«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2010-03-25 | #53, 2010-03-26 | #54, 2010-03-27


27 ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԱՑՆԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻՆ

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկացմամբՙ ամերիկացի 27 կոնգրեսականներ միացել են Ղարաբաղի հետ ուղիղ բանակցություններ սկսելու եւ Հայաստանին ու Ղարաբաղին ֆինանսական օգնությունն ավելացնելու Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի կոչին: Կոնգրեսականները նամակ են ուղարկել Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի նախագահին, որով հորդորում են 2011-ի ֆինանսական տարվա նախնական քննարկումներից առաջ, Հայաստանի եւ Ղարաբաղի հետ հարաբերությունների, ինչպես նաեւ` տարածաշրջանային խաղաղության ամրապնդման նպատակով հավելյալ քայլեր ձեռնարկել եւ հաջորդ տարվա հատկացումները կազմելիս իրենց առաջարկությունները հաշվի առնել: Կոնգրեսականների հիմնական պահանջներն են. «2001-ին Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը հասցնել 70 մլն դոլարի, Ղարաբաղում հումանիտար ծրագրեր իրականացնելու նպատակով ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությանը տրամադրել հավելյալ 10 մլն դոլար, սահմանափակել ԱՄՆ-ի ֆինանսական հատկացումները Ադրբեջանին` պահպանելով Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հավասարությունը, վերացնել Ղարաբաղի եւ ԱՄՆ-ի միջեւ պաշտոնյաների ճամփորդության սահմանափակումները», նամակը ստորագրել են ինչպես դեմոկրատ, այնպես էլ հանրապետական կոնգրեսականներ:

2010-ին արտաքին ֆինանսական հատկացումների շրջանակներում Կոնգրեսը Հայաստանին հատկացրել էր 41 մլն դոլար, իսկ Ղարաբաղին` 8 մլն: Հիշեցնենք նաեւ, որ Ադրբեջանը բողոքարկել էր Ղարաբաղին հատկացված ոչ թե օգնության չափը, այլ օգնությունն ընդհանրապես:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4