«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2010-03-18 | #48, 2010-03-19 | #49, 2010-03-20


ԲԱՔՈՒՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

«Թրենդ.նյուզ»-ի տեղեկացմամբՙ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը դրական է գնահատել փաստը, որ հայկական կողմը ընդունել է մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը: Հիշեցնենք, ինչպես նախորդ համարում տեղեկացրել էր «Ազգը», Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում Մինսկի խմբի համանախագահների հետ իր խոսքերով կառուցողական հանդիպումից հետո արդեն Երեւանում հայտարարել էր, որ միշտ Բաքուն է անհամաձայն եղել մադրիդյան սկզբունքերին. «Եվ այն, որ այժմ Ադրբեջանը համաձայնել է դրանց, միայն կարելի է ողջունել», հայտարարել էր Նալբանդյանը:

Մամեդյարովը նաեւ նշել է, որ հիմա արդեն լավ հնարավորություն կստեղծվի «շարունակելու եւ ավարտելու Ղարաբաղի բանակցությունների առաջին փուլը». «Ինչպես նաեւ նախադրյալներ կարող են առաջանալ մեծ, խաղաղ համաձայնագրի մշակման համար», շեշտել է Ադրբեջանի արտգործնախարարը` հավելելով, որ հիմա անհրաժեշտ է միջնորդների հետ քննարկել հետագա քայլերը: Ավելորդ չենք համարում նաեւ հիշեցնել Նալբանդյանի խոսքերը, որոնք նա ասել է նաեւ Փարիզում Մինսկի խմբի համանախագահներին, որ Ադրբեջանը խեղաթյուրում է բանակցային գործընթացի էությունը` մե՛կ որոշ վերապահումներ անելով մադրիդյան սկզբունքների առնչությամբ, մե՛կ առհասարակ դրանք ընդունելով: Հատկանշական է, որ Մամեդյարովը տեղեկացրել է, որ Մինսկի խմբի համանախագահները դեռեւս իրեն չեն ներկայացրել Նալբանդյանի հետ ունեցած հանդիպման արդյունքերը, առանց որոնց ուսումնասիրման էլ, փաստորեն, Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարն ազդարարում է բանակցային «հաջորդ փուլի» մեկնարկը:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4