«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2010-03-25 | #53, 2010-03-26 | #54, 2010-03-27


ԷՐԴՈՂԱՆԻ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայերին Թուրքիայից վտարելու հայտարարությունից «օսմանյան» հոտ է փչում

Հայաստանի հետ փակ սահմանի ու դրա բացման խոսակցությունների բացակայության պայմաններում Թուրքիան կարծես առավել հավասարակշիռ ու լուրջ մոտեցում էր դրսեւորում հարեւանին առնչվող հարցերին, քան հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո ստեղծված իրավիճակի պայմաններում, թեեւ, ըստ էության, կարելի էր սպասել ճիշտ հակառակը:

Այդուհանդերձ, Թուրքիայից միշտ եւ ամեն ինչ է սպասելի, ուստի թերեւս զարմանալու կարիք չկա, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո կառուցողականությունից հեռու շատ հայտարարություններ են արվում թուրք ղեկավարության կողմից, որոնց զգալի մասը Եվրոմիությանն անդամակցելու ձգտող ու ընդհանրապես ժողովրդավար ու զարգացած լինելուն հավակնող Թուրքիայի պարագայում կարելի է ամենահետամնաց արեւելյան որակել, այն էլ մի պարզ հավելմամբ. բռի:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը օրերս Լոնդոնում BBC-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում, խոսելով Թուրքիայի տարածքում բնակվող «170 հազար հայերի մասին, որոնցից միայն 70 հազարն են Թուրքիայի քաղաքացիներ», հայտարարել էր, թե այդ հայերից շատերը Թուրքիայում ապրում են տասը տարուց ավելի, ու Թուրքիան էլ չի պատրաստվում նրանց հարցը շուտափույթ լուծել:

Այդուհետեւ Էրդողանը նշել էր, որ եթե ամեն բան նույն կերպ շարունակվի, Թուրքիան ստիպված կլինի վերագնահատել իրավիճակը եւ համապատասխան քայլեր ձեռնարկել: «Այդ 100 հազարը մեր քաղաքացիները չեն, եւ եթե կարիք լինի, մենք կվտարենք նրանց մեր երկրից», ամենաուղղակի ձեւով ապացուցելով 20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրության հետնորդ լինելու հանգամանքը` հայտարարել էր Թուրքիայի վարչապետը:

Այսօրինակ մի հայտարարությամբ էլ Էրդողանի ասածներին արձագանքել էր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես «Ազգը» արդեն տեղեկացրել է, նշելով. «Նման արտահայտությունները վկայում են, որ ցեղասպանության ճանաչման խնդիրը դեռեւս խիստ արդիականություն ունի, եւ խնդրի արմատական լուծումը լինելու է այն դեպքում, երբ Թուրքիան ինքը ճանաչի ցեղասպանությունը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի սպառնալիքները Թուրքիայում բնակվող հայերին արտաքսելու մասին մեր հիշողություններում արթնացնում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշողությունները»:

Միանշանակ կարելի է համաձայնել նման գնահատականին, այդուհանդերձ, այն իրապես չի գնահատում Էրդողանի` պարզամտության հետ սահմանակցող հայտարարությունը: Հայտարարությունից անմիջապես հետո առաջին արձագանքս այն էր, ինչ արդեն ներկայացրել է «Առավոտ» օրաթերթի խմբագիրն իր խմբագրականում: Մասնավորապես, միտքը, թե Թուրքիան իր սեփական օրենքների հանդեպ անհարգանքը, որ դրսեւորվում է որեւէ այլ երկրի քաղաքացու անօրինական կեցության հետ համակերպվելու մեջ, փորձում է ներկայացնել որպես հոխորտանք Հայաստանի հանդեպ:

Զարմանալի է, որ ուզածս հարցում հետուառաջ անելու մեջ վարպետացած Թուրքիան ներկայացնող պաշտոնյայի այս հայտարարությունը չի հարուցել հենց Եվրոպայի, Միացյալ Նահանգների գոնե մտահոգությունը, թե ինչ կարգի երկիր է փորձում կիսել Եվրոմիությունում հարգվող մարդու իրավունքները: Որեւէ այլ երկրի պարագայում այսօրինակ հոխորտանքը ծիծաղ էլ կառաջացներ: Ինչո՞ւ պիտի Հայաստանը որեւէ կերպ անհանգստանա նման հայտարարությամբ, երբ, օրինակ, հազարներ են դեպորտացիայի ենթարկվում Ռուսաստանից, բայց դրանից չեն վատանում հայ-ռուսական հարաբերությունները:

Մյուս կողմից, հետաքրքրական է մեր հարեւանի մտածելակերպը, քանի որ նման հայտարարություն անելով Թուրքիան ցույց է տալիս, որ իր երկրի ներսում իսկ խնդիր լուծելու հարցում նախընտրում է արեւելյան շողոմությունը, ու այն, որ երկրում կարգուկանոն հաստատելը ներկայացվում է որպես սպառնալիք Հայաստանին, վկայում է թուրքական իրականության անօրինականության մասին:

Հայտարարությունը հիշեցնում է մեր մյուս հարեւանի` Վրաստանի կեցվածքը, երբ հարցը վերաբերում է թիֆլիսահայությանը կամ Ջավախքին: Չգիտես ինչու, բայց Ջավախքն ու ընդհանրապես վիրահայությունը իր խնդիրներով ավելի շուտ Հայաստանին զսպելու դեր է կատարում, քան զսպում է Վրաստանին, որը, այլ պարագայում, կոկորդ է պատռում, թե Ջավախքի հանդեպ որեւէ հայկական հավակնություն թույլ չի տա: Ջավախքի հարցերը, անկախ ամեն ինչից, ներկա իրավական վիճակից ելնելով, Վրաստանի ներքին խնդիրներ են, ու եթե, ասենք, Ջավախքում չգիտեն վրացերեն, դրանում Վրաստանը փոխանակ մեղադրելու Հայաստանին ու հայերին, պետք է նախ եւ առաջ ընդունի, որ առանց կարգին ուսուցչի լեզու չես սովորի այն դեպքում, երբ Ջավախքում կարգին չէ, այլ գրեթե չկա վրացերենի նորմալ ուսուցիչ:

Մասնավոր զրույցներում վրացական կողմից շատերն էին ժամանակին ասում, թե Հայաստանն է պարտավոր ապահովել Ջավախքին էլեկտրաէներգիայով, իսկ երբ արձագանքը զարմանքն էր լինում, թե ինչո՞ւ պիտի վրացական նահանգի համար մտածի Հայաստանը, պարզաբանում էին. «Բա հայեր են այնտեղ ապրում»: Հիմա էլ նման մի անմտություն է ասում Թուրքիան:

Եվս մեկ կարեւոր հանգամանք վերաբերում է Թուրքիայում գտնվող հայերի` թուրքական լրատվամիջոցներով տարածվող աղերսանքներին` ուղղված թուրքական կառավարությանը: Թուրքական Netgazete-ի փոխանցմամբ, Ստամբուլի Քումքափը թաղամասում ապրող հայաստանցիները լուրջ անհանգստությունների մեջ են Էրդողանի հայտարարությունից հետո: Ըստ պարբերականի, հայերը չեն ցանկանում Թուրքիայից հեռանալ եւ խնդրում են Էրդողանին իրենց չվռնդել Թուրքիայից, մեկնաբանություններով, թե Հայաստանում աշխատանք չունեն, իսկ Թուրքիայում աշխատում ու ապրում են երջանիկ:

Այսօրինակ խնդրանքներ, ըստ թուրքական աղբյուրների, իբր շատ հայեր են ներկայացրել, որ ապրում ու աշխատում են Թուրքիայում: Բնավ էլ հասկանալի չէ, թե ինչո՞ւ են հայերը աղմուկ բարձրացնում, խնդրում թուրքական կառավարությանը չվտարել իրենց, երբ գիտակից աշխարհը, շատ պարբերականներ առնվազն ամոթալի, խայտառակ են որակում Էրդողանի հայտարարությունը: Ստացվում է, որ ժողովրդական խոսքը, թե «որտեղ հաց, այնտեղ կաց», կուլ է տվել ամեն ինչ` արժանապատվություն, գիտակցություն, ազգություն ու անգամ սեփական ապագան ապահով տեսնելու ողջամտություն:

Թուրքիայում, տարբեր տվյալներով, առանց անձը հաստատող փաստաթղթի հայերի շատ երեխաներ կան, որոնք անգամ կրթություն չեն կարող ստանալ դպրոցում: Ու հետաքրքրական է, որ երեխաների համար այդօրինակ իրավիճակը հանդուրժող հայերը Թուրքիայում դեռ խնդրում են թուրքական կառավարությանը չվտարել իրենց: Ավելի լավ կլիներ ընդհանրապես չհավատալ թուրքական աղբյուրներին, բայց սուտն ու պորպագանդան չեն կարող այսքան առերես կեղծիքների գնալ, ուրեմն եւ եղել են չվտարվելու խնդրանք հնչեցնողներ:

Եվս մեկ հանգամանք. հայերիս մեջ մորթապաշտությունը հիմնավոր բուն է դրել կարծես, այլապես դժվար կլինի հասկանալ Թուրքիայի ձեռքում հայերի պարագան խաղաքարտ սարքող մի քանի տասնյակ հազար, այլ ոչ հարյուր հազարավոր հայերի անունից չվտարվելու խնդրանք հնչեցնող մեր հայրենակիցների պահվածքը, հատկապես որ անօրինական չպետք է գտնվել որեւէ երկրում, այդ թվում` Թուրքիայում:

Հայերի խնդրանքը մեկ այլ փաստի ֆոնին առավել քան տգեղ է դիտվում. Էրդողանի հայտարարությունը քննադատության է արժանացել թուրքական որոշ քաղաքական ուժերի կողմից, անգամ ազգայնականներից որոշների:

Ակամա հիշում ես Գրիգոր Զոհրապի հայտնի խոսքերը, թե թուրքն ինչպես կարող է վատն անել, երբ նախորդ օրը Թալեաթի հետ Զոհրապը ճան էր խաղում:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4