Հա՞յ են արդյոք ցեղասպանության տարիներին բռնի իսլամացված հայերի սերունդները: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նկատում է, որ էթնիկ եւ կրոնական պատկանելությունն այս պարագայում պետք է տարբերակել: Դեռ ավելին, նա վստահ է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հեռահար նպատակ ունենա բռնի իսլամացած հայերին վերադարձնելու սեփական ինքնությանը: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը «Հենարան» ակումբում երեկ ներկայացնելով «Հայերի բռնի իսլամացումը ցեղասպանության տարիներին» գիրքը, նշեց, որ թուրք հասարակության 30-40 տոկոսն այսօր ինքնության ճգնաժամ է ապրում, շատերը վերադառնում են իրենց ակունքներին: Թուրքագետի տվյալներով, ցեղասպանության եւ կոտորածների տարիներին բռնի իսլամացվել են շուրջ 200.000 հայ, նրանցից գրեթե 100.000-ը հետագա տարիներին վերադարձել են քրիստոնեությանը: Մյուս 100.000-ը քրիստոնեությունը վերընդունելու հնարավորությունը չի ունեցել: «Այսօր Թուրքիայում ապրում են նրանց սերունդները: Մոտավոր հաշվարկներով, նրանց թիվը կազմում է շուրջ մեկ միլիոն», ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Վերջերս Թուրքիայում հրատարակվել է Թալեաթ փաշայի օրագիրը, որի էջերում Թալեաթ փաշան խոսում է բռնի իսլամացված հայերի մասին` խստիվ հրահանգելով հետեւել նրանց եւ արմատներին վերադառնալու ամենափոքր ցանկության դեպքում իսկ արձագանքել: «Աքսորի մեկ այլ ալիք էլ եղավ, եւ այն հայերը, ովքեր ցանկանում էին քրիստոնյա մնալ, զոհվեցին», ասաց Ռուբեն Մելքոնյանը: Իսլամացված հայերի մեծ մասը կանայք եւ երեխաներ էին: Թուրքագետը նկատում է, որ բռնի իսլամացման գործընթացը միայն ցեղասպանության տարիներին չի սկսվել: «Այս տարածաշրջան թյուրքական ցեղերի ներթափանցելուց հետո սկսվեց տեղի բնակչության իսլամացումը: Նպատակը մեկն էր` թյուրքական ցեղերը փոքրամասնությունից պետք է վերածվեին մեծամասնության: Բռնի իսլամացումն ամենակարճ ճանապարհն էր», ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Իսլամացման փաստը, թուրքագետի հավաստմամբ, այսօր շահարկվում է նաեւ Թուրքիայում: Թուրքերի տեսությունը հետեւյալն է. ցեղասպանություն չի եղել, հայերը կամովին փոխել են կրոնը: Բռնի իսլամացումը շարունակվեց նաեւ Թուրքիայի հանրապետությունում: «Բռնի իսլամացման դեպքեր են եղել 1950-ական, 1980-ական թվականներին: Ներկայումս էլ դեպքեր են եղել, երբ հասարակության ճնշման ներքո հայերն ընդունում են իսլամը», ասաց Ռուբեն Մելքոնյանը: Իսլամացման առավել վտանգավոր ձեւերից մեկը հայերի եւ Թուրքիայի քաղաքացիների միջեւ ամուսնությունների գրանցումն է: Այս դեպքում, որպես կանոն, հայուհիներն ընդունում են իսլամը:
Թուրքագետը իսլամացած հայերին բաժանում է երկու խմբի. նրանք, ովքեր բռնի իսլամացվել են, բայց գաղտնի պահպանել են քրիստոնեությունը եւ ազգային ավանդույթները, նրանք, ովքեր տարիների ընթացքում կորցրել են իրենց ակունքները:
«Հայերի բռնի իսլամացումը ցեղասպանության տարիներին» գրքում թուրքագետը գիտականորեն ներակայացնում է իսլամացման գործընթացը` փաստեր ներկայացնելով հայկական եւ թուրքական արխիվներից: Գրքում թուրքագետը օգտագործել է նաեւ Արեւմտյան Հայաստանում կատարած իր դաշտային աշխատանքների արդյունքները:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ