«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2010-03-24 | #52, 2010-03-25 | #53, 2010-03-26


ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԱՄԵՆԸ ՋՂԱՁԳՈՒԹՅՈՒՆ ԷՐ

Երեկ «Արցախ» մամուլի ակումբում հյուրընկալվել էր Հանրապետական կուսակցության երիտասարդական խորհրդի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը:

Ըստ Միհրան Հակոբյանի ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որ Թուրքիայում բնակվող Հայաստանի քաղաքացիներին կվտարի երկրից, ընդամենը քաղաքական ջղաձգություն էր:

«Թուրքիան, լինելով բազմաէթնիկ հանրապետություն, ունի ներքին շատ խնդիրներ: Դեռ չի լուծվել հայկական հարցը, պատկերացրեք` ի՞նչ կլինի, երբ այլ երկրներ սկսեն արծարծել քրդական հարցը», նշեց Միհրան Հակոբյանը:

Վերջերս դանիական մի կազմակերպություն սոցիոլոգիական հետազոտություն էր անցկացրել Թուրքիայում եւ պարզել էր, որ բնակչության 38%-ը ինքնության խնդիր ունի, այսինքն` մարդն իրեն թուրք չի համարում, բայց նաեւ չգիտի` ծագումով որտեղից է:

Թուրքիան տարբեր քայլերով ստորացնում է իր երկրում ապրող հայերին` ե՛ւ իր երկրի, ե՛ւ Հայաստանի քաղաքացիներին:

«Օրինակ` մի քանի տարի առաջ Թուրքիայի հայկական դպրոցներում նույնիսկ շարադրություններ էին գրում «Հայերի դավաճանությունը թուրքական պետության նկատմամբ Առաջին աշխարհամարտի տարիներին» թեմայով: Սա սեփական քաղաքացիներին ստորացնելու քաղաքականություն է, ասաց Միհրան Հակոբյանը, թե նման վարվելակերպով Թուրքիան արտաքին քաղաքականության հարթակներում ի՞նչ հաջողության կհասնի, անհայտ է»:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4