«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2010-03-25 | #53, 2010-03-26 | #54, 2010-03-27


ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԵՎ ԿԻՊՐՈՍՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ

«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի Ստամբուլում գործող Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի մասնակցությամբ եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ Երեւանում մեկնարկած հայ-թուրքական փորձագիտական քննարկումների երկրորդ օրվա ընթացքում հայ եւ թուրք վերլուծաբանները քննարկեցին ղարաբաղյան հակամարտության խնդիրը: Համեմատականներ անցկացնելով ղարաբաղյան եւ կիպրոսյան հակամարտությունների միջեւՙ թուրքական կողմի ներկայացուցիչների տեսակետները, մեղմ ասած, օբյեկտիվ չէին ու հիմնականում ներկայացնում էին ադրբեջանական կողմի տեսանկյունը:

Ներկայացնելով կիպրոսյան հիմնախնդիրն ու զուգահեռներ անցկացնելով ղարաբաղյան հակամարտության միջեւՙ Սիլիվիա Թիրյակին խոսեց փախստականների, փոխհատուցուման խնդիրների մասին` նշելով, որ նման խնդիրներ կան նաեւ ղարաբաղյան հակամարտությունում: Նրա խոսքերովՙ ադրբեջանցի փախստականները, որոնք կորցրել են իրենց տունն ու այլ սեփականություն, պետք է ստանան փոխհատուցում:

Լիբանանում Հայաստանի նախկին դեսպան Վահան Տեր-Ղեւոնդյանը դիտարկեց, որ թուրք գործըկերները խոսում են Ֆիզուլիի կամ Աղդամի շրջանում ադրբեջանցի փախստականների մասին, սակայն չեն խոսում միայն Բաքվի 300.000 հայերի ճակատագրի մասին, որոնք տեղահանվեցին, սպանվեցին ու դարձան ընչազուրկ: «Կիպրոսի եւ Ղարաբաղի միջեւ համեմատականն այնքան էլ համարժեք չէ, որովհետեւ Կիպրոսի պարագայում կա քիչ թե շատ համագործակցության կարգավիճակ, եւ դրան զուգահեռ է խոսվում փոխհատուցման խնդրի մասին: Մինչդեռ Ղարաբաղի հարցում այս խնդիրները բացակայում են: Թուրքիայում Ղարաբաղի հակամարտության մասին ունեն միայն ադրբեջանական պատկերացումներ, որոնք իրականության հետ որեւէ կապ չունեն: Գործ ունենք ոչ թե գողի հետ, այլ իր տունը պաշտպանողի հետ», պարզաբանեց նա:

Մարդկային զարգացման կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը նկատում է, որ հենց Թուրքիայում սեփականության խնդրի բարձրացման կապակցությամբ շատ մեծ խնդիր կա: «Խոսում են սեփականության մասին, որ ունեին Հյուսիսային Կիպրոսում, խոսում են ադրբեջանցի փախստականների սեփականության մասին, սակայն Թուրքիան խնդիրներ է բարձրացնում, երբ Հայոց ցեղասպանության կապակցությամբ կարծիքներ են հայտնվում, որ հայերը կպահանջեն իրենց ունեցվածը, փոխհատուցում»:

Թեպետ Թուրքիան անընդհատ կրկնում է, որ ղարաբաղյան պատերազմին չի մասնակցել, սակայն Պողոսյանն այլ կարծիք ունի. գուցե թուրք զինվորները խրամատներում չեն եղել, սակայն թուրքական կառավարությունը զենք ու զինամթերք է տրամադրել ադրբեջանական բանակին: «Հանուն Ադրբեջանի փակել է սահմանն ու Հայաստանին դրել շրջափակման մեջ, իսկ շրջափակումը պատերազմական ձեւերից մեկն է»:

«Ռադիկալ»-ի վերլուծաբան Էրդուլ Գյուլվինը երկու հակամարտությունների էական տարբերությունը համարում է ժամանակի ընկալումը: «Հայերի համար ղարաբաղյան հակամարտությունը սկսվում է Սումգայիթից, նրանք այդ ժամանակից են գրում Ղարաբաղի պատմությունը, իսկ Ադրբեջանի կամ Թուրքիայի համար այդ պատմությունը սկսվում է 1993-94թ., երբ հայկական կողմը «գրավեց ադրբեջանական տարածքները»: Ադրբեջանական հողում կա հայկական բանակի ներկայությունը: Ինչպես էլ ձեւակերպենք, դա կոչվում է «գրավյալ տարածք»: Ղարաբաղի կապակցությամբ կողմերի միջեւ պայմանավորվածություն չկա, իրավիճակը ոսկրանում է: Պետք չէ նմանությունների եւ տարբերությունների վրա կանգ առնել: Լուծման չափանիշները բոլորի համար մոտավորապես պարզ են: Հողի փոխարենՙ խաղաղություն: Կիպրոսը հող է տալիս խաղաղության պայմանագիր ստորագրելու դիմաց: Խոսեցիք Բաքվի հայերի մասին, Բաքվի ջարդերի մասին: Տուժած ադրբեջանցիների հետ մեկտեղ կան նաեւ հայ տուժածներ: Եվ այդ խնդիրն էլ պետք է կարգավորվի», ասում է նա` հավելելով, որ այս փուլում փոխհատուցման խնդրի մասին խոսելն այնքան էլ իմաստալից չէ: Նա վստահ է, որ քաղաքականությունում աշխատում են երկակի ստանդարտներ, երկու հակամարտությունների դեպքում էլ դրանք կիրառվում են:

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը թուրք լրագրողի համար պատմական էքսկուրս կատարեց ու հիշեցրեց, թե ով է առաջինը սկսել ուժի կիրառումը: «Ադրբեջանում եղան զանգվածային էթնիկ զտումներ: Ավելի քան 500.000 հայեր տեղահանվեցին, սպանվեցին, դարձան ընչազուրկ: Ադրբեջանն իր ժամանակագրությունը գրեց այն ժամանակ, երբ ունեցավ կուրուստներ եւ հանդիպեց դիմադրության»: Մելիքյանը դեմ է «տարածքներՙ կարգավիճակի դիմաց» ձեւակերպմանը, քանի որ դա էֆեկտիվ չէ: Նա առաջարկում է հիշել պատմությունը, ժամանակագրությունն ու այդ կտրվածքով իրականացնել փոխհատուցում:

  Վահան Տեր-Ղեւոնդյանը հավելում է, որ կիպրական հարցն ավելի մոտ է հանգուցալուծման, քան ղարաբաղյանը: Նա նկատում է, որ կիպրական հարցը հասել է արդյունքի, որովհետեւ հունական կողմը բանակցել է թուրքականի հետ, մինչդեռ Բաքուն Ստեփանակերտի հետ չի նստում բանակցությունների սեղանի շուրջը:

«Եկեք խրախուսենք Ադրբեջան-Ղարաբաղ բանակցությունները: Միակ ճանապարհը սա է, այլ ճանապարհները տանում են փակուղի»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4