«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2010-03-24 | #52, 2010-03-25 | #53, 2010-03-26


ԹՈՒՐՔԵՐԻ 48 ՏՈԿՈՍԸ ԿՈՂՄ Է ԷՐԴՈՂԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԻՆ

Պոլսահայ համայնքից ներողություն է հնչում Էրդողանին, թե թիվը սխա՞լ ենք ասել

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ այսօր հանդիպելու է պոլսահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչ համարվող Պետրոս Շիրինօղլուն , որը նախագահում է Սբ Փրկչի հիվանդանոցի հոգաբարձուների խորհուրդը: Մինչ հանդիպումը, թուրքական TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Շիրինօղլուն հայտարարել է, թե Էրդողանը միշտ «շատ ուշադիր է եղել հայ համայնքի խնդիրների հանդեպ»:

Համայնքի անունից հանդես եկող Շիրինօղլուն հիշեցրել է, թե հայ համայնքի ներկայացուցիչը Էրդողանին 7 անգամ դիմել է հանդիպման խնդրանքով, եւ բոլոր դեպքերում համաձայնություն է ստացել:

Անդրադառնալով Էրդողանի կողմից 100 հզ. թվի օգտագործմանը` Շիրինօղլուն պարզաբանել է, թե այդ թիվը կազմվել է Թուրքիայի քաղաքացի 70 հզ. հայերի ու 30 հզ. հայաստանցիների գումարից, որը հենց հայ համայնքն է տրամադրել վարչապետին: Սակայն սխալմունքի պատճառով 100 հզ.-ը նշվել է որպես ոչ լեգալ միգրանտների թիվ:

«Էրդողանն էլ, վստահելով մեզ, արտասանել է 100 հզ., ինչի համար ես ներողություն եմ հայցում: Միաժամանակ, վարչապետին իմ երախտագիտությունն եմ հայտնում վստահության համար ու գիտեմ, որ Լոնդոնում ասած նրա խոսքերը սրտից չեն եղել», ասել է Շիրինօղլուն:

Թերեւս ամենուրեք ու ամեն մակարդակում քննադատության արժանացած Էրդողանի հայտարարությունը մեղմելու համար ամենահարմար տարբերակն է ընտրվել, թե հայ համայնքից էլ հենց դուրս է եկել սխալ թվաքանակը: Բայց թե թվաբանական գործողություներ կատարելու անհրաժեշտության բացակայության դեպքում այդպիսի գործերով զբաղվող Էրդողանից ինչո՞ւ է ներողություն հայցում համայնքի ներկայացուցիչը, այնքան էլ հասկանալի չէ, թեեւ տեղավորվում է այն նույն տրամաբանության մեջ, ինչ տրամաբանությամբ կամ գուցե ավելի շուտ դրա բացակայությամբ, թուրքական իշխանություններին` իրենց երկրից չվտարելու խնդրանք են ներկայացրել հայաստանցի «նելեգալները» Թուրքիայում:

Ներողությունը լրիվ անհեթեթ ու իմաստազուրկ է հնչում նաեւ այն վիճակագրության ֆոնին, որ տարածել է «Ազատություն» ռադիոկայանը: Ըստ այդմ, Անկարայում գործող MetroPoll հետազոտական կենտրոնի վերջին հարցման արդյունքներով, թուրքերի 48 տոկոսը կողմ է հայաստանցի անօրինական ներգաղթյալների արտաքսման` վարչապետ Էրդողանի գաղափարին: Հարցվածների միայն 34 տոկոսն է հայտարարել, որ կտրականապես դեմ է Էրդողանի լոնդոնյան հայտարարություններին:

Հայաստանցիների արտաքսման ամենաջերմ կողմնակիցները, ըստ սոցիոլոգների, երիտասարդներն են. հետազոտությանը մասնակցած 18-24 տարեկան երիտասարդների 55 տոկոսն ասել է, որ հայաստանցի միգրանտներին պետք է վտարել Թուրքիայից: Հայաստանցիների նկատմամբ առավել հանդուրժող են տրամադրված տարեց թուրքերը. 55-ից բարձր տարիքի հարցվածների միայն 42 տոկոսն է Էրդողանի տեսակետին, 36 տոկոսը կտրականապես դեմ է վարչապետի հայտարարություններին:

Թուրք սոցիոլոգները փորձել են նաեւ լույս սփռել մեկ այլ վիճահարույց խնդրի վրա` հետազոտության մասնակիցներին ուղղելով հետեւյալ հարցը. «Ձեր կարծիքով, որքա՞ն է Թուրքիայում առանց օրինական փաստաթղթերի բնակվող հայաստանցիների թիվը»: Պարզվել է, որ շարքային թուրքերի 26 տոկոսը հակված է հավատալու Ռեջեփ Էրդողանին` նշելով 100 հազար թիվը:

Հարցվածների 18 տոկոսի կարծիքով` Թուրքիայում բնակվող հայաստանցիների թիվն իրականում չի գերազանցում 25 հազարը: Հարցման մասնակիցների 40 տոկոսն էլ ընդհանրապես դժվարացել է պատասխանել այս հարցին: MetroPoll հետազոտական կենտրոնը հեռախոսային այս հարցումն իրականացրել է մարտի 18-ին: Հարցմանը մասնակցել են Թուրքիայի 31 քաղաքների 1000-ից ավելի բնակիչներ:

Այսօրինակ վիճակագրությունը վկայում է, որ Թուրքիայում լավ չեն տիրապետում իրավիճակին, հավատում են, թեկուզ եւ ոչ տեղին, երկրի վարչապետի խոսքերին, ավելին, կողմ են դրան: Չնայած վիճակագրության հարցերից ու դրանց մատուցումից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե հարցումն իրականացվել է որեւէ կերպ կրկին մեղմելու, կարգի բերելու Թուրքիայի վարչապետի հասցեին ուղղված մեղադրանքների տարափը, որ դեռեւս շարունակվում է:

Իրավիճակը շտկելու եւս մեկ փորձ էլ, վիճակագրություն ապահովելուն զուգահեռ, թուրքական իշխանությունների երեկ արված հայտարարությունն է, ըստ որի Թուրքիայում անօրինական ապրող հայաստանցիների երեխաները, որ մինչ այս իրավունք չունեն հաճախելու հայկական դպրոցներՙ չլինելով Թուրքիայի քաղաքացի, այսուհետեւ կդառնան աշակերտ: Բազմիցս անգամներ այս երեխաների հարցի բարձրացումը մնում էր անպատասխան, իսկ հիմա, երբ լոնդոնյան այցելությունը Էրդողանին ժողովրդավար լինելուց կիլոմետրերով հեռացրել է, վերջինս, հայաստանցիների երեխաներին դպրոց հաճախելու հնարավորություն տալով, փորձում է շտկել իրավիճակը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4