«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2010-03-18 | #48, 2010-03-19 | #49, 2010-03-20


ԳԵՂԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻՆ

Երեկՙ մարտի 19-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի եւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի կենսագրության հիշարժան օրերից մեկը գրանցվեց: ՀԱՊ-ի հավաքածուն հարստացավ հայ անվանի գեղանկարիչներ Վանո Խոջաբեկյանիՙ 12 եւ Սեդրակ Առաքելյանիՙ 20 գրաֆիկական աշխատանքներով: Նվիրատվությունն իրականացվել է գեղակադեմիայի ղեկավարության որոշմամբՙ ռեկտոր Արամ Իսաբեկյանի նախաձեռնությամբ եւ առաջարկով:

ՀԱՊ-ը հարուստ է Խոջաբեկյանի ե՛ւ գեղանկարչական, ե՛ւ գրաֆիկական հավաքածուով, իսկ Սեդրակ Առաքելյանի գրաֆիկական գործերից քչերն են ներկայացված: Պատկերասրահի 2-րդ հարկի ձախակողմյան ցուցասրահը երեկվանից այցելուին դիմավորում է այս նոր նվիրատվության հետաքրքական էքսպոզիցիայով:

Սեդրակ Առաքելյանի գրաֆիկական, ըստ էության, նորահայտ այս գործերը սեւ եւ գունավոր մատիտանկարներ են, մարդկային ֆիգուրների ճեպանկարներ («Նստած ծեր կինը», «Բնորդ»), ինքնանկարներ, ջրաներկ բնանկար-էսքիզներ («Աղջիկը ծաղիկներով», Ճանապարհին», «Սեւան» եւ այլն):

Վանո Խոջաբեկյանի 12 գծանկարները թեմատիկ-սյուժետիկ պատկերներ են, սեւամատիտ թույլ նրբագծերով, բոլոր գործերըՙ պատմողական նկարագրով, ապրած միջավայրի, ժամանակաշրջանի, մարդկային բարքերի ու սովորույթների արտահայտություններ ենՙ ընդգծված կերպարային լուծումներով («Աքլորակռիվ», «Շատախցի զինվորները», «Բռնցքամարտ», Գաղթականների պարը ապաստարանում», «Զատկի առեւտուր» եւ այլն):

ՀԱՊ-ի գրաֆիկայի բաժնի վարիչ Վիկտորյա Բադալյանը անդրադարձավ Նյու Յորքի ցուցասրահներից մեկում 1942-ին հնագետ եւ արվեստագետ Հարություն Ղազարյանի հավաքածուի ցուցադրությանը, որտեղ ներկայացված են եղել նաեւ Վանո Խոջաբեկյանի գծանկարներից: Ասում ենՙ ցուցասրահ մտած Արշիլ Գորկին նրա գործերի առաջ խոնարհվել է: 1966-ին Հարություն Ղազարյանը Խոջաբեկյանի գծանկարային 35 աշխատանք նվիրել է պատկերասրահին, եւ նույն տարվա ապրիլի 30-ին բացվել է ցուցահանդես:

Պատկերասրահի հավաքածուների հարստացման հիմնական ճանապարհներից մեկը նվիրատվությունն է: Ինչպես նկատեց ՀԱՊ տնօրեն Փարավոն Միրզոյանը , տասնամյակների իր պատմության մեջ ազգային պատկերասրահի այս նվիրատվությունն աննախադեպ է, Հայաստանի որեւէ պետական կառույցի, այն էլ ուսումնական հաստատության կողմից նման երեւույթ չի արձանագրվել: Պատկերասրահի աշխատակցուհին հույս հայտնեց, որ այս օրինակը վարակիչ կարող է լինել:

Իսկ նկարներն իրենց պատմությունն ու յուրահատուկ ճակատագիրն են ունեցել: Երկար ժամանակ մոռացության էին մատնված եւ գտնվեցին վերջերսՙ առաջին հարկից գեղարվեստի ակադեմիայի գրադարանի տեղափոխման ժամանակ, հին գրապահարանների հետեւից: Ակադեմիայի ամենաավագ դասախոսներն անգամ դրանց գոյության մասին լուր չունեին: Գտնված նկարները պատմական ու գեղարվեստական արժեք են ներկայացնում. դրանց մեջ ռուսական օֆորտիստների գործեր կային, Մալյավինի գծանկարներից, Սեդրակ Առաքելյանի եւ Խոջաբեկյանի գրաֆիկական վերոնշյալ գործերը, իսկ ամենացնցողը Ռեմբրանդտի 40 օֆորտներն էին... Փորձագետները, սակայն, հաստատեցին դրանց օրիգինալ չլինելը, շուրջ 150 տարվա այս գործերը, սակայն, արված են բարձր վարպետությամբ. բնօրինակից գրեթե չտարբերվող եւ լավ պահպանված են:

«Հայաստանի ազգային պատկերասրահը մեր ամենամեծ եւ արժեքավոր թանգարանն է, որտեղ ներկայացված են մեր մշակույթի գոհաները: Առհասարակ գծանկար աշխատանքներն ու գրաֆիկական գործերը դժվարությամբ են պահպանվում եւ ցուցադրության հատուկ ռեժիմ են պահանջում: Ազգային պատկերասրահին դրանք նվիրելու իմ առաջարկը Ակադեմիան ընդունեց սիրով: Այսպիսի աշխատանքներ էլի կան, որոնց նվիրատվության ժամանակն էլ կգա: Եվ սա որեւէ անձի, ղեկավարի հետ կապված չէ: Չնայած միայն հորս հիշատակը բավական էր ազգային պատկերասրահին xghm նվիրելու իմ այս որոշման համար», ցուցահանդեսի բացումից առաջ ասաց Արամ Իսաբեկյանը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4