«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2010-03-17 | #47, 2010-03-18 | #48, 2010-03-19


«252-ՐԴ ԲԱՆԱՁԵՎԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԵԼ»

Հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը

Մարտի 4-ին եւ մարտի 11-ին, համապատասխանաբար, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ Շվեդիայի պառլամենտի կողմից ճանաչվեց Հայոց ցեղասպանությունը: Անկարան անմիջապես, հետ կանչելով իր դեսպաններին Վաշինգտոնից եւ Ստոհոլմից, պահանջեց բացատրություններ ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ` Շվեդիայից: Եվ եթե Շվեդիան վարչապետի մակարդակով ներկայացրեց այդ բացատրությունները, ասելով, թե «մեկ ձայնի առավելությամբ ընդունված անհիմն որոշումը չի կարող խոչընդոտել թուրք-շվեդական հարաբերություններին», որի համար, ի դեպ, այդ երկրի վարչապետը կկանգնի Գերագույն դատարանի առջեւ` «շվեդ ժողովրդի կամքը արհամարելու մեղադրանքով», ապա ամերիկյան կողմից այդ «ներողությունները» այնքան էլ նկատելի չեն: Իսկ սա զարմանալի չէ, Միացյալ Նահանգներն այն երկիրն է, որ չի ընդունել եւ չի ընդունի, երբ իր հետ խոսում են ճնշումների, շանտաժների լեզվով: Որպես այս ամենի շարունակություն, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը , թերեւս պատասխանելով Թուրքիայի վարչապետի «արդար ցանկությանը», որ Անկարան սպասում է «շվեդական ներողության» նաեւ ամերիկյան մատուցումը, հայտարարել է. «Հայոց ցեղասպանության բանաձեւը չի կարող արգելափակվել: Չի կարելի միանշանակ պնդել, որ հայկական բանաձեւի հետագա ճանապարհը Կոնգրեսում կկասեցվի. Կոնգրեսն անկախ մարմին է եւ կանի այն, ինչ որոշել է»: Ահա այսպես է բացատրություններ տալիս ԱՄՆ-ը բոլոր ցանկացողներին: Գորդոնը, արդեն անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, նշել է, որ գործընթացը փակուղի չի մտել: ԱՄՆ պետքարտուղարի օգնականը եւս մեկ անգամ շեշտել է, որ Վաշինգտոնի համար շատ կարեւոր է հասնել հայ-թուրքական հաշտեցմանը:

Ֆիլիպ Գորդոնը խոսել է նաեւ «երկրորդական բաներից», մասնավորապես նա կոչ է արել Թուրքիային` ճնշում գործադրել Իրանի վրա` հրաժարվելու միջուկային ծրագրերից: Գորդոնը քննադատել է Անկարային, որ վերջինս չի սատարում Իրանի միջուկային ծրագրերն արգելող ՄԱԳԱՏԷ-ի բանաձեւը. «Երբ ամբողջ աշխարհը հանդես է գալիս Իրանի միջուկային ծրագրերի դեմ, Թուրքիայից իրարամերժ հայտարարություններ են հնչում», հայտարարել է Գորդոնը: Հատկանշական է, որ Վաշինգտոնից էլ արդեն նկատում են Անկարայի իրարամերժ հայտարարությունները: Թուրքիան մեկ հանդես է գալիս որպես միջնորդ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ, մեկ էլ վարչապետ Էրդողանն է հայտարարում. «Այդ ինչո՞ւ Իսրայելը պետք է ունենա միջուկային զենք, իսկ Իրանը` ոչ»: Ահա այսպիսի միջնորդությամբ է զբաղված Թուրքիան, իսկ Վաշինգտոնը, մանավանդ Իրանի մեկ այլ թշնամի Իսրայելը չեն կարող ներել Թուրքիային, երկերեսության համար: Նրանց ձեռքում բավական լուրջ «զենքեր» կան հասկացնելու Անկարային այդ մասին, եւ դրանցից մեկը, անշուշտ, հայկական բանաձեւն է:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4