Այս մասին հայտարարել են թուրք մի խումբ երիտասարդներ, որոնք Ստամբուլում իրենց դժգոհությունն են հայտնել վարչապետի Էրդողանի հայտնի հայտարարությունների կապակցությամբ: Երիտասարդները ելել են բողոքի ակցիայի պաստառներով, որոնց վրա պատկերված է եղել Թալեաթ փաշան` Էրդողանի գլխով: Երիտասարդ թուրքերի անունից հայտարարությամբ է հանդես եկել Ջերեն Քենարը. «95 տարի է, ինչ մեզանում գործում է նույն պետական ռեֆլեքսը, այնինչ Թալեաթից մինչեւ Էրդողան որքա՞ն վարչապետներ են անցել: Վարչապետի լոնդոնյան հայտարարությունները` հայերին երկրից հանելու վերաբերյալ, դեմ են միջազգային իրավունքին եւ մարդկային խղճին», հայտարարել է Քենարը : Դիմելով թուրքական քաղաքական վերնախավին` Քենարն ասել է. «Թալեաթ, Էնվեր փաշաների դատապաշտպաննե՞րն եք դարձել: Մենք չենք ուզում լինել նրանց թոռները, մենք ուզում ենք լինել այն թուրքերի թոռները, որոնք պատսպարեցին որոշ հայերի եւ պաշտպանեցին նրանց կոտորածներից»:
Հ. Ա.