«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2010-03-18 | #48, 2010-03-19 | #49, 2010-03-20


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆ ԱՐԴԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ Է 50 ՏՈԿՈՍԻՆ

Երեկ «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպվել էր քննարկում հայաստանյան սոցիալ-տնտեսական իրավիճակը թեմայով, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Վարդան Բոստանջյանը:

Ըստ Վարդան Բոստանջյանի` Հայաստանի Հանրապետությունը մինչեւ օրս չունի ֆինանսական համակարգ, ավելի ճիշտ` այն դրսեւորված է միայն բանկային համակարգի միջոցով:

«Ինչ վերաբերում է սոցիալական խնդիրներին, ապա Հայաստանի սահմաններից դուրս գտնվող մարդիկ իրենց գործունեությամբ ունեցել են դրական նշանակություն, որպեսզի Հայաստանում զսպվի սոցիալական անհանգստության երեւույթը», նշեց Վարդան Բոստանջյանը:

Միջազգային փորձագետների գնահատմամբ` ճգնաժամի պատճառով Հայաստանում աղքատությունն աճել է: Ազգաբնակչության աղքատությունն արդեն մոտենում է 50%-ին, այսպիսի ցուցանիշ չի դիտվել 1998 թվականից ի վեր:

Ֆինանսատնտեսական ճգնաժամը, որը սկսվեց մասնավորապես արեւմտյան երկրների ֆինանսական շուկաներից եւ հետագայում տարածվեց ասիական երկրներում, հիմնականում ուներ մեկ առանձնահատկություն` կապիտալի շուկայում սկսեցին իրական արժեքին մոտենալ անշարժ գույքի գները` արտահայտված հիպոթեկային արժեթղթերով ու հիպոթեկային շուկայով:

«Ըստ պաշտոնական հաղորդագրությունների` Հայաստանի վրա որպես առաջին ալիք տնտեսական ճգնաժամն ազդեցություն չի ունեցել: Ճգնաժամի փուլերն արհեստականորեն տարանջատելը ես համարում եմ մի մոտեցում, որով պարզապես փորձ է արվում թաքցնել իրական խնդիրները», ասաց Արծվիկ Մինասյանը:

Վերջինիս խոսքով` Հայաստանի տնտեսությունը կառուցված էր 2 հիմնական գործոններից: Առաջին գործոնը արտաքին տրանսֆերներն էին, իսկ երկրորդը` հանքահումքային արտադրատեսակների արտահանումը, որը բնորոշ է հատկապես 3-րդ եւ չզարգացած երկրներին: Համաշխարհային ճգնաժամի պատճառով տրանսֆերները կրճատվեցին, իսկ միջազգային շուկայում հանքահումքային գների նվազումն անմիջականորեն ազդեց տնտեսության վրա:

Հայաստանի տնտեսական անկումը տարածաշրջանում համարվում է խոշորագույնը: Միջազգային կառույցներում մեր տնտեսությունը չի դիտարկվում որպես մի տնտեսություն, որն ունակ է մրցակցային հարաբերությունների մեջ մտնելու տարածաշրջանի երկրների հետ:

Արծվիկ Մինասյանը նշեց մի շարք ելքեր, որոնք կարող են երկիրը հանել ճգնաժամից, օրինակ` անհրաժեշտ է իրապես պայքարել մենաշնորհների դեմ եւ հաստատել մրցակցային տնտեսական կարգեր, իսկ Վարդան Բոստանջյանը նշեց.

«Քանի որ ես կոալիցիայի մեջ եմ մտնում, ապա չեմ կարող այդպես ազատ ասել այն, ինչ կուզենայի ասել»:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4