«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2010-03-19 | #49, 2010-03-20 | #50, 2010-03-23


ՀԱՅ-ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՆԱՆ ԵՐԿՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՁԳՏՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Դամասկոս, Սիրիա

Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադի հրավերով ժամանեց Դամասկոս: Մանրամասներ դեռ կպատմենք, ուղղակի ներկայացնենք երկու նախագահների ելույթները առաձնազրույցից, ընդլայնված կազմով հանդիպումից եւ մամուլի ասուլիսից:

«Հայաստանը բարձր է գնահատում եւ մեծապես կարեւորում է Սիրիայի հետ հարաբերությունները», ասաց Հայաստանի նախագահը, նշելով, որ նախագահ Ասադի հետ քննարկեցին բազմաբնույթՙ տնտեսական, մշակութային, գիտատեխնիկական հարցեր, ինչպես նաեւ փոխանակեցին կարծիքներ եւ հստակեցրին միմյանց դիրքորոշումները տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրների վերաբերյալ: Նախագահ Սարգսյանն ասաց, որ կողմերի միջեւ միմյանց դիրքորոշումների հանդեպ փոխըմբռնման պատրաստակամություն կա: Հայ-սիրիական համագործակցության վերաբերյալ տաս փաստաթուղթ է ստորագրվել երեկ` էներգետիկայի, սպորտի, մշակույթի, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներին վերաբերող: Առեւտրատնտեսական հարաբերությունները խթանելու համար դեռ լուրջ քայլեր են անհրաժեշտ` սա ընդգծեցին երկու նախագահները. «Սիրիան առավել, քան որեւէ այլ երկիր, տեղյակ է Հայաստանի պատմության ամենածանր էջերին եւ ցեղասպանություն վերապրած մեր ժողովրդի ապրումներին», ասաց Ս. Սարգսյանը: Ըստ նրա` Հայաստանը լուրջ աշխատանք է տանում Հարավային Կովկասում խաղաղությունը, կայունությունը եւ անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ: Նախագահ Սարգսյանն այս համատեքստում դիտեց նաեւ հարաբերությունները հարեւան Թուրքիայի հետ եւ ցայսօր Հայաստանի կատարած քայլերըՙ երկկողմանի հարաբերությունների բարելավման խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ:

Հայաստանի նախագահի ասելով` Հարավային Կովկասում ինտեգրացիային խոչընդոտող հանգամանքներից է Ադրբեջանի որդեգրած անհանդուրժող դիրքորոշումը, որ մերժում է տարածաշրջանային համագործակցության ծավալումը` փոխարենը հնչեցնելով ռազմական հռետորիկա: Եւ պատահական չէ, որ Ադրբեջանն աշխարհում միակ երկիրն է, որ դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, մինչ վերոնշյալ գործընթացն արժանացել է ողջ քաղաքակիրթ աշխարհի հավանությանը: Նախագահ Սարգսյանն իր խոսքն ավարտեց` լավատեսություն հայտնելով հայ-սիրիական երկկողմ փոխշահավետ հարաբերությունների հեռանկարների առումով:

Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադն էլ Հայաստանի նախագահի այցը Սիրիա համարեց եւս մեկ քար` դրված այն կառույցին, որ անցյալ տարի Սիրիայի նախագահի Հայաստան գալով է սկզբնավորվել եւ հիմա շարունակաբար պիտի վեր բարձրանա:

Նա նաեւ նշեց քննարկված հարցերի մասին, ուժեղ կապերը վկայակոչեց զույգ ժողովուրդների միջեւ, նկատեց, որ առավել պետք է ամրապնդվեն մեր տնտեսաառեւտրական հարաբերությունները: Նա եւս նշեց, որ առեւտրական փոխանակումը դեռ չնչին է, եւ ջանքեր են պետք ոլորտը խթանելու:

Մերձավոր Արեւելքի ու Կովկասյան տարածաշրջանի իրավիճակը երկու նախագահների քննարկումների ծիրում են եղել, հատակապես խաղաղության թեման: Նախագահ Սարգսյանը նախագահ Ասադին ասել էր, որ որոշումը` կարգավորելու հայ-թուրքական հարաբերություններըՙ կարեւոր քայլ է, իսկ նախագահ Ասադն էլ իր կողմից առաջարկել է, որ Սիրիան, ով լավ հարաբերություններ ունի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Սիրիայի հետ, միջնորդի դեր խաղա հայ-թուրքական հարաբերություններում` ի շահ տարածաշրջանում բարեհարմար հարաբերությունների ստեղծման: Իսկ հայ-սիրիական հարաբերությունները պետք է առաջ գնան այն մակարդակով, որպեսզի համապատասխանեն երկու ժողովուրդների ձգտումներին:

Բաշար Ալ Ասադին տրված հայ լրագրողի հարցը հայ-թուրքական հարաբերություններին էր վերաբերում. «Մենք գտնում ենք, որ որեւէ հարց, երբ լուծվում է` այդ հարցի տերերը պետք է կարգավորեն այդ հարցը, հետո նոր հարեւանները: Պատմությունը ցույց է տալիս, որ երբ արտաքին միջամտություն է եղել, դա որեւէ դրական արդյունքի չի հասցրել, նույնիսկ խոչնդոտել է»: Ավելացնելով` որ կարծեք թե Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններն այսօր բնականոն հունով են ընթանում, իսկ եթե խոչընդոտներ կան` երկու կողմերն էլ պետք է ձգտեն այդ խոչընդոտների վերացմանը: Մենք որպես բարեկամ երկիր կմիջնորդենք, որ դրական լուծում լինի, այս ուղղությամբ կաշխատենք, քանի որ նախագահ Սարգսյանի ջանքերը զգացինք. նախագահ Սարգսյանի քայլն այս հարցում շատ ուժեղ քայլ է, եւ իրոք պետք է աջակցություն ստանա», ասա Ասադը:

Ասոշիեյթեդ պրեսի թղթակիցը նախագահ Սարգսյանից հետաքրքրվեց ԼՂ խնդրի ներկա պահով: Նախագահը նկատեց, որ խնդրի լուծման համար առնվազն բոլոր կողմերի կամքն ու ցանկությունն է հարկավոր: Որպես Հայաստանի նախագահ` նա պարտավորություն ունի ԼՂՀ բնակչության անվտանգությունն ապահովելու, անվտանգության երաշխիքներ ապահովելու: «Սակայն մեր տարածաշրջանում եւս ռազմատենչ հայտարաություններ են հնչում, խորանում է փոխադարձ թշնամանքը», ասաց նախագահ Սարգսյանը` հիշելով, որ Ադրբեջանը մերժեց իր առաջարկը ուժի չկիրառման փաստաթուղթ ստորագրելու, ինչը ՄԱԿ-ի եւ ԵԽ փաստաթղթերի եւ համաձայնագրերի ոգուն հակառակ է: Իսկ ընդհանրապես` Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները շարունակվում են. «Մենք փնտրում ենք լուծումներ, որոնք հակամարտության պատճառներն ու հետեւանքները կվերացնեն, եւ հուսով եմ` այդպիսի լուծում կգտնվի», ասաց նախագահ Սարգսյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4