«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2010-03-24 | #52, 2010-03-25 | #53, 2010-03-26


ՀԱՅԱՍՏԱՆԸ 101-ՐԴՆ Է 133 ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵՋ

ՏՏ ոլորտում զարգացած ենք, բայց շատ քիչ ենք օգտվում

Ցանցային պատրաստվածությամբ, այսինքնՙ տեղեկատվական տեխնոլոգիաներից բնակչության, բիզնեսի եւ կառավարության օգտվելու ցուցանիշով մեր երկիրը զբաղեցնում է 101-րդ տեղը 133 երկրների մեջ: Այս մասին «Նովոստի» գործակալությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, ներկայացնելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույց 2009-2010»-ի արդյունքները, ասաց «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի տնօրեն Մանուկ Հերգնյանը : Նա, մասնավորապես, հայտնեց, որ այս ցուցանիշով Հայաստանը զիջում է ԱՊՀ երկրներից Ադրբեջանին, Ղազախստանին, Ռուսաստանին, Ուկրաինային, Վրաստանին եւ առաջ է անցած միայն Տաջիկստանից եւ Ղրղզստանից:

Միաժամանակ, միայն մեր երկիրն է, որ անցած մեկ տարվա ընթացքում 13 տեղով առաջընթաց է արձանագրել, մյուսներն անցյալ տարում անկում են գրանցել: Մասնավորապես, մեր երկիրը շեշտակի աճ է արձանագրել բջջային կապի բաժանորդագրության ոլորտում: Բացի այդ, մեր առավել աչքի ընկնող առավելություններն են պայմանագրերի կատարման ժամկետը, լարային հեռախոսակապի բաժանորդագրությունը, բիզնեսի գրանցման ընթացակարգերի քանակը, ֆիքսված հեռախոսակապի սակագները, ֆիքսված հեռախոսակապի միացման վճարը, բիզնեսի համար հեռախոսակապի միացման ծախսերը, բջջային հեռախոսակապի սակագները, բիզնեսի գրանցման գործընթացի տեւողությունը, հարկադրույքների մեծությունը, բջջային հեռախոսակապի բաժանորդների քանակը: Ամենաէական թերություններն առնչվում են վենչուրային կապիտալի առկայության, տեղական մրցակցության ինտենսիվության, ԶԼՄ-ների ազատության, կառավարման դպրոցների որակին, բարձր տեխնոլոգիական ապրանքների պետական գնումներին, օտարերկրյա տեխնոլոգիաների արտոնագրերի ձեռքբերման կարեւորության, քլաստերների զարգացման մակարդակին, դատական համակարգի անկախության, պայմանագրերի կատարման գործընթացների թվին, կառավարության կողմից ՏՀՏ օգտագործման խնդիրներին:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ չնայած հասարակությունը, բիզնեսը եւ կառավարությունը քիչ են օգտվում տեղեկատվական տեխնոլոգիաներից, բայց որպես տնտեսության ճյուղ, այս ոլորտում Հայաստանն առաջատար է: Անցյալ տարի ոլորտում արձանագրվել է 17 տոկոս աճ, արդյունավետությունն աճել է 9 տոկոսով, ոլորտում ներգրավված մասնագիտական աշխատուժըՙ 6 տոկոսով, հասնելով 6 հազարի: Իսկ ընդհանրապես միջին տարեկան աճը վերջին տարիներին այստեղ կազմում է 30 տոկոս: Միաժամանակ, հիմնադրամի նախագահն ընդունեց, որ համակարգիչների թվով եւ լայնաշերտ ինտերնետի տարածմամբ Հայաստանը հեռու է ցանկալի արդյունքն ունենալուց:

«Սինոփսիս-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը իր տեսակետը հայտնելով «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի տնօրենի ներկայացրած զեկույցի մասին տարակուսանք հայտնեց Հայաստանի եւ Ադրբեջանի ցուցանիշների տարբերության վերաբերյալ: Նա նշեց, որ հետազոտության համար կատարվող հարցումներում կան հարցեր, որոնց անկեղծ պատասխանելը ավտորիտար երկրներում հնարավոր չէ: Այսինքն, Ադրբեջանի ստացված արդյունքներն այս առումով այնքան էլ ճիշտ չեն: Բացի այդ, Հովիկ Մուսայելյանն ավելացրեց, որ հարցաթերթիկը լրացնելիս, Հայաստանում շատերը հոռետեսական պատասխան են տալիս, քանի որ մենք ստրեսային հասարակությունում ենք ապրում:

Խոսելով ոլորտի մասին, «Սինոփսիս-Արմենիա» ընկերության գործադիր տնօրենն այն կարծիքը հայտնեց, որ Հայաստանի տնտեսության զարգացման գերակայությունը պետք է լինի միկրոէլեկտրոնային արտադանքի թողարկումը, ինչի ներուժը մենք ավանդաբար ունեցել ենք եւ այժմ էլ Հայաստանում ներկայացված են նման արտադրանք թողարկող համաշխարհային ընկերությունների ստորաբաժանումները: Հովիկ Մուսայելյանի գնահատմամբ, դա մեր մրցակցային առավելությունն է տարածաշրջանում եւ այն պետք է օգտագործել:

Մամուլի ասուլիսի մասնակիցներն անդրադարձան նաեւ ինտերնետի տարածման վերաբերյալ տեղեկություններին: Մասնավորեապես Մանուկ Հերգնյանը հայտնեց, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների համաձայն, Հայաստանում ինտերնետից օգտվում է բնակչության 6 տոկոսը, սակայն իր ներկայացրած կենտրոնի ուսումնասիրության արդյունքներով, այդ թիվն ավելի մեծ է: Մասնավորապես, ըստ նրա, օրինակՙ Երեւանում ինտերնետից օգտվողների ցուցանիշը կազմում է մոտ 30 տոկոս: Բագրատ Ենգիբարյանը նույնպես այն կարծիքը հայտնեց, որ ինտերնետից օգտվողների թիվն այժմ ավելին է, քան 6 տոկոսը: Նա տեղեկացրեց, որ ներկայումս անցկացվում են ուսումնասիրություններ այդ առթիվ եւ տվյալները կհրապարակվեն երեք ամսից: Սակայն նա հավաստիացրեց, որ ինտերնետից օգտվողների թիվը զգալիորեն աճել է, այն դեպքում, երբ ուսումնասիրությունները սկսած ժամանակ մոբիլ ինտերնետը դեռ շատ քիչ էր տարածված:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4