Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում ավելի հաճախ վերածվում է ազդեցությունների ցուցադրության` նախաձեռնությունների տեսքով: Բնականաբար, այդօրինակ նախաձեռնություններ ավելի հաճախակի են ցուցաբերում Ռուսաստանը, նաեւՙ Միացյալ Նահանգները:
ԵԱՀԿ ներկայիս գործող նախագահ Ղազախստանը եւս չի ցանկանում հետ մնալ ղարաբաղյան հարցում նախաձեռնող լինելու բնութագրականն ունենալուց:
Դրա վկայությունն էր ոչ միայն ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար-պետքարտուղար Կանատ Սաուդաբաեւի` փետրվարի 15-17-ը տարածաշրջան այցելության ժամանակ արած հայտարարությունը, թե Ղազախստանը առաջըթնաց է ակնկալում, այլեւ երեկ նախորդ հայտարարության տրամաբանական շարունակությունը ներկայացնող խոսքերը:
Մասնավորապես, Սաուդաբաեւը ԱՊՀ երկրների արտգործնախարարների երեկվա հանդիպմանը հայտարարել է, թե որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջոցներից մեկը Ղազախստանը պատրաստ է Աստանայում անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում: «Մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում մենք հնարավոր աջակցություն կտրամադրենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին եւ պատրաստ ենք 2010-ին Աստանայում անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում», ասել է ԵԱՀԿ գործող նախագահը:
Երեկ ղարաբաղյան թեման, ի շարս այլ հարցերի, քննարկել են նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները: Մոսկվայում ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների հավաքին մասնակցելու համար մեկնած Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ անցել է անմիջական, բարեկամական մթնոլորտում, իսկ ղարաբաղյան հարցը քննարկվել է ամենայն մանրամասնությամբ:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ