Հենց այս «դեղամիջոցն» է առաջարկում իշխանություններին, անձամբ նախագահ Սարգսյանին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը , որպեսզի երկիրը կարողանա հաղթահարել ներքին ճգնաժամն ու դիմակայել արտաքին մարտահրավերներին: Իսկ որպես առաջին քայլ` Շահնազարյանն առաջարկում է. «Անհապաղ ազատել քաղբանտարկյալներին, բայց չեմ կարծում, որ իշխանությունն ունի նման քաջություն, ուստի ճգնաժամը կշարունակվի եւ կխորանա»: Քաղաքական ճգնաժամի հնարավոր ավարտներից մեկը, անշուշտ, արտահերթ ընտրություններն են, որոնց իշխանությունը, ըստ Շահնազարյանի, կգնա, եթե անգամ դրա տրամադրությունը չունի: Իսկ իշխանափոխության ճանապարհին ՀԱԿ-ը համագործակցելու է միայն այն ուժերի հետ, որոնք իրոք ուզում են փոփոխություն: «Բայց ոչ այն ուժերի, որոնք Եվրոխորհրդից տեղեկանք են բերում, թե իբր իրենք էլ ընդդիմություն են», շեշտեց Շահնազարյանը:
Իսկ մինչեւ իշխանափոխությունըՙ Շահնազարյանը վերլուծեց երկրի արտաքին քաղաքականությունը: Ըստ բանախոսիՙ ղարաբաղյան բանակցային գործընթացում ստեղծվել է նոր իրավիճակ. «Հայաստանի իշխանություններն անընդհատ փորձում են Մինսկի խմբին զուգահեռ այլ ձեւաչափեր գտնել, իսկ Ադրբեջանը փորձում է ամրապնդել Մինսկի խումբը»: Որպես խոսքերի ապացույց` Շահնազարյանն ընդգծեց, որ Ադրբեջանն արդեն հայտարարել է, որ համաձայն է Մինսկի խմբի առաջարկած նորացված փաստաթղթին, սակայն Հայաստանը դեռ դա չի արել. «Սա բոլորովին նոր իրավիճակ է ստեղծում, քանի որ նախկինում Հայաստանն էր, որ միշտ պատրաստ էր առաջարկներ ընդունել: Այստեղից էլ եզրակացություն, որ նորացված փաստաթուղթը ակնհայտորեն ձեռնտու է Ադրբեջանին», նկատեց Շահնազարյանը: Մինչդեռ Սլովակիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ Երեւանում օրերս տված ասուլիսում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շեշտել էր, որ Ադրբեջանն է, որ երկար ժամանակ չէր համաձայնում նորացված փաստաթղթին. «Եվ այն, որ այժմ Բաքուն դա ընդունում է, միայն կարելի է ողջունել», հայտարարել էր Նալբանդյանը (այդ մասին «Ազգ» -ը գրել էր մարտի 19-ի համարում-Հ. Ա.):
Շահնազարյանը նաեւ կարծում է, որ Բաքուն վերջին շրջանում որոշ բացահայտումներ է անում` կապված բանակցությունների ընթացքի հետ, իսկ Հայաստանը չի բողոքում: Մեր կողմից ավելորդ չենք համարում եւս մեկ մեջբերում անել արտգործնախարար Նալբանդյանից. «Ադրբեջանական կողմը խեղաթյուրում է բանակցային գործընթացի էությունը»: Նալբանդյանն այս բառերն ասաց Փարիզում` Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման ժամանակ` մեկնաբանելով ադրբեջանական կողմի «բացահայտումները», որոնք ավելի շատ ինքնախաբեություն են հիշեցնում: Ինչեւէ, Դավիթ Շահնազարյանը հիմնվում է միայն սեփական տեղեկությունների վրա, որոնք նշում են, որ, համաձայն մադրիդյան սկզբունքների հրապարակված մասի, Երեւանը պարտավորվել է եւ համաձայնել է Ադրբեջանին տալ ԼՂՀ շրջակա առնվազն հինգ շրջանները:
Հ. ԱՖՅԱՆ