Ամբողջ աշխարհում ամենատարածվածը համարվում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները:
Ըստ 2008 թվականի վիճակագրական տվյալների` վերը նշված հիվանդություններից մահվան ցուցանիշը բնակչության մահացության ընդհանուր կառուցվածքում կազմել է 50%, իսկ հիվանդությանը` 15,1 %:
«Մահացությունն ավելի բարձր է տղամարդկանց մեջ` ավելի շատ սրտամկանի սուր ինֆարկտից եւ տարածված է 40-60 տարեկան մարդկանց շրջանում», երեկ «Դե ֆակտո» ակումբում` ասուլիսի ժամանակ ասաց համաճարակաբան Դիանա Անդրեասյանը :
Սրտային հիվանդությունների առաջացումը կախված է մի շարք գործոններից` ֆիզիկական թերակտիվությունից, անառողջ սննդակարգից, ծխախոտից, ոչ պակաս դեր ունեն նաեւ սթրեսներն ու սոցիալական խնդիրները: Ճարպակալումով հիվանդները եւս հակված են ունենալու սրտանոթային հիվանդություններ, իսկ Հայաստանում, ըստ Դիանա Անդրեասյանի, գիրություն ու ճարպակալում ունեցողները կազմում են բնակչության 48,1 %-ը:
«Սրտանոթային հիվանդությունների բուժման մակարդակը տարբեր հիվանդանոցներում տարբեր աստիճանների վրա է: Ունենք հիվանդանոցներ, որոնք սրտի իշեմիկ հիվանդությունը բուժում են դեռ 18-րդ դարի մակարդակով», նշեց մյուս բանախոսը` սրտաբան-վիրաբույժ Վիլեն Մանուկյանը :
Մյուս կողմից էլՙ սրտային հիվանդությունների բուժումը Հայաստանում շատ թանկ արժե, օրինակ` սրտի միջին վիրահատությունն արժե 2,5 միլիոն դրամ:
«Վիրահատությունները կատարում ենք 7-8 հազար դոլարով, բայց չպետք է մոռանանք, որ վիրահատություն ենք կատարում մի երկրում, որտեղ թոշակն ընդամենը 30 հազար դրամ է: Մեր երկրի պայմաններում վիրահատությունը պետք է արժենար ամենաշատը 1000 դոլար», ասաց Վիլեն Մանուկյանը:
Սրտանոթային հիվանդությունները սրվում են հատկապես գարնանը, ինչը պայմանավորված է արյան ճնշման տատանումներով: Վիլեն Մանուկյանը խորհուրդ է տալիս տարբեր տեսակի բուժումներից ու վիրահատություններից խուսափելու համար նախ եւ առաջ պահպանել առողջ սիրտը.
«Պետք է անցնել առողջ ապրելակերպի` չծխել, բարձրացնել ֆիզիկական ակտիվությունը, օրական 1-3 ժամ տրամադրել քայլելուն: Մարդը գոնե մի քանի ժամով պետք է կտրվի ամենօրյա աշխատանքային ռիթմից, որպեսզի օրգանիզմը կարողանա վերականգնվել, հակառակ դեպքում արդեն երիտասարդ տարիքում բարձր ճնշումը կդառնա սովորական երեւույթ», հավելեց սրտաբանը:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ