«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2010-03-16 | #46, 2010-03-17 | #47, 2010-03-18


«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՑ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԼՍԵԼՆ Է, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՍՊԱՌՎԱԾ Է»

Քաղաքագետ վերլուծաբան Իգոր Մուրադյանը նկատում է, որ տարածաշրջանում վերջին երկու տասնամյակների ընթացքում առաջին անգամ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ իրականացնում են Թուրքիային սանձելու քաղաքականությունը: Այս պարագայում ԱՄՆ-ն Հայաստանի համար դրական դեր է խաղում, ինչը չի բացառում նաեւ համագործակցության խորացման հնարավորությունը երկու երկրների միջեւ: «Ռուսաստանն այլեւս միայնակ չէր կարողանում զսպել Թուրքիայի ամբիցիաները: Թուրքիան դուրս էր եկել հսկողությունից: Անգամ ԱՄՆ-ն չկարողացավ ստիպել Թուրքիային բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ», «Դե ֆակտո» ակումբում երեկ ասաց Իգոր Մուրադյանը : Հայ թուրքական հարաբերությունների բարելավման նախաձեռնության վերջնարդյունքը, քաղաքագետի կարծիքով, ԱՄՆ-ի համար նկատելի է: ԱՄՆ-ն կարողացավ աշխարհին ցույց տալ, որ Թուրքիան ոչ կառուցողական պետություն է: «Էրդողանին հանդիպման հրավիրելը Օբամայի կողմից ընդամենը միջոց է, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նախաձեռնությունների կազմակերպիչների վրա գործընթացի ձախողման ստվերը չընկնի», ասաց Իգոր Մուրադյանը: Թուրքիան իր հերթին փորձում էր Արեւմուտքին ցույց տալ, թե հայկական հարց այլեւս գոյություն չունի: «20 տարի շարունակ Թուրքիան ղարաբաղյան հարցի կարգավորման մասին չէր խոսում: Ինչո՞ւ սկսեց այդ մասին հիմա խոսել: Դա ուշադրությունը շեղելու միջոց է: Թուրքիայի համար կարեւորն Արեւմուտքից եւ Ռուսաստանից լսելն է, որ հայկական հարցը սպառված է: Արեւմուտքը, սակայն, այդ քայլին երբեք չի գնա, որովհետեւ հայկական գործոնը Թուրքիայի վրա ազդելու լավ լծակ է», նշեց Իգոր Մուրադյանը:

Քաղաքագետն անգամ չբացառեց Թուրքիայի կողմից պատերազմի հրահրման հնարավորությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչի միջոցով Թուրքիան կկարողանա ամրապնդել դիրքերը Հարավային Կովկասում: «Թուրքիայի ցանկությամբ կարող է տեղային պատերազմ սկսվել, որն էլ կդադարեցվի Թուրքիայի միջամտությամբ: Այս պարագայում Թուրքիան կարող է ցույց տալ, թե ով է ինքը տարածաշրջանում եւ հանդես գալ հաշտեցնողի դերում», նկատեց Իգոր Մուրադյանը:

Կընդունի՞ արդյոք ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանության փաստը: Քաղաքագետը վստահ է, որ ամերիկյան կառավարական շրջանակներում ընդունում են դրա անհրաժեշտությունը: «Պարզ է, որ ԱՄՆ-ն կընդունի ցեղասպանությունը: Գործընթացն այնտեղ դանդաղ է ընթանում: Ընդունում են նահանգները, հետոՙ Կոնգրեսը, վերջում այնպես կստացվի, որ ցեղասպանության ճանաչման փաստաթղթի ներքո ԱՄՆ-ի նախագահն իր ստորագրությունը կդնի, այսպես ասած, ստիպված», վերլուծեց քաղաքագետը: Իսկ Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը, բանաձեւի ներկայացումն Իսպանիայում եւ առաջիկա քննարկումը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում, քաղաքագետի կարծիքով, Թուրքիայի` Եվրոպա մուտք գործելու ճանապարհին կանգնեցված խոչընդոտներ են:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4