«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2010-03-19 | #49, 2010-03-20 | #50, 2010-03-23


ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ` ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱ՞Ն

Մեկնաբանելով ուժի չկիրառման համաձայնագիր ստորագրելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Evronews-ով հնչեցրած կոչը, ադրբեջանցի քաղաքագետ Վուգար Սեիդովը Ազերթաջ գործակալությանն ասել է, թե նման փաստաթուղթ ստորագրելուց առաջ Հայաստանը, մասնավորապես, «պետք է զորքերը դուրս բերի օկուպացված տարածքներից»:

Քաղաքագետի այսօրինակ դատողությունից վերստին համոզվում ես, որ Ադրբեջանում ոչ մի մակարդակում տավտոլոգիայի պակաս բնավ չկա: Վ. Սեիդովի մեկնաբանության ենթատեքստը հիշեցնում է Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր, ժողովրդական ճակատ կուսակցության անդամ, պատերազմական ժամանակաշրջանում գումարտակի հրամանատար դարձած Ֆաիկ Բախշալիեւի մի հարցազրույցի բովանդակությունը: Հարցազրույցը վերջինիս հետ անձամբ վարել եմ 1991-ի սեպտեմբերի 21-ին, երբ նա Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ելցինի, Նազարբաեւի ու Մութալիբովի հետ ժամանել էր Ստեփանակերտ: Այն տպագրվել է «Արցախ» հանդեսի 1992-ի առաջին համարում` «Եթե ժողովրդավարությունն Ադրբեջանում հաղթեց` կշահենք բոլորս միասին» վերնագրով:

Ցավոք, ժողովրդավարությունն Ադրբեջանում այդպես էլ չհաղթեց, որովհետեւ ժողովրդավարության ջատագով ներկայացող «խալգ ջաֆասին» տխրահռչակ Աբուլֆազ Էլչիբեյի գլխավորությամբ պատերազմ սանձազերծեց պաշարված Ղարաբաղի դեմ:

Հետեւանքները մեզ քաջ հայտնի են, բայց հիշենք, թե այն ժամանակ ինչ էր ուզում Ֆաիկ Բախշալիեւը: Նա գտնում էր, որ Ղարաբաղին խաղաղություն բերող ուղին Ադրբեջանում ազգային բանակ ստեղծելն է: Ըստ ԱՃ գաղափարաբանության, միայն ազգային բանակի ներկայությունը կարող էր կարգուկանոն հաստատել Լեռնային Ղարաբաղում: Երբ նրան հարցրինք, թե արդյո՞ք Ղարաբաղին նույնպես զինված ուժեր պետք չեն, նա բացասական պատասխան տվեց` ի պարզաբանում ասելով, թե «ադրբեջանական բանակն ինքը կարող է պաշտպանել ղարաբաղցիներին»: Հասկանալի է, իհարկե, թե ումից էր մեզ ուզում պաշտպանել Ադրբեջանը:

Նույն այս ինֆանտիլության համատեքստում կարելի է գնահատել Վուգար Սեիդովի վերոհիշյալ մեկնաբանությունը: Ադրբեջանը պարբերաբար հնչեցնում է հայկական զորքերը շփման գծից հանելու պահանջը, բայց երբեք չի ուզում բացատրել Ղարաբաղի շուրջն իր բանակն ակն ընդ ական պահելու իրական նպատակը: ԼՂՀ զինված ուժերն արդեն գլխավոր խնդիրը լուծել են` գծելով երկրի անվտանգությունն ապահովող սահմանները: Եվ եթե մտավախություն կա, թե Ղարաբաղը կարող է հարձակվել եւ եւս մի քանի շրջաններ գրավել, ապա հայ ինքնապաշտպանները դա կարող էին անել նաեւ 1993 թվականին, երբ ադրբեջանական ասկյարները ռազմադաշտից խուճապահար ճողոպրում էին:

ԼՂՀ բանակն իր կազմավորման օրվանից պաշտպանական առաքելություն ունի եւ հենց այդպես էլ կոչվում է, թեպետ ՊԲ հրամանատարը քանիցս հայտարարել է, որ եթե Ադրբեջանը հանկարծ ռազմական գործողություններ սկսի, ապա ղարաբաղյան զինուժը ստիպված է լինելու այդ գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածքի խորքերը: Գուցե այս հիշեցումի՞ց է զգուշանում Ադրբեջանը...

ՀՀ նախագահի կոչը, թվում է, պետք է որ լավ ազդակ լինի Իլհամ Ալիեւին եւ ողջամտություն ցուցաբերելու հիմք դառնա, եթե նա իրականում սահմանափակված չէ մադրիդյան սկզբունքներ կոչվածը բացառապես իր երկրի շահերի մեջ տեսնելու ցանկությամբ:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4