«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2010-03-13 | #45, 2010-03-16 | #46, 2010-03-17


«ԻՄ ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆՍ ԱԼ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Է...»

«Նկարչությունը իմ կյանքս է, ապրելակերպս: Ազատությունը այդ ձեւի մեջ կտեսնեմ: Երբ կնկարեմ, չեմ կարծեր, որ ինձմե ավելի ազատ մեկը ըլլա աշխարհի վրա: Մարդը այդ ազատությանը պետք է հետեւի»:

Ֆրանսահայ ականավոր նկարիչ Ժանսեմը իր կյանքի 90 տարին բոլորեց մեկ շաբաթ առաջՙ մարտի 9-ին: Մարդու բարձրագույն վիճակըՙ ազատությունը, այլ կերպ չէր էլ կարող զգալ, շոշափել մի ողջ գիտակցական կյանք նկարակալի առաջ անցկացրած, ներքին ապրումներ, մտածումներ ու զգացումներ կտավին հանձնած արվեստագետը:

Այս կենսագրությունը ծանոթ սկիզբ ու շարունակություն ունիՙ սփյուռքահային բնորոշ ճանապարհով. ծնվել է թուրքական Սելեզ բնակավայրում, երկու տարեկանում կորցրել է հորը, ապա նրանց ընտանիքին էլ պատուհասեց 1915-ի արհավիրքը: Դեր-Զորի անապատներից մազապուրծ ապաստանեցին Հունաստանում, հետո Ֆրանսիայումՙ Փարիզի արվարձաններիցՙ Իսի Լը Մուլինոյում: Նկարչական առաջին դասերն առավ Մոնպառնասի «ազատ ակադեմիաներում», սովորեց Փարիզի զարդարվեստների բարձրագույն դպրոցումՙ անվանի վարպետների մոտ: Առաջին ցուցադրությունը եղավ «Անկախների սալոնում»ՙ «Ջութակահարը» կտավով: (Հետաքրքրական էՙ ջութակն իր երկրորդ սերն էր արվեստում. Ժանսեմը նկարչությունից երբեմն-երբեմն «հանգստանում է» ջութակ նվագելով):

Սփյուռքահայ նկարիչներից ինչպես Գառզուն, Ժանսեմն էլ ամենահայտնիներից է մեզ մոտՙ Հայաստանում: Իսկ ավելի հանրային ճանաչում ունեցավ, երբ Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին այցելելով Երեւանՙ Ցեղասպանության թանգարանին նվիրեց այս թեմայով արված 36 նկար: (Դեռեւս 1973-ին հայաստանյան այցելության ժամանակ նա Ազգային պատկերասրահին էր նվիրել «Կինը եգիպտացորենով» կապտադեղինի հրաշալի թափանցիկ ֆոնով կտավը եւ 30 վիմագրություն): Ժանսեմը միջազգային լայն ճանաչում ունեցող արվեստագետ է. նրա անունեով երկու թանգարան գործում է Ճապոնիայում: Նկարներից շատերը Եվրոպայի եւ ԱՄՆ-ի տարբեր թանգարաններում եւ մասնավոր հավաքածուներում են:

Ժանսեմի ստեղծագործ կյանքի հարուստ ընթացքը խորապես ազգային ու համամարդկային ջիղ ունիՙ որքան իրապաշտական, կյանքի բուն ակունքներից սնվող է այդ արվեստը, նույնքան եւ տարաշերտՙ այդ իրականությունից անտեսանելի մի երեւույթով վերացարկված, բնույթովՙ որքան սոցիալական, նույնքան խոհական: Ֆրանսիացի արվեստաբանները նրան համարել են թշվառների նկարիչ, բայց եւ «ամենակյանքային» թեմաներով նկարներն անգամ պարուրված են եթերային շերտով, պատկերաստեղծման, կերպարաստեղծման նկարչական նրա ոճը այդպիսին էՙ թափանցիկ նրբերանգների, նուրբ վրձնահարվածների ու գծաշարերի միջոցով ստանալ թեթեւ մակերեսներ (շղարշանման), սլացիկ, փխրուն մարմիններ, ինչպիսին, օրինակ, նրա պարուհիներն են: Զարմանալի է, բայց մարդկային տառապանքների նրա նկարչական արտահայտություններում (կմախքացած մարմիններ, գաղթի ճամփեքի ուրվականանման էակներ) անգամ կարելի է տեսնել զարմանալի թեթեւություն, անկշռելիության պես մի բան: Գծի, գույնի այդ թեթեւությունը իրականությունը նյութականացումից «ազատագրելու» զգացողություն է ներշնչում (չնայած Ժանսեմի նկարների ամբողջական ցուցադրության ներկա լինելու բախտ ինձ չի վիճակվել. միայն մի քանի տարի առաջ «Արամե» պատկերասրահում նրա լիտոգրաֆիաների համահավաք մի ցուցահանդեսի ականատեսը եղանք. տպավորիչ էր, իհարկե):

Վարպետի 90-ամյակի առիթով Երեւանի փիլիսոփայության միջազգային ակադեմիայի հրատարակչությունը լույս է ընծայել փոքրիկ գրքույկՙ նկարչի մի շարք աշխատանքների գունավոր վերատպություններով, Շահեն Խաչատրյանի ներկայացմամբ: «Դեղնականաչ ու զգայաթրթիռ մակերես ունեցող գունային մթնոլորտը տեղ-տեղ լրացվում է կարմիր-կանաչ-նարնջագույն դրամատիկական հնչեղ գունաբծերով: Ժանսեմի կտավներում, սակայն, մենաշնորհը գծանկարինն է, գիծն է, որը դիտողին անմիջապես առնչում է նկարչի ինքնատիպ վարպետությանն ու արտահայտչական մեծ ուժին...

...Նկարչի կտավներում գույնով մի փոքր շեշտադրված, ջղաձիգ գծերը ասես նրա պատկերների «մարմնի» արյունատար երակները լինեն: Երգող գծանկարը ջութակի մենանվագ է ընկալվում նկարչի կտավներում», գրում է արվեստաբանը:

Գրքույկում զետեղված են նաեւ պատառիկներ նկարչի մտորումներից, որ գրի է առել Շահեն Խաչատրյանը անցած տարի դեկտեմբերին, Փարիզում.

«Իմ նկարչությունս ալ ինքնակենսագրական է, բայց նախ հիշենք, որ դա նյութական մասի ինքնակենսագրություն չէ, այլ հոգեկանի: Ինձ համար նկարչությունը նկար ստեղծել չէ, այլ հոգեկան պատմությունս պատմել է եւ, անշուշտ, սիրով պատմելը: Իմ սերս կապված է իմ ընտանիքին, իմ նախնիներուն, իմ հորս եւ մորս, որոնք 1915-ի դաժան օրերուն փրկվեցան եւ անշուշտ ինծի փոխանցվեցան անոնց դառնագին ճակատագրերը: Անոնց արյունը իմ մեջ կդառնա եւ ես կապրիմ անոնց հոգեկանով եւ անկեղծ զգացումով կշարունակեմ նկարչական լեզվով պատմել իմ ապրումներս, որ եթե միայն խիստ անձնական ըլլար, կրնար լայն ճանաչման ու գնահատանքի չարժանանար:

Կյանքի «կանաչ» կողմը հարազատորեն չեն կրնար արտահայտել: Կհավատամ, որ ամեն բան օրենքի կպատկանի, բնության օրենքին, որմե մարդ չի կրնար հեռու մնալ, որովհետեւ մարդը այդ օրենքի մեջ է, այդ օրենքով է ստեղծված: Բնությունը անկասկած շատ հարուստ է, հարուստ ամեն ձեւերով ու գույներով, նկարիչը պետք է իր մեջ «խոսող» բնությանը ձայնակից ըլլա, որպեսզի իր ստեղծածը որպես ճշմարտություն ճանցվի, սեր ու տարածում ստանա...»:

Ակադեմիկոս Գեւորգ Բրուտյանը Ժանսեմին հանդիպել է մեկ անգամՙ 2001-ին Փարիզում. «Զրուցում ենք: Ես լռում եմ, որպեսզի հնարավորություն ունենամ շատ ունկնդրելու Ժանսեմին: Նա լռում է, որովհետեւ հոգնում է խոսելուց: Երբ չի խոսում, ջութակ է նվագում», ջութակը շարունակում է խոսեցնել արվեստագետի հոգին: Իսկ Երեւանում նկարիչը վարպետ Մարտին Երիցյանից նվեր ջութակ է ստացել, շարունակում է պատմել ակադեմիկոսը, հիշում է նաեւՙ Ճապոնիայում իր եղած ժամանակ Տոկիոյից 150 կմ հեռավորությամբ Ազումինո քաղաքում գտնվող Ժանսեմի թանգարանի մասին ստացած անակնկալ տեղեկությունը:

Տարիներ առաջ Հայոց փիլիսոփայական ակադեմիայիՙ իր անդամության լուրը Ժանսեմն ընդունել է ոգեւորությամբ: Իսկ ահա Վարպետի ծննդյան 90-ամյակի առիթով ակադեմիան նրան շնորհեց «Դավիթ Անհաղթ» մեդալ:

Շահեն Խաչատրյանն այս օրերին Փարիզում է Ժանսեմի հոբելյանի առիթով: Հայաստանից իր հետՙ որպես ընծա, ծերունազարդ Վարպետին տարավ ակադեմիայի բարձրագույն պարգեւը, նորընծա գրքույկը եւ Ամենայն հայոց հայրապետի պարգեւը, ինչն, անկասկած, Հայաստանից հեռու ստեղծագործող որեւէ հայ արվեստագետի համար ամենասպասված գնահատանքն է:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


Նկար 1. Ժանսեմը Մարտին Երիցյանի եւ Շահեն Խաչատրյանի հետ, 2005

Նկար 2. «Ժանյակագործներ»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4