Դրա շարժառիթները, սակայն, տարաբնույթ են
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Թուրքիայում դեռեւս շարունակվում են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Եթե հարկ լինի, 100 հազար հայերին կվտարեմ երկրից, որովհետեւ նրանք իմ քաղաքացիները չեն» հայտարարության արձագանքները: Թեեւ դրանք, որպես կանոն, հանգում են Թուրքիայի վարչապետի դատապարտմանը, սակայն բնույթով միանշանակ չեն, քանի որ տարբեր նպատակներ են հետապնդում:
Այդ իսկ պատճառով էլ արձագանքները մի դեպքում դառնում են Էրդողանի հայտարարությունն իշխանության դեմ որպես պայքարի միջոց օգտագործելու, այսինքնՙ շահարկման դրսեւորում, իսկ մյուս դեպքումՙ Թուրքիային դրա բացասական հետեւանքներից պաշտպանելու, այսինքնՙ նոր գլխացավանքից ազատելու մտայնություն, ինչպես նաեւ մարդասիրական նկատառումներով ցուցաբերված հակազդեցություն:
Զուգընթաց արձագանքներին, երկրում ակտիվորեն արծարծվում են նաեւ «Հայաստանցիներին Թուրքիայից կվտարե՞ն, թե՞ ոչ», «Էրդողանի այս հայտարարությունն ազգայնամոլությամբ է պայմանավորվա՞ծ, թե՞ Հայոց ցեղասպանության բանաձեւերին հակազդելու համար Հայաստանի եւ սփյուռքի վրա ճնշում գործադելու միջոց է» հարցերը: Թուրքիայից հայաստանցիների համատարած վտարման հետեւանքների մասին վարչապետ Էրդողանը չի կարող տեղյակ չլինել: Ահա թե ինչու նա BBC-ի թղթակցի հարցին պատասխանելիս արտաքսման առնչությամբ ասում է. «Եթե հարկ լինի... բայց ոչ այսօր կամ վաղը...»:
Հետեւաբար նա «արտաքսման» պատրաստակամությամբ փորձում է հակազդել բանաձեւերին: Քանի որ նա իբրեւ հակազդեցության միջոց օգտագործում է Թուրքիայում գտնվող հայաստանցիներին, որոնք միաժամանակ դառնում են Հայաստանի եւ հայկական սփյուռքի վրա ազդելու լծակ, ուստի նրա հակազդեցությունը ինքնաբերաբար վերածվում է շանտաժի:
Ինչ վերաբերում է Էրդողանի հայտարարության արձագանքներին, ապա, պետք է ասել, որ կառավարության անդամները, ինչպես երեկվա համարում նշել է «Ռադիկալը», հրաժարվել են մեկնաբանել: Թուրքիայի ազգային մեծ ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ջաֆեր Ուսքյուլն ասել է, որ միգրանտները սոսկ Թուքիային յուրահատուկ խնդիր չեն, ինքը որեւէ տարբերություն չի տեսնում հայաստանցի եւ մյուս միգրանտների միջեւ, նրանց արտաքսումը լուծում չէ:
Այնուհետեւ նա շարունակել է. «Վարչապետ Էրդողանի մոտեցումը հազիվ թե ազգայնամոլության դրսեւորում լինի, որովհետեւ ունենք հայ քաղաքացիներ, իսկ ազգայնամոլությունը ենթադրում է ընդհանուր մոտեցում բոլոր հայերի նկատմամբ: Ըստ երեւույթին վարչապետն առկա խնդիրների առնչությամբ Հայաստանին ճնշելու նպատակով է արել այս հայտարարությունը: Չեմ ընդունում, որ դա «տեղահանության» պատրաստակամություն է, ոչ էլ կարծում եմ, որ մեր վարչապետը կանի իր ասածը»:
Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ներկայացուցիչ Նեջիփ Թայլանը լրացրել է նրան. «Կարծում եմ, խնդրահարույց հայտարարություն էՙ շահարկումներին հարմար: Հայաստանի վիճակը հայտնի է, բազմաթիվ ընտանիքներ իրենց գոյությունը պահպանում են մեր երկրում աշխատողների ուղարկած գումարներով: Արտաքսումը լուրջ դժվարություններ կպատճառի: Օրինակ, եթե Գերմանիան էլ նույն կերպ վարվի, ապա դժվարին կացության մեջ կհայտնվենք նաեւ մենք: Չգիտեմ, թե վարչապետն ինչո՞ւ է ասել, սակայն նրա ասածներն ընդհանուր առմամբ սխալ եմ համարում, որովհետեւ միգրանտներ կան նաեւ այլ երկրներում: Որքանո՞վ է նպատակահարմար արտաքսման օգտագործումը որպես ազդեցության լծակ: Եթե այս հայտարարությունը միգրանտներին է հասցեագրված, ասելու համար. «Դուք սփյուռքին տեր մի կանգնեք, ձեր պետության եւ սփյուռքի դեմ դիրքեր գրավեք», ապա կարելի է մեղմել ոճը, սակայն ինչ էլ որ լինի, պետք է զգույշ լինել, որովհետեւ լուրջ նեղություն կպատճառի»:
«Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Աքըն Բիրդալը Էրդողանի հայտարարությունը համարել է ազգայնամոլության դրսեւորում, ասելով. «Ակամա մտահոգվում ես, մի՞թե վերակենդանանում է 1915-ի ոգին: «Արտաքսման» օգտագործումը որպես սպառնալիքի եւ շանտաժի միջոց շուրջ 10 հազար հայ աշխատավորների դեմ, որոնց 90 տոկոսը կանայք են եւ մեծ մասամբ համալսարանական կրթությամբ, շատ վտանգավոր երեւույթ է»:
Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ փակված քրդամետ «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցության հիմքի վրա ստեղծված «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության մեկ այլ պատգամավոր Ուֆուք Ուրասը հայտարարության առնչությամբ խստագույնս դատապարտելով Էրդողանին, դա պայմանավորել է այլատյացությամբ եւ ազգայնամոլությամբ: Նա ընդգծել է. «Անկախ թվաքանակից, հայ միգրանտներին երկրից արտաքսելը ոչ այլ ինչ է, քան «տեղահանության» նոր մտայնություն, այն էլ 21-րդ դարում: Այս մտայնությունն անընդունելի է, չի կարելի հանդուրժել»:
Հատկանշական է, որ Թուրքիայի վարչապետին իթթիհատականների իրավաժառանգորդ Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայքալի հետ դատապարտել է նաեւ «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանՙ Ազգայնական շարժում կուսակցության փոխնախագահ Դենիզ Բոլյուքբաշին, ընդգծելով. «Երկրից հայաստանցիներին համատարած արտաքսելու դեպքում դուք հայերին աներեւակայելի հնարավորություն կտաք, նրանք կտեսագրեն արտաքսման տեսարանները կայարաններում եւ օդանավակայաններում, իսկ դա կստեղծի երկրորդ տեղահանության պատրանք»:
Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Բայքալի արձագանքին, որը «ահավոր եւ անփառունակ» էր համարել վարչապետ Էրդողանի հայտարարությունը, անդրադարձել էինք նախորդ համարում, միաժամանակ նշելով, որ Թուրքիայից հայաստանցիներին արտաքսելու գաղափարը պատկանում է նրա կուսակիցներին, մասնավորապես պատգամավորներ Օնուր Օյմենին, Շյուքրյու Էլեքդաղին եւ տկն Ջանան Արթմանին, ընդ որում վերջինը հայկական ծագում էր վերագրում նախագահ Աբդուլլահ Գյուլի մորը, իսկ մյուսները դավաճանության մեջ էին մեղադրում էրդողանին, որ հայաստանցիների նկատմամբ հանդուրժողականություն էր ցուցաբերում:
Այլ կերպ, Ժողովդա-հանրապետական կուսակցության պարագայում մենք գործ ունենք վարչապետ Էրդողանի հայտարարությունը որպես ներքաղաքական պայքարի միջոց շահարկելու փաստի հետ: Ինչ վերաբերում է Ազգայնական շարժում կուսակցությանը, որի թերեւս առանձնահատկությունն ընդգծված հայատյացությունն է, ապա նրա փոխնախագահն էլ Էրդողանին քննադատելիս առաջնորդվում է Թուրքիային նոր գլխացավանքներից ազատելու մտայնությամբ: