Նախօրեին տրանսպորտի եւ կապի նախարար նշանակվեց մինչ այդ ՀՀ նախագահի խորհրդական Մանուկ Վարդանյանը: Սա նախագահի այն հազվադեպ նախարարական նշանակումներից էր, որը դրական է ընդունվել բոլորի կողմից:
Հիշեցնենք, որ Մանուկ Վարդանյանը, մինչեւ անցյալ տարվա ապրիլ ամիսը, երբ նշանակվեց նախագահի խորհրդական, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 12-ամյա անփոփոխ ղեկավարն էր, եւ հենց նա էր, որ «ինվենտ բյուրո» կոչվող կոռումպացված համակարգը, արմատական բարեփոխումներով դարձեց պարզեցված եւ հստակ մեխանիզմով աշխատող կառույց: Այս համակարգում կատարված դրական փոփոխություններն արձանագրվել են Համաշխարհային բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից «Գործարար միջավայրի» ուսումնասիրություններում: Համաձայն դրանց արդյունքների, Հայաստանի կադաստրի համակարգը 4 տարիների ընթացքումՙ 2005-2008-ին, կատարված բարեփոխումների ցուցանիշով զբաղեցրել է համապատասխանաբար մեկ անգամ 7-րդ, երկու անգամ 2-րդ, մեկ անգամ 5-րդ տեղերն աշխարհի 170 երկրների մեջ: Ի տարբերություն հանրային ծառայություններ մատուցող այլ պետական կառույցների (նոտարական գրասենյակներ, մեքենաների գրանցում, բիզնեսի գրանցում, վիզաների վարչություն եւ այլն), որտեղ բարեփոխումները կամ տեղապտույտ են տալիս, կամ նոր-նոր են սկսվել, կադաստրում դրանք տեսանելի են: Դա կարող են փաստել բոլոր նրանք, ովքեր առիթ են ունեցել գործ ունենալու այդ համակարգի հետ 10 տարի առաջ եւ հիմա:
Դատելով կադաստրի կոմիտեում կատարած աշխատանքից, կարելի է ենթադրել, որ տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնում եւս Մանուկ Վարդանյանը լուրջ դրական ներգործություն կունենա երկրի բնակչության, տնտեսության ու գործարար միջավայրի համար մեծ կարեւորություն ներկայացնող այս 2 ոլորտների գործունեության վրա: Թերեւս այսպես են մտածում նաեւ այս նշանակման մասին դրական տեսակետ արտահայտողները:
Ա. Մ.