Մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի մարտի 4-ի ընդունած որոշումը` Չիկագոյի համալսարանի փորձագետ Ռոնալդ Սյունին , «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, հիմնավորել է, որ «այն, ինչ արել են օսմանցի թուրքերը հայերի հետ, ամբողջովին համապատասխանում է ցեղասպանություն եզրույթին»: «Ոչ մի կասկած չկա, որ մենք գործ ունեք պետականորեն կազմակերպված փոքրամասնություն կազմող ժողովրդի բռնի արտաքսման եւ զանգվածային սպանությունների հետ: Իսկ եթե խոսքը երկրի կառավարության կողմից հովանավորվող էթնիկական խմբի ոչնչացման մասին է, ուրեմն մենք խոսում ենք ցեղասպանության մասին», հայտարարել է Սյունին:
Այնուհետեւ Սյունին, ինչպես նաեւ մեկ այլ փորձագետՙ Ռոջեր Սմիթը , փաստում են, որ հայ զոհերի թիվը Օսմանյան կայսրությունում 1 մլն-ից քիչ չէ. «1915-ին Թուրքիայում ապրում էին շուրջ 2 մլն հայեր, հավանական է, որ նրանցից մեկուկես միլիոնը բռնի տեղահանվել են եւ սպանվել: Այսօր ժամանակակից Թուրքիայում ապրում են մոտ 60 հազար հայեր, փաստորեն ակնհայտ է, թե որքան է փոխվել հայ ազգաբնակչության թվաքանակը Թուրքիայում», եզրակացնում են փորձագետները:
Վերջում նրանք համոզմունք են հայտնում, թե քանի դեռ լուծված չէ ցեղասպանության խնդիրը, չի կարելի խոսել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մասին:
Հ. Ա.