուն մասնագիտություն չէ, այլ աշխարհընկալում», հարցազրույցներից մեկում ասել է Ենգիբարյանը: Աշունը հոգում ծաղրածուն մահացավ 37 տարեկան հասակում: Իր յուրաքանչյուր ելույթով Ենգիբարյանը հանդիսատեսի հետ խոսում էր սիրո, հարգանքի, միայնության եւ ունայնության մասին: Այդ մասին է գրում նաեւ իր մանրաքանդակ նովելներում` մարդկանց պատգամելով հավատալ հրաշքին, հեքիաթին եւ սիրո ուժին:
«Արեւամուտին, ծառի ներքո, գետի մոտ ինչ-որ մեկը համբուրեց աղջկան: Հետո ցեղեր եղան, պետություններ, պատերազմներ, օլիմպիադաներ, ապստամբություններ, Օսվենցիում, ազատություն, հանճարներ, խաղաղություն, աշխարհներ, տիեզերք: Այդ ամենը հետո եղավ:
Բայց ողջ տիեզերքի սկզբում, գալակտիկաներից մեկում, արեւին մոտ գտնվող մոլորակում, գետի մոտ, արեւամուտին, ծառի ներքո ինչ-որ մեկը համբուրեց աղջկան»:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ