Մոսկվայում կյանքի 64-րդ տարում մահացել է հանրահայտ երգչուհի Վալենտինա Տոլկունովան: ՌԻԱ գործակալության տվյալներով, նա ուներ ուռուցքային հիվանդություն: Բելառուսի Մոգիլյով քաղաքում փետրվարի 16-ի համերգից հետո նրան տարել էին հիվանդանոց, ապա տեղափոխել Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոց:
Վալենտինա Տոլկունովան ծնվել էր 1946 թ. հուլիսի 12-ին Արմավիր քաղաքոմ: 1966-ին սկսել էր երգել Յուրի Սաուլսկու ջազային նվագախմբում: Հինգ տարի անց ավարտել էր Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը: Համբավի արժանացել էր Սյունազարդ դահլիճում 1972 թ. ունեցած ելույթից հետո:
1973-ից «Մոսկոնցերտի» մեներգչուհի էր: 1989-ին «Մոսկոնցերտի» բազայի վրա ստեղծվեց APT ստեղծագործական միավորումը, որի գեղարվեստական ղեկավարը դարձավ Տոլկունովան: 1987-ին նրան շնորհվեց ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհու կոչում:
Խորհրդային մի շարք երգահան-կոմպոզիտորների հետ աշխատած Տոլկունովային համաժողովրդական սիրո էր արժանացրել բազմաթիվ քնարական երգերի անզուգական կատարումը:
Պ. Ք.