«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2010-03-18 | #48, 2010-03-19 | #49, 2010-03-20


ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻԱՄՍՅԱԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը պաշտոնում նշանակվել է հոկտեմբերից: Ասում է, որ Հայաստանում դեռեւս բացահայտելու շատ վայրեր ու երեւույթներ կան, սակայն նրան առավելապես զարմացրել եւ հիացրել է մեր երկրում ընտանիքին տրվող կարեւորությունը: «Հայաստանում ընտանիքը շատ ամուր է: Այստեղ մի քանի սերունդ միասին են ապրում: Մեր երկրում սերունդները բաժան են ապրում», «Ուրբաթ» ակումբում ասաց ռեկտոր Ժոել լը Մորզելեկը : Նա նկատում է, որ չնայած ավանդույթների տարբերությանը, Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամությունն ամուր հիմքերի վրա է դրված, որի ապացույցներից մեկը Հայ-ֆրանսիական համալսարանի գործունեությունն է: «Համալսարանը գործում է արդեն տասը տարի: Այս հաստատությունը բացառիկ է այն առումով, որ շրջանավարտները ստանում են երկու երկրների պետական դիպլոմ», ասաց Ժոել Լը Մորզելեկը:

Եվ թեպետ համալսարանի դիպլոմն ընդունելի է նաեւ Ֆրանսիայում, համալսարանի նպատակը կադրեր պատրաստելն է, ոչ թե Ֆրանսիայի, այլ Հայաստանի համար: «Մեր ուսանողները կարող են կրթությունը շարունակել Ֆրանսիայում, սակայն մեր նպատակը Հայաստանի ապագա ղեկավարներին կրթելն է», ասաց Ժոել լը Մորզելեկը:

Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում համալսարանը կունենա իր մասնակցությունը` կազմակերպելով թատերական ներկայացում, սպորտային միջոցառում եւ քննարկում ֆրանսիական գովազդի մասին: «Հայերը ջերմությամբ են վերաբերում ֆրանսիական մշակույթին: Որոշ երկրներ միայն Ֆրանկոֆոնիայի օրն են նշում, Ֆրանսիան, օրինակ, մեկ շաբաթն է նշում, իսկ Հայաստանը` միամսյակը», ասաց Ժոել Լը Մորզելեկը:

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը նշվում է մարտի 20-ին: Ներկայումս Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ընդգրկում է 56 երկիր` միավորելով շուրջ 800 մլն մարդու, որոնցից 200 մլն-ը խոսում են ֆրանսերեն:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4