ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Երեկ մարտի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում կայացել է 20 մլն 800 հազար դոլարի առուվաճառքՙ 405 դրամ մեկ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Վերջին օրերին տեղի ունեցած գործարքների ցուցանիշներից այս ցուցանիշը տարբերվում է ոչ միայն դրամի շարունակվող արժեզրկմամբ, այլեւ կատարված առուվաճառքի ծավալների կտրուկ մեծացմամբ: Ինչը վկայում է շուկայում դոլարի պահանջարկի մեծացման, իսկ ավելի մեծ հաշվովՙ տնտեսության դոլարայնացման մակարդակի շարունակվող բարձրացման մասին: Բնական է, որ նման տատանումների ժամանակ բնակչությանը նախեւառաջ հետաքրքրում է, թե ի՞նչն է պատճառը եւ որքա՞ն է շարունակվելու այդ երեւույթը: Հարցեր, որոնց միանշանակ պատասխանելը գրեթե անհնար է: Առավել եւս խիստ անշնորհակալ գործ է կանխատեսումներ անելը փոխարժեքի հետագա պահվածքի վերաբերյալ, քանզի, ինչպես բազմիցս ենք նշել, այն կախված է բազմաթիվ գործոններիցՙ ներքին եւ արտաքին: Չհավակնելով վերջնական եզրակացություններով հանդես գալուն, փորձենք նախ պարզաբանել, թե ինչո՞վ է պայմանավորված դրամի այս արժեզրկումը:
Պատճառներից հիմնականը, թերեւս, անցյալ տարվա ընթացքում մեր տնտեսական անկումն է, դրանից բխող բոլոր հետեւանքներովՙ արտահանման նվազում, մասնավոր փոխանցումների կրճատում եւ այլն: Դրա հետեւանքով երկիր մտնող արտարժույթի ծավալները նվազել են, ինչը չի կարող չթանկացնել արտարժույթը (մասնավորապես դոլարը) երկրի ներսումՙ համապատասխանաբար թուլացնելով ազգային արժույթը` դրամը:
Հիշեցնենք, որ դրամի շատ ավելի կտրուկ արժեզրկում տեղի ունեցավ անցյալ տարվա մարտի 3-ին: Սակայն այն ժամանակվա կտրուկ արժեզրկումը պայմանավորված էր ԿԲ կողմից մինչ այդ իրականացվող դրամի փոխարժեքի զսպման քաղաքականությամբ, որին հաջորդեց վերադարձը «լողացող փոխարժեքին», ինչի արդյունքում փոխարժեքը վերադարձավ իր բնական շուկայական հունին: Թեեւ երկու դեպքում էլ հիմնական պատճառը ճգնաժամն էր, բայց այս անգամ ԿԲ-ն չէր զսպել փոխարժեքը եւ այն, թերեւս, շատ ավելի «լողացող» էր, քան անհրաժեշտ էր կտրուկ տատանում թույլ չտալու համար: Այսինքն, Կենտրոնական բանկը մի տեսակ աչք էր փակել ահագնացող դոլարայնացման առաջ: Եթե նախկինում անընդհատ նշվում էր ազգային արժույթը կարեւորելու մասին, քայլեր արվում նրա դերը մեր տնտեսության մեջ ուժեղացնելու համար, ապա անցյալ տարվա մարտի 3-ից հետո այդ ամենը մոռացվեց: Դոլարի հանդեպ բնակչության պաշտամունքը (ավելի հարմար բառ դժվար է գտնել), նրա հետագա արժեւորման սպասումները քաղաքացիների եւ գործարարների մեջ, ավելանալով օբյեկտիվ իրողությունների հետ, որոնց մասին նշեցինք վերեւում, հանգեցրեցին դրամի նման կտրուկ արժեզրկմանը:
Մարդկանց ավելի շատ հետաքրքրում է, թե որքա՞ն եւ մինչեւ ե՞րբ կշարունակվի արժեզրկվել դրամը: Այս հարցի պատասխանը ստանալու համար դարձյալ պետք է վկայակոչենք արժեզրկման պատճառները: Այսինքն, անհնար է հստակ ժամկետներ եւ փոխարժեքի չափ մատնանշել, բայց մի բան կարելի է հաստատ պնդելՙ փոխարժեքի վրա էական ազդեցություն կարող է թողնել մարդկանց սպասումները: Այսինքն, եթե բոլորս, անընդհատ սպասելով, որ դոլարը կբարձրանա, նետվենք այն գնելու, դրանով խուճապ կստեղծենք եւ կնպաստենք դրամի շատ ավելի կտրուկ արժեզրկմանը: Այնպես որ, դոլարով գործարքներ կատարելու անհրաժեշտություն չունեցողներին հարկ չկա իրենց մոտ եղած դրամը փոխանակել: Իսկ որ դրամի արժեզրկումը, որոշ առումներով դրական լինելով արտահանման համար, այնուամենայնիվ, հիմնականում բացասական երեւույթ է, ակնհայտ է: Դրա հետեւանքով աճում են ապրանքների գները, նվազում է դրամային եկամուտներ ունեցողների, որոնք բնակչության գերակշիռ մասն են կազմում, գնողականությունը եւ ընդհանուր առմամբ բնակչությունն ավելի է աղքատանում: Այս երեւույթի դեմ պայքարը նախկինում Կենտրոնական բանկի գերակայությունն էր: Այժմ ԿԲ-ն անգամ խուճապի չմատնվելու հայտարարությամբ հանդես չի գալիս: Ասես այս ամենն իրեն չի վերաբերում եւ իր կողքով է անցնում: