Աշխատանքով է ապահովվել 1240 մարդ
Ավարտվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հանրային աշխատանքների «Բրիջ» ծրագիրը: 5 տարի շարունակ ծրագրի հեղինակներն ու իրականացնողները նպատակ են ունեցել հանրապետության խոցելի խմբերին օգնել հասնելու ֆինանսական կայունության եւ ինքնավստահության: Նպատակին հասնելու միջոցը հստակ էր. ստեղծել աշխատատեղեր, կազմակերպել մասնագիտական հմտությունների դասընթացներ եւ վերականգնել համայնքի համար անհրաժեշտ սոցիալ տնտեսական ենթակառուցվածքները: 7 մարզերի 20 քաղաքներում ավելի քան 700 մարդ ուսուցանվել եւ նրանցից 70 տոկոսը աշխատանք են գտել շինարարությունում: «Վերականգնվել է 40 ենթակառուցվածք, զբաղվածություն ենք ապահովել ավելի քան 87000 մարդ-օր հաշվարկով, կարճաժամկետ աշխատանք է գտել 1240 մարդ», ծրագիրն ամփոփելիս արդյունքները ներկայացրեց «Բրիջ» ծրագրի տնօրեն Նուբար Գուդսուզյանը :
ԱՄՆ ՄԶԳ սոցիալական ծրագրերի խորհրդատու Վոլոդիմիր Յացենկոն նկատեց, որ ծրագրով վերականգնված ենթակառուցվածքների ցանկը մեծ է` քաղաքային այգիներից մինչեւ երաժշտական դպրոցներ, ջրագծեր: «Ենթակառուցվածքների վերականգնումն օգտավետ ու արդյունավետ էր ե՛ւ համայնքների, որը ձեռք բերեց նոր ենթակառուցվածքներ, ե՛ւ անհատների համար, որոնք աշխատանք գտան», ասաց Վոլոդիմիր Յացենկոն: Ծրագրի ընթացքում մշակվել են շինարարական մասնագիտությունների համար ուսումնական պլաններ, որոնցից երեքը կրթության եւ գիտության նախարարության կողմից արժանացել են հավանության: «Ես հիշում եմ, թե ինչ պատասխանատվությամբ էին մշակվում այդ ծրագրերը եւ որքան մանրամասն էին նշվում ուսումնական ծրագրերի իրականացման ձեւերն ու ընթացքը», ասաց Երեւանի պետական արդյունաբերական քոլեջի տնօրեն Աղասի Սարգսյանը :
5 տարվա ընթացքում կազմակերպվեց 54 դասընթաց: Նուբար Գուդսուզյանը նշում է, որ շինարարական մասնագիտությունները Հայաստանում հիմնականում սովորում են վարպետի աշխատանքին հետեւելով` առանց տեսական գիտելիքների, այդ իսկ պատճառով մասնագիտական գիտելիքներին ու հմտություններին տիրապետող որակյալ մասնագետներ շուկայում պակասում են: «Վերապատրաստված մասնագետներին աշխատանքով ապահովելիս խնդիրներ առաջացան կապալառուների հետ, որոնք սովորաբար քիչ են հաշվում աշխատանքային օրերըՙ եկամտահարկերից, սոց. վճարումներից եւ արտաժամյա վճարումներից խուսափելու համար: Սակայն մենք կարողացանք տեսական գիտելիքներ հաղորդելուց հետո մասնակիցներին նվազագույն աշխատավարձով նաեւ գործնական պարապմունքների հնարավորություն տալ, որից հետո կապալառուները նրանցից ընտրում էին իրենց համար մշտական աշխատողների», նշեց Նուբար Գուդսուզյանը:
Ծրագրի կարեւորությունն ու արդյունավետությունն ընդգծեց նաեւ պետական զբաղվածության ծառայության գործակալության պետ Սոնա Հարությունյանը ` նշելով, որ հաջողությունը ճիշտ եւ համադրված աշխատանքի արդյունք էր: «Զբաղվածության ապահովումը հատկապես գյուղական համայնքներում էական է, ուր մեծ չափերի է հասնում միգրացիան գործազրկության հետեւանքով», ասաց Սոնա Հարությունյանը: ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ «Բրիջ» հանրային աշխատանքների ծրագիրը իրականացրել է Սի Էյչ Էֆ Ինթերնեշնլ կազմակերպությունը, որի առաքելությունն է աջակցել աշխարհում ցածր եկամուտ ունեցող համայնքների զարգացմանը:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ