«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2010-03-19 | #49, 2010-03-20 | #50, 2010-03-23


ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐԻՆ` 3,1 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2010-ի հունվար-փետրվար ամիսների օպերատիվ սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական աճը կազմել է 3,1 տոկոս: Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 321 մլրդ 650 մլն դրամ: Փետրվարին հունվարի համեմատ աճն ավելի նշանակալից է եղելՙ 15,2 տոկոս, ինչը, սակայն, բնական պետք է համարել, քանի որ տնտեսական ակտիվությամբ հունվարը սովորաբար զիջում է փետրվարին: Միաժամանակ, հիշեցնենք, անցյալ տարվա հունվար-փետրվարին արձանագրվել էր 3,7 տոկոս տնտեսական անկում:

2009-ի հունվար-փետրվարի համեմատ, բացի շինարարությունից եւ ծառայություններից, մեր տնտեսության բոլոր ճյուղերն աճ են արձանագրել: Մասնավորապես, արդյունաբերությունն աճել է 9,4 տոկոսով: Փետրվարին հունվարի նկատմամբ նույնպես արդյունաբերության աճը զգալի էՙ 9,9 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-փետրվարին աճել է 3,9 տոկոսով, փետրվարինՙ հունվարի համեմատ սակայն անկում է արձանագրվել 11 տոկոսով: Գյուղատնտեսությունն աճել է 2,7 տոկոսով, իսկ փետրվարին հունվարի նկատմամբ նվազելՙ 15,9 տոկոսով: Մանրածախ առեւտրում արձանագրվել է փոքրՙ 0,6 տոկոս աճ, իսկ հունվարի համեմատ փետրվարինՙ 21 տոկոս աճ: Շինարարության անկումը սկսել է նվազելՙ նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատՙ 3 տոկոսով, իսկ այս տարվա փետրվարին հունվարի համեմատ այս ոլորտում արձանագրվել է 16,2 տոկոս աճ: Ծառայությունների ծավալը մնացել է անփոփոխ, իսկ փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է 28 տոկոս աճ:

Արտաքին առեւտրաշրջանառությունն ավելացել է 22,5 տոկոսով եւ կազմել 625,2 մլն դոլար: Արտահանումը կազմել է 121,4 մլն դոլար, երկրորդ ամսին անընդմեջ արձանագրելով բավականին լուրջ աճՙ այս անգամ 53,5 տոկոսով: Փետրվարին հունվարի համեմատ աճը կազմել է 25,2 տոկոս: Ներմուծումը կազմել է 503,8 մլն դոլար, աճելով 16,8 տոկոսով: Փետրվարին հունվարի համեմատ աճը 0,3 տոկոս: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է ավելի քան 382 մլն դոլար:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում հունվար-փետրվարին կազմել է մոտ 101 հազար դրամ, մասնավոր հատվածում կազմել է 127 հազար դրամ, պետականումՙ 83 հազար դրամ: Հունվար-փետրվարին գնաճը կազմել է 8,2 տոկոս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Պաշտոնապես գրանցված գործազուրկների քանակն ավելացել է 10,4 տոկոսով, բայց փետրվարին հունվարի համեմատ նվազել է11,5 տոկոսով:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4