Նրանք, ովքեր հաճախ են մեկնում Շենգենյան գոտու երկրներ, չեն խախտում օրենսդրությունը, ժամանակին վերադառնում են, կընդգրկվեն «հույս ներշնչող» քաղաքացիների խմբում, եւ նրանց արտոնագրերի հետագա տրամադրումն ավելի դյուրին կլինի: «Հույս ներշնչող քաղաքացի» որակավորումը Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոսինն է, խոստումը` եւս: Նման հայտարարության հիմքը «Արտոնագրերի մասին» եվրոհամայնքի նոր օրենսգիրքն է, որն ուժի մեջ է մտնելու այս տարվա ապրիլի 5-ից: Նոր օրենսգրքի համաձայնՙ անձնագրերը պետք է առավելագույնը տասը տարվա վաղեմություն ունենան, երկարաձգված անձնագրերը չեն ընդունվելու: Վերադարձից հետո անձնագրերը դեռեւս 3 ամիս պետք է վավեր լինեն: Անձնագրում եւս 2 ազատ թերթիկ ունենալու պայմանը մնացել է անփոփոխ: Նոր օրենսդրության նպատակը, Ֆրանսիայի հյուպատոսի հավաստմամբ, հատկապես կարճաժամկետ վիզաների կարգավորումն է, որոնք սովորաբար ընտանեկան այցելությունների կամ զբոսաշրջության համար են տրվում: Կարճաժամկետ արտոնագրերը թույլ են տալիս 6 ամսվա կտրվածքով առավելագույնը 90 օր գտնվել Շենգենյան համաձայնագրի երկրների տարածքում: «Այսուհետեւ արտոնագրի համար հայտ ներկայացնողը գրավոր պարտավորվում է չխախտել Հայաստան վերադարձի ամսաթվերը: Եթե հայտ ներկայացնողը մերժում է ստանում, հյուպատոսությունը պետք է նրան գրավոր ներկայացնի մերժման հիմքերը», ասաց Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապեն :
Վիզաների գների եւ տրամադրման ժամկետների փոփոխություն չի ենթադրվում: «Վիզան ընդամենը Շենգենյան տարածք մուտքի իրավունք տրամադրող տարր է: Անգամ այն ձեռք բերելուց եւ տվյալ երկիր հասնելու դեպքումՙ սահմանային իշխանությունները կարող են եւ անգամ պարտավոր են պահանջել որոշակի փաստաթղթեր: Սահմանային իշխանությունները հատկապես մեծ ուշադրություն են դարձնում բժշկական ապահովագրությանը եւ հյուրանոցների ամրագրմանը: Հյուպատոսությունները, իրենց հերթին, ենթարկվում են ինչպես եվրոպական , այնպես էլ ազգային կանոնագրերին: Այդ իսկ պատճառով հյուպատոսությունների կողմից պահանջվող փաստաթղթերը կարող են տարբեր լինել», ասաց Հայաստանում Գերմանիայի հյուպատոս Ֆրանկ Ռադկեն : Ֆրանսիայի հյուպատոսն ավելացրեց, որ հաճախ պահանջվող փաստաթղթերի առատության պատճառը եւ նպատակը սահմանային իշխանությունների հետ քաղաքացիներին հնարավոր բարդություններից ազատելն է:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ