Մարտի 21-24-ը Արցախում կազմակերպվել էր «Ադրբեջանի պետական ահաբեկչության ու էթնիկական զտումների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի դեմ» թեմայով միջազգային գիտագործնական կոնֆերանս` նվիրված Շուշիի 1920 թվականի մարտյան ողբերգության 90-րդ եւ Բաքվի ջարդերի 20-րդ տարելիցներին: Այն կազմակերպել էին ԼՂՀ կրթության եւ գիտության, մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարարությունները, Արցախի պետհամալսարանը, Շուշիի «Կաճառ» գիտական կենտրոնը եւ Շուշիի պատմաերկրագիտական թանգարանը:
Կոնֆերանսի բացմանը ողջույնի խոսքով հանդես գալով` ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մասնավորապես նշել է, որ այդօրինակ քննարկումները հնարավորություն են տալիս համակողմանի ներկայացնելու հայ ժողովրդի հիմնախնդիրները` դրանք նաեւ միջազգային հանրությանը մատուցելու առումով:
Կոնֆերանսում հնչած զեկուցումները բազմաբովանդակ էին: Դրանք ներառում էին 20-րդ դարում Ադրբեջանի իրականացրած հակահայ քաղաքականության ծանր հետեւանքները էթնո-քաղաքական եւ մշակութային հարթություններում:
Բանախոսների կարծիքով, պատմական անհերքելի իրադարձությունները, որոնք հագեցած են եղել արցախահայության համար ողբերգական դրվագներով, պետք է արժանի գնահատման արժանանան` ընդգծելով պատասխանատվության հրամայականը: Հիշելով` պետք է վերաիմաստավորել անցյալը, գտնել այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք անցյալից ժառանգություն են մնացել:
Միջազգային գիտագործնական կոնֆերանսի ծրագրի բաղկացուցիչն էին կազմում նաեւ «Արտոնված ցեղասպանություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը խորհրդարանի ճեմասրահում եւ միջոցառման կազմակերպիչներից մեկի` «Կաճառ» գիտական կենտրոնի տնօրեն Մհեր Հարությունյանի հեղինակած «Ահաբեկչություն» ֆիլմի ցուցադրությունը: Կոնֆերասի մասնակիցները նաեւ այցելեցին ԼՂՀ զոհված ազատամարտիկների եւ պատմաերկրագիտական թանգարաններ, ներկա եղան հոգեհանգստի արարողության Շուշիի Ս. Ղազանչեցոց եկեղեցում:
Միջազգային գիտագործնական կոնֆերանսի մի խումբ մասնակիցների իր նստավայրում ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Ինչպես նշվում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պաշտոնական հաղորդագրությունում, երկրի ղեկավարը կարեւորել է նման կոնֆերանսի անցկացումը: Նախագահը նշել է, որ Շուշիի եւ Բաքվի ջարդերը մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից են եւ միեւնույն պատմաքաղաքական շղթայի օղակներն են:
Բակո Սահակյանը միաժամանակ ընդգծել է, որ նման զարգացումները ապագայում բացառելու համար անհրաժեշտ է առաջին հերթին բազմակողմանիորեն ուսումնասիրել դրանք` դիտարկելով պատմական, քաղաքական, մշակութային, ազգագրական, տնտեսական եւ այլ տեսանկյուններից:
Նախագահը հույս է հայտնել որ այդպիսի միջացառումներն Արցախում շարունակական կլինեն:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ