«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2010-03-18 | #48, 2010-03-19 | #49, 2010-03-20


ԿԹԱՆԿԱՆԱ՞ ԹՌՉՆԱՄԻՍԸ

Առաջիկա երկու ամիսներին թռչնամսի թանկացում չի սպասվում: Այս մասին երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Գազի գնի բարձրացմամբ կաճեն նաեւ թռչնամսի արտադրության ծախսերը, սակայն սպառողը գոնե առաջիկա երկու ամիսներին կկարողանա հավի միսը գնել ներկայիս 1 կգ` 1300-1400 դրամով: Ներկայումս թռչնաբուծությամբ հանրապետությունում զբաղվում են 28 մասնագիտական տնտեսություն եւ 8000 թռչնաբույծ` արտադրելով բնակչության տարեկան 38.000 տոննա պահանջարկված մսի 8.400 տոննան: Մնացյալը ներկրվում է: «Մեր նպատակն է մինչեւ 2014 թվականը թռչնամսի տեղական արտադրությունը հասցնել մինչեւ 30.000 տոննայի եւ ներկրել միայն 8000 տոննան», ասաց Սերգեյ Ստեփանյանը: Վերջինս նշում է, որ այսօր զարգացած երկրներում մեծ պահանջարկ է վայելում կրծքամիսը, իսկ չսպառված ազդրամիսը, որը հայտնի է առավելապես «կարմիր միս» անվամբ, ներմուծվում է զարգացող երկրներ: «Այդ իսկ պատճառով այդ միսն ավելի էժան է, քան տեղական արտադրողներինը: Այդ միսը մաքսազերծվում է 350 դրամով, ինչն անհավասար պայմաններում է դնում տեղական արտադրողին: Իսկ միակ փաստաթուղթը, որ պահանջվում է ներկրողից, պետք է միայն փաստի, որ ներկրվող ապրանքը վտանգավոր չէ առողջության համար», նկատեց Սերգեյ Ստեփանյանը: Նրա ներկայացրած տվյալների համաձայն, տեղական արտադրողն ակնկալում է 5-10 տոկոսի շահույթ, մինչդեռ ներկրողներն ունենում են մինչեւ 80 տոկոսի շահույթ:

Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը նշեց, որ Հայաստանում չկա այն լաբորատորիան, ուր հնարավոր կլիներ ստուգել ներմուծվող միսը: «Այդ թռչնամիսը ներծծված է հորմոններով», նկատեց Մելիտա Հակոբյանը: Ի տարբերություն թռչնամսի, տեղական արտադրողները կարողացել են ապահովել եւ նույնիսկ ավելի շատ ձու արտադրել, քան անհրաժեշտ է: 2009 թվականին հանրապետությունում արտադրվել է 630 մլն ձու, սպառվել է 578 մլն-ը: «Յուրաքանչյուր բնակչին տարեկան բաժին է հասել 186 ձու, մինչեւ 2014 թվականը մենք այդ թիվն ուզում ենք հասցնել 210-ի», ասաց Սերգեյ Ստեփանյանը:

Սպառողների պաշտպանությամբ զբաղվող Մելիտա Հակոբյանին անհանգստացնում է, որ խանութներում դեռեւս կարելի է հանդիպել առանց պիտակավորման ձվերի: «Երբ հարցնում ենք, թե որ ընկերությունների արտադրանքն է այդ ձուն, վաճառողները միշտ խոշոր արտադրողների անուններն են նշում: Բացի այդ, արտադրվում է ավելի շատ ձու, քան անհրաժեշտ է, եւ խանութներում կարելի է գնել նաեւ հնացած ձվեր», ասաց Մելիտա Հակոբյանը:

Թռչնաբույծների միության նախագահը նկատում է, որ խոշոր ընկերություններում պիտակավորումը կատարվում է առանց բացառության եւ շուկայում հայտնված չպիտակավորված ձվերը սովորաբար անհատ ֆերմերների արտադրանքն են: «Դա իսկապես խնդիր է», նշեց Սերգեյ Ստեփանյանը:

Թռչնամսի գնի ինքնարժեքի 60-65 տոկոսը կազմում են կերի հետ կապված ծախսերը: «Եթե մի քանի տարի առաջ կերի ներկրմամբ զբաղվում էր 18 ընկերություն, այսօր միայնՙ 3-4: Նախորդ տարի կերի գինն աճեց երկու անգամ: Գներն աճեցին նաեւ համաշխարհային շուկայում: Սա էր թռչնամսի գնի աճի պատճառը», ասաց Սերգեյ Ստեփանյանը:

Թռչնաբուծությունը , Սերգեյ Ստեփանյանի հավաստմամբ, համարվում է ռիսկային բիզնես, ինչի պատճառով արտադրողները հաճախ են դժվարանում անհրաժեշտ ներդրումներ գտնել: «Արտադրությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար լուրջ ներդրումներ են անհրաժեշտ: Եթե թռչունների մորթն այսօր ճիշտ տեխնոլոգիաներով է կատարվում, ապա բակտերիացվածության նորմատիվությունը բարձր է մնում», ասաց թռչնաբուծության միության նախագահը:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4