«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2010-03-23 | #51, 2010-03-24 | #52, 2010-03-25


«ԹՈՒՐՔԵՐԸ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵՆ, ՈՐ ԻՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԻՑ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆՆԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՆԵՐԿԱՅԻՍ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ»

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի փակուղի մտնելու պատճառը շտապողականությունն է: Բանաստեղծ Հակոբ Մովսեսն ու արձակագիր Հովհաննես Երանյանն այս հարցում չեն բանավիճում, պատճառը ընդունելի է երկուսի համար էլ: Դեռ ավելին, նրանք վստահ են, որ սահմանները բացելուց եւ նորմալ հարաբերություններ հաստատելուց առաջ հարկավոր է նախ ծանոթանալ միմյանց: «Հարաբերությունները պետք է աստիճանաբար զարգանան եւ պետք չէ արհեստականորեն առաջ քաշել:

Հայ-թուրքական հարաբերությունները քաղաքականացված են եւ մշակույթն այս հարաբերություններում տեղ չի գտնում: Որպեսզի հարաբերությունները նորմալանան, հարկավոր է հասնել ընդհանուր վիճակի: Այսօր մենք միմյանց որպես թշնամիններ ենք ներկայանում: Հարկավոր է մշակութային համագործակցության սկիզբ դնել, կազմակերպել սիմպոզիումներ, համերգներ: Հենց նման փոքրիկ քայլերից է սկսվում ծանոթությունը», «Հայելի» ակումբում երեկ նշեց բանաստեղծ Հակոբ Մովսեսը: Հովհաննես Երանյանն էլ նկատում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումն անհնար է առանց այդ երկրի կողմից սեփական անցյալի ընդունման: «Թուրքերը պետք է ընդունեն, որ իմ մշակութային հենասյուներից կարեւորագույնները գտնվում են ներկայիս Թուրքիայի տարածքում: Իմ էպոսը, տառերը եւ Նարեկը ստեղծվել են այնտեղ: Թուրքիան պետք է ընդունի, որ այնտեղ է իմ ինքնության ակունքները», ասաց Հովհաննես Երանյանը:

Բանախոսները նկատում են, որ ձգտելով հարաբերությունների բարելավմանը, հաճախ հասարակական կարծիքը շփոթում են քաղաքական դիրքորոշման հետ, իսկ հարաբերությունների հաստատման համար, չունենալով սոցիալական, հոգեբանական եւ տնտեսական հիմք, այդ դատարկությունը լցվում է քաղաքական ինտրիգներով: «Ինչպես մեր, Թուրքիայի հասարակությունն էլ պատրաստ չէ հարաբերությունների բարելավմանը: Թուրքերը մեզ դեռ չեն ընդունում որպես իրենց հավասարի եւ չեն համարում, որ հայ լինելը նույնքան պատվաբեր է, որքան նրանց համար թուրք լինելը: Այս գիտակցությունը մեզ անհավասար պայմանների մեջ է դնում», նշեց Հովհաննես Երանյանը: Անհավասար են պայմանները նաեւ մշակույթում: Հակոբ Մովսեսը նկատում է, որ այն ֆիլմերում, ուր ներկայացվում են հայի եւ թուրքի կերպարը սիրավեպի առանցքով, որպես կանոն հայը կնոջ դերում է, թուրքը` տղամարդու: «Սա նորից ի դերեւ է հանում այն հանգամանքը, որ հայը ենթարկվողի դերում է, որովհետեւ ի վերջո կինն է , որ թույլ է եւ ենթարկվող: Սա անազնիվ մոտեցում է:

Եթե մենք ուսումնասիրենք մեր գրականությունը, ապա չենք գտնի թուրքի ձեւավորված կերպար: Մեր գրականության մեջ կա արաբի, պարսիկի կերպար, բայց ոչ` թուրքի», ասաց Հակոբ Մովսեսը: Այսօր բանաստեղծը թե՛ գրականությունում, եւ թե՛ մամուլում տեսնում է թուրքի դրական կերպարի ձեւավորումը, ի տարբերություն 1950-60-ական թվականների գրականության, երբ թուրքը միանշանական բացասական էր ներկայացվում: «Այսօրվա միտումը թերեւս գալիս է մեր դյուրահավատությունից եւ մեր բարդույթներից ձերբազատվելու միջոց է», ասաց Հակոբ Մովսեսը: Խոսելով թուրքական մշակույթ-երեւույթի մասին` բանախոսները նշում են, որ այն սկսել է ձեւավորվել 18-րդ դարից` բանահյուսության հիմքի վրա: Եվ միայն 20-րդ դարում Աթաթուրքի շրջանում նրանք սկսեցին լուրջ ուշադրություն դարձնել լուսավորությանը : «Եթե մենք դիտարկենք թուրքական մշակույթ երեւույթը, ապա մշակութաբանական նման տերմինի հիշատակում եվրոպական գրականության մեջ չենք հանդիպի: Պատճառն այն է, որ թուրքերը բնիկ չեն եւ յուրացրել են այդ տարածաշրջանի մշակույթները` բյուզանդական, հայկական», նշեց Հակոբ Մովսեսը:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4