«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2010-03-20 | #50, 2010-03-23 | #51, 2010-03-24


ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Սիրիա, Դամասկոս, Հալեպ

  «Ազգն» արդեն տեղեկացրել է, որ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադի հրավերով մարտի 22-24-ը պաշտոնական այցով այդ երկրում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի, սփյուռքի, մշակույթի եւ գյուղատնտեսության նախարարները, պաշտոնական այլ անձինք: Սիրիայում Հայաստանի նախագահին ու հայկական պատվիրակությանը ջերմ ընդունելություն է ցուցաբերվում: Այցի առաջին օրը երկու նախագահների առանձնազրույցից եւ մեր պատվիրակության հետ ընդլայնված կազմով հանդիպումից հետո տեղի ունեցավ հայ-սիրիական մշակութային փոխշփում` երեկոյան Դամասկոսի օպերային թատրոնում Հայաստանի եւ Սիրիայի առաջին տիկնանց` Ռիտա Սարգսյանի եւ Ասմա Ալ Բաշարի բարձր հովանու ներքո Հայաստանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնը ներկայացրեց Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը:

Երեկ Հայաստանի նախագահը դասախոսություն կարդաց Դամասկոսի համալսարանում: Նա նշեց, որ Սիրիան հայ ժողովրդի պատմության մեջ ուրույն տեղ ունեցող եւ մեզ շատ մոտ երկիր է` նման ճակատագրի ընդհանրությամբ, ժողովուրդների խառնվածքով եւ բազում թելերով կապված: Սիրիան եղել է այն կամուրջը, որը միացրել է մեզ արաբական եւ իսլամական աշխարհի հետ, իսկ հայերի եւ սիրիացիների պատմական ճակատագրերի զուգահեռներն ավելի են մոտեցրել մեր ժողովուրդներին: Նախագահը հիշեց, որ հենց Սիրիայի ճանապարհով է քրիստոնեությունը թափանցել Հայոց աշխարհ` այս երկրի տարածքից են առաքյալներ Թադեոսն ու Բարդուղեմեոսը եկել մեր երկիր` իրենց հետ բերելով քրիստոնեության լույսը, 4-5-րդ դարերում Ասորիքի բազմաթիվ քաղաքներում ուսանել են հայ երիտասարդներ, այդ թվում` Մեսրոպ Մաշտոցը: Մի խոսքով` քրիստոնեության տարածման եւ հայոց այբուբենի ստեղծման գործում նախագահը հիշատակեց «սիրիական հետքը»:

Նա նաեւ երախտագիտություն հայտնեց Սիրիայի քաղաքների եւ գյուղերի այն արաբ եղբայրներին, ովքեր քամահրելով մահապատժի վտանգը` 1915 թվականին չհանդուրժեցին մարդկության դեմ գործվող հանցագործությունը եւ ապաստան տվեցին օսմանյան իշխանության ոճրագործությունից մազապուրծ հայ մարդկանց: Նախագահ Սարգսյանը հիշեց Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադի` 1970-80-ական թվականների այցերը Հայաստան, Ցեղասպանության թանգարանի մոտ նրա այն հանրահայտ խոսքը, թե Սիրիան հայերի երկրորդ հայրենիքն է. «Հավատացեք, համաշխարհային քաղաքական գործիչների նման ժեստերը ժողովուրդների հիշողության մեջ չեն ջնջվում», ասաց Հայաստանի նախագահը: Ապա անցավ հայ-սիրիական շփումների ներկա պահին` նկատելով, թե անկախ Հայաստանի եւ Սիրիայի միջեւ վերջին 18 տարում ստորագրվել են մի քանի տասնյակ միջպետական պայմանագրեր, համաձայնագրեր եւ փոխըմբռնման հուշագրեր, Հայաստանի բուհերում սիրիացի եւ Սիրիայի համալսարաններում` հայ ուսանողներ են սովորում` գիտակրթական համատեղ ծրագրեր, գիտության տարբեր ոլորտներում` փոխհետաքրքրություն կա, գիտատեխնիկական համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրվել: Ընդհանրապես` Հայաստանը հետաքրքրված է արաբական աշխարհի հետ կապերն ընդլայնելու հարցում եւ այդ պատճառով էլ ներգրավված է Արաբական պետությունների լիգայում: Իսկ պատմության ընթացքում առաջացած վեճերը պետք է լուծել խաղաղ ճանապարհով` ուղիղ երկխոսության եւ համագործակցության միջոցով հարթեցնելով ժողովուրդների միջեւ առաջացած ատելության եւ անհանդուրժողականության պատնեշները. ըստ Հայաստանի նախագահի` Հայաստանն ու Սիրիան պատրաստ են շարժվելու այդ ուղղությամբ: Նա իր կողմից խոստացավ ջանք չխնայել` Հայաստանի եւ Սիրիայի միջեւ դարերով կառուցված կամուրջը միշտ ամուր պահելու համար, եւ ինչպիսի վերադասավորում էլ լինի տարածաշրջանում` դա չի կարող ազդել հայ-սիրիական հարաբերությունների շարունակականության վրա, որոնցում Հայաստանի նախագահը ապագա տեսավ:

Այնուհետեւ նախագահ Սարգսյանն այցելեց ՍԱՀ ժողովրդական ժողով եւ հանդիպում ունեցավ ԺԺ նախագահ Մահմուդ Ալ-Աբրաշի, ավելի ուշ` Սիրիայի վարչապետ Մուհամմադ Նաջի Օտրիի հետ:

Հետաքրքրական էր այցելությունը Օմայան մզկիթ: Այստեղ Հայաստանի նախագահին դիմավորեց եւ ուղեկցեց Սիրիայի կրոնի հարցերով նախարար Մուհամադ Աբդ ալ-Սատտարը:

Հայաստանի նախագահի պատվիրայությունը այցելեց նաեւ Դամասկոսի միակ` Սուրբ Սարգիս հայկական եկեղեցի: Հայաստանի նախագահին այստեղ դիմավորեցին Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Դամասկոսի հայ կաթոլիկ համայնքի եւ հայ ավետարանական եկեղեցու առաջնորդները: Այստեղ մթնոլորտն առավել քան հայկական էր` Հայաստանի նախագահին եւ նրա տիկնոջը, ողջ պատվիրակության կազմին աղուհացով դիմավորող հայկական տարազով աղջիկներ, հայեցի հանդիպումներին բնորոշ ջերմություն եւ հանդիսավորություն միաժամանակ:

Հայաստանի նախագահը ելույթ ունեցավ հավաքված հայ համայնքի ներկայացուցիչների համար, ովքեր ծափերով եւ բացականչություններով ողջունում էին նախագահին, արձագանքում նրա խոսքին: Նախագահն ասաց, որ հայ-սիրիական հարաբերությունների ապագան տեսնում է շատ փայլուն, եւ անկախ որեւէ վերադասավորումից, տարածշրջանային ուժերի ազդեցությունից` երկու երկրների բարեկամությունն անխախտ է լինելու, որովհետեւ այս բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի. «Ես չգիտեմ, թե աշխարհում քանի նախագահ կարող է հպարտանալ այն հանգամանքով, որ լինելով աշխարհի ամենատարբեր երկրներում` հարյուրավոր եւ հազարավոր մարդիկ հավաքվում եւ ողջունում են ՀՀ նախագահին: Սա մեր հարաբերական առավելությունն է, նաեւ` պարտականություն` օժանդակելու, որպեսզի սփյուռքն էլ ավելի հզորանա, հարատեւի, իր ներուժը նաեւ օգտագործի ՀՀ-ն հզորացնելու համար», ասաց նա` նկատելով, թե չի կարելի ասել, որ Հայաստանում ամեն ինչ փայլուն է, տնտեսական ճգնաժամի արդյունքները, սակայն, ըստ նախագահի, կամաց-կամաց հաղթահարվում են, 2010 թվականի մի քանի ամիսները խոսում են այն մասին, որ մեր տնտեսությունը տեղից շարժվում է. «Անպայման հասնելու ենք նրան, որ մեր երկիրը բարեկեցիկ, սփյուռքին աջակցող լինի , եւ պիտի Հայաստանը կարողանանք դարձնել նման բոլոր զարգացած երկրներին, որտեղ սիրում են ապրել մեր հայրենակիցները», ասաց նախագահը` հավելելով, որ այս առումով հույս է կապվում մեր քույրերի եւ եղբայրերի հետ, որոնք Հայաստանից դուրս են ապրում:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին` նախագահ Սարգսյանը հավաստիացրեց, որ երբեք, որեւէ անգամ ոչ ներկաները եւ ոչ էլ ուրիշները չեն լսի, որ կասկածի տակ է առվում Ցեղասպանությունը, կասկածի տակ է առնվում մեր ազգային խնդիրներից որեւէ մեկը, դա, ըստ նախագահի, բացառված է: Չնայած թուրքերը մեզ ցեղասպանության են ենթարկել, մեզ զրկել են մեր կենսական տարածքից, բայց մենք ուզում ենք հարաբերություններ սկսել նրանց հետ, մենք Ցեղասպանության ճանաչման հարցը որպես նախապայման չենք առաջադրում, ցանկանում ենք հաստատել հարաբերություններ եւ խոսել ամենատարբեր հարցերի մասին. ահա այս էր ձեւակերպումը հայ-թուրքական հարաբերությունների մասով. «Հասկանում եմ, որ շատ շատերի համար այսպիսի մոտեցումը գուրգուրելի չէ, քանի որ աշխարհով մեկ մեր հայրենակիցները սփռվել են ցեղասպանության պատճառով, բայց` հավերժ թշնամությունը որեւէ լավ բանի չի կարող բերել եւ այս ճանապարհն էլ անպայման պետք է փորձել. միգուցե այս ճանապարհով է հնարավոր թուրքերին համոզել, որպեսզի նրանք հասկանան իրենց սխալը եւ ճանաչեն Ցեղասպանությունը»:

Ղարաբաղի հարցում հայ-թուրքական գործընթացով պայմանավորված զիջումներ չկան եւ չեն լինելու. «Մենք պատրաստ չենք Ղարաբաղի հարցում միակողմանի զիջումների, բայց այս խնդիրը կարող է լուծվել միայն փոխզիջումների հիման վրա եւ, իհարկե, խաղաղ ճանապարհով: Երբ մեզ կառաջարկեն լուծման տարբերակ, մենք այն գաղտնի չենք պահի, հանրայնացնելու ենք այնպես, ինչպես հայ-թուրքական հարաբերությունները. եթե ժողովուրդն ընդունելի համարի` ընդունելու ենք, եթե ոչ` ոչ: Մնացած բոլոր խոսակցությունները գաղտնի պայմանավորվածությունների մասին հեքիաթներ են եւ կրկնվում են երկար տարիների ընթացքում: Մենք չենք կարող աճուրդի մեջ մտնել Ղարաբաղի խնդրում, որովհետեւ Ղարաբաղը բոլորիս համար անգին է: Մենք ոչ թե կարծր, այլ հաստատակամ դիրքորոշում ունենք սկզբունքային հարցերի վերաբերյալ, իսկ սկզբունքային հարցը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման հնարավորությունն է: Մինչ այդ պետք է հզորացնենք Ղարաբաղը, Հայաստանը եւ բանակը», ասաց Հայաստանի նախագահը:

Երեկ օրվա կեսին Հայաստանի պատվիրակությունը ժամանեց Հալեպ, որտեղ Հայաստանի նախագահին դիմավորեցին Հալեպի նահանգապետ Ալի Մանսուրան, ԲԱԱՍ կուսակցության Հալեպի կառույցի ղեկավարը եւ հալեպահայ համայնքի ներկայացուցիչները: Այսօր տարբեր ձեւաչափերով տեղի կունենան հանդիպումներ հալեպահայ շրջանակների հետ:

Այսօրվա համար ամփոփենք` ասելով, որ իսկապես հայերիս համար հետաքրքրական է լինել մի երկրում, ուր հազարամյակներ առաջ նույն արեւի ու նույն երկնքի տակ պատմական Ասորիքն է եղել, որն անգամ մի պահ Տիգրան Մեծի կայսրության մաս էր, իսկ դրանից էլ ավելի առաջ այս տարածքում Գիլգամեշի եւ Էնկիդուի շունչն է զգացվել` այս տարածաշրջանի նախահայրենիք Շումերի եւ այլ պետությունների թագավորներն են իրենց երկրները դարձրել հետո եկող ազգերի ստեղծման խառնարան: Ի՞նչ է ժառանգել Սիրիան` արաբականացումից, այլոց, այդ թվում թուրքերի լծի տակ երկար տառապելուց, վերջին հարյուրամյակում տասնյակներով հեղաշրջումներից հետո, մի խոսքով` ինչո՞վ է շնչում Հայաստանին բարեկամ այս երկիրն այժմ, դեռ կփորձենք բացահայտել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4