Կիրիլ պատրիարքը Փաշազադեի անունից Գարեգին Բ-ին հրավիրեց Բաքու
Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի Հայաստան այցելության վերջին օրը սկսվեց ռուս ուղղափառ եկեղեցու հիմնարկեքի արարողությամբ: Եկեղեցին կառուցվում է Իսակովի պողոտայում` Երեւանյան լճի ափին: Արդեն կառուցված է ներքնահարկը, որը լինելու է հոգեւոր հովվի գրասենյակը: Իսակովի պողոտայում կառուցվող Սուրբ Խաչ եկեղեցին, ըստ մակետի, տպավորիչ տեսք է ունենալու եւ մայրաքաղաք մտնողներին հիշեցնելու է հայ-ռուս բարեկամության մասին:
Արարողությունից հետո Կիրիլ պատրիարքն ասաց, որ սա նշանակալի իրադարձություն է, որին շատ են սպասել: Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը մաղթեց, որ եկեղեցին ուղղափառների նոր աղոթատուն լինելուց զատ դառնա նաեւ մեր երկու եկեղեցիների եւ ժողովուրդների բարեկամության եւ համագործակցության եւս մեկ հանգրվան:
«Հայոց եւ Ռուսիո սրբազան հողի վրա բարձրացող նվիրական մեր տաճարները խորհրդանշում են նաեւ մեր երկու ժողովուրդների եղբայրական գործակցության ոգով հատկանշված դարավոր բարեկամությունը եւ գալիս են նոր ընթացք եւ զարգացում բերելու մեր եկեղեցիների համագործակցությանը», իր օրհնությունը փոխանցեց Ամենայն հայոց կաթողիկոսը:
Հիմնակերքի արարողությանը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, եկեղեցու բարերար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Այնուհետեւ ռուս պատիրարքն այցելեց Երեւանի պետական համալսարան, որտեղ տեղի ունեցավ պատրիարքի «Հովվի խոսքը» եւ «Ազատություն եւ պատասխանատվություն» գրքերի հայերեն թարգմանությունների շնորհանդեսը: Համալսարանում Կիրիլ պատրիարքին շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում: ԵՊՀ-ում կայացած հանդիպման ժամանակ Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդն իր եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքուր Փաշազադեի անունից Ամենայն հայոց կաթողիկոսին հրավիրեց մասնակցելու ապրիլին Բաքվում կայանալիք ԱՊՀ երկրների միջկրոնական գագաթաժողովին:
«Ինձ հետ հայրապետին Բաքու մեկնելու հրավեր եմ բերել, որպեսզի արտահայտեմ իմ կարծիքն այլ կարեւոր հարցերում, որոնք կքննարկվեն այնտեղ: Ես կարծում եմ, որ մեր բաց լինելը, որը որեւէ ընդհանրություն չունի թուլության, ազգային ինքնագիտակցության եւ կրոնական ինքնության կորստի հետ, ընդունակ է շատ բան փոխելու այս աշխարհում, որպեսզի աշխարհը տեսնի քրիստոնեական եկեղեցու դեմքը», ասաց պատրիարքը:
Վերջերս «Ազգ» օրաթերթն անդրադարձել էր Ալլահշուքուր Փաշազադեյի հայտարարությանը, թե շատ կցանկանար, որ Գարեգին Բ-ն այցելեր Բաքու` հավելելով, որ եթե Հայ առաքելական եկեղեցու առաջնորդն ընդունի հրավերը, ապա այդ քայլում արտասովոր եւ տարօրինակ ոչինչ չկա:
Հ. Հ.
Նկար 1. Բարերար Արա Աբրահամյանը բացատրություններ է տալիս կառուցվող եկեղեցու մասին: