«Խրիմյան դասընթացների» հոգեւոր սերմերը ժամանակի արագընթաց փոփոխությունները, նոր տեխնոքաղաքակրթությունը վաղուց արդեն խախտել են մեր կյանքի ռիթմը, մտածողական շատ ստերեոտիպեր: Մայրաքաղաքից դուրս, սակայն, կյանքը շարունակում է մնալ այսպես ասած ինքնապաստանված, ինքնապահպանման ներքին բնազդային մղումը ավանդական մտածողությանն ու սովորույթներին ավելի ամուր է պահում գյուղաշխարհի մարդուն, տարբեր են նաեւ այդ բնակավայրերի մտավորական զբաղմունքի տեր մարդկանց գործելակերպը, մտածողությունը. մի քիչ պահպանողական, բայց անաղարտՙ ազգային լեզվա-մշակութային գեղեցիկ պատյանում: Այս տպավորությունը ստացել եմ ե՛ւ Բերդում, ե՛ւ Մեղրիում, ե՛ւ անգամ Ծաղկաձորում, իսկ օրերսՙ Օշականում, երբ այցելեցինքՙ Տեր Մկրտիչ վրդ. Պռոշյանի առաջնորդական տեղապահությամբ գործող տեղի Սբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցուն կից Խրիմյան վարժարան:
Օշականում էլ գարունը վաղ է սկսվել. ծառերի ճերմակ հայացքից կյանքը կրկին վերհաստատում է իր գեղեցկությունը...հին բույնը վերանորոգող արագիլների պես:
Խրիմյան վարժարանն արդեն գործունեության 2-րդ տարին է բոլորում, եւ ընտրության վայրը ճիշտ համահունչ է վարժարանի հոգեւոր-մշակութային բովանդակությանը, ինչը Նյու Ջերսիում ապրող մեր հայրենակից Սիլվա Տեր-Ստեփանյանի մտահղացման արգասիքն է: Սիլվան իր էությամբ ու կոչումով մանկավարժ-մեթոդիստ է, կրթական գործի մի նվիրյալ, ազգային մտածողության եւ հայեցի կրթության զարմանալի ջատագով: Իր կյանքի նպատակը օտար միջավայրում հային հայ պահելու ազգաշահ գործունեությունն է, որի դրսեւորումներից ամենակարեւորը Նյու Ջերսիում հիմնած Խրիմյան վարժարանն է, իր մշակած ուսումնական ծրագրերն ու բազմաբովանդակ գրքերը: Ի դեպ, նա բացառիկ շնորհ ու տաղանդ ունի մեթոդական ձեռնարկների եւ դասագրքերի հեղինակման: Նրա կրթական հայեցակարգի հիմքում ընկած է բանիմաց, գիտակից բարոյական ու հոգեւոր կիրթ նկարագրով անհատի դաստիարակությունը: Սկզբունքներ, որ նա փորձում է կիրառելի դարձնել նաեւ հայաստանյան կրթական ծրագրերում, որոնք գուցե այժմ չեն վերաձեւվում հանրակրթական մեր ստանդարտներին, բայց խիստ անհրաժեշտ են մեր հասարակությանը:
Առաջին նման փորձերը Օշականի Սբ Մ. Մաշտոց եկեղեցում անցկացված դասընթացներում հաջողություն արձանագրեցին, եւ ձեւավորվեց Խրիմյան կրթարանը, որը գործում է շաբաթը մեկ օրՙ ամեն չորեքշաբթի: Վաթսունութ աշակերտ կամավոր հաճախում է այս դասընթացներին, որոնց հիմքում երեխայի մեջ ազատ մտածողություն ձեւավորելու սկզբունքն է ընկած: Դասընթացները միտված են լիարժեք անհատի ձեւավորման խնդրինՙ դա ազգային մտածողության սերմանումն է, գեղագիտական ճաշակի զարգացումը, շրջակա միջավայրի հանդեպ վերաբերմունքի ձեւավորումը:
Խրիմյան կրթական ծրագրի պատրաստողը Սիլվա Տեր-Ստեփանյանն է, դպրոցի ընդհանուր հոգածությունը կատարում է Նեկտար Սարգսյան-Մանրոն : Եկեղեցու դպրանոցի մթնոլորտը, որտեղ տեղի են ունենում դասընթացները, արդեն իսկ նպաստաբեր հող է ստեղծում երեխայի հոգեւոր սնուցման համար, նրա հոգեւոր կրթության հիմքերը դնում: Սահմանափակ քանակով ուսուցիչներ (4-5) ուսուցանում են բարոյագիտության, կենցաղավարության տարրական հիմունքներ, եկեղեցու պատմություն (ծեսեր, աղոթքներ, վարքաբանություն), երգեցողություն, արտասանություն, ձեռարվեստ: Մեր այցելության ժամանակ կարգավորվում էր նաեւ համակարգչային սենյակը, նոր ստացված համակարգիչները շատ երեխաների համար միանգամայն նորություն կլինեն, համակարգչային դասընթացը նրանց նախնական գիտելիքներ կհաղորդի մեր կյանքիՙ այլեւս անքակտելի կարեւորագույն այս ոլորտի մասին:
Ձեռարվեստի ընդարձակ սենյակում ազգային-հոգեւոր թեմաներով արված երեխաների տարբեր աշխատանքներն ենՙ նկարներ, գոբելեններ, թղթից պատրաստված պատկերներ, խեցեգործական իրեր: Ուսուցիչը Արսեն Գալստյանն է: Նրա խոսքով վարժարանի հիմնական ուղղվածությունը հայեցի դաստիարակությունն է, որին նպաստում է դպրոցիՙ եկեղեցուն կից գործելը. «Որոշակի կաղապարներ չեն պարտադրվում, բայց դաստիարակությունը տարվում է քրիստոնեական առաքելական ոգով, որին օգնում են թեմատիկ-ծրագրային նյութերը (ընտրվում են ազգային-մշակութային պատմության երեւելի դեմքեր եւ կարեւոր իրադարձություններ): Ծանոթանում են նաեւ այլ մշակույթների, որ գլոբալիզացիոն այդ շարժումների մեջ տարբերությունները զգան եւ կարողանան իրենց հայկականությունը պահել» :
Առհասարակ ոչ միայն կրթական, այլեւ ներհասարակական մեր կյանքում գիտելիքի ահռելի պակաս կա բարոյագիտական եւ կենցաղավարության առումով: Խրիմյան կրթարանում այս առարկաների դասավանդումը վստահված է Արմենուհի Գալստյանին , որին օգնում է Սիլվա Տեր-Ստեփանյանի հեղինակած «Զարթիր» դասագիրքը: Բարոյագիտության դասընթացը հիմնված է քրիստոնեական գաղափարախոսության վրա: Ուսուցչուհին համոզված է, որ Հիսուսի պատվիրաններին հետեւելըՙ նրանց կյանքի մեջ լուրջ փոփոխություններ առաջացնելու, հոգեւոր կայծը արթնացնելու լավագույն ճանապարհն է:
Էլյա Հարությունյանը հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանում է սովորում, նա կամավոր մասնակցում է Խրիմյան կրթարանի դասընթացներին, խելացի աչքերով ուշադիր ունկնդիր է: Ուզում եմ, որ անկեղծ լինի, թե դասընթացներին իր մասնակցությունը ի՞նչ փոխեց իր կյանքում: Ու նա անկեղծ էրՙ իհարկեՙ նոր ընկերներ, կրոնական եւ այլ գիտելիքներ, միջավայրի հանդեպ ավելի ուշադիր վերաբերմունք: Խոսքը գրագետ է, մտածված: Ուշադրությունս գրավեց աղջկա վերջին արտահայտությունը. «Մեջս զարգացրի եկեղեցու նկատմամբ սեր, հիմա շատ եմ այցելում, ազատ ու ապահով եմ զգում այստեղ» :
Ինչպես Վիգեն քահանա Մանուկյանն է ասում, աշակերտի եւ ուսուցիչների ճիշտ հարաբերության ամենակարեւոր պայմանըՙ սերը, կայացել է: Օշականի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգեւոր հովիվըՙ տեր Վիգենը երիտասարդ հոգեւորական էՙ նորի, փոփոխությունների հակված: Մինչեւ վերջերս նա էր տնօրինում Խրիմյան կրթարանի աշխատանքները: «Դպրոցը քանի որ մեր միջավայրում նորություն է, առաջին տարին դժվարություններ ունեցավ. փորձում էինք ծրագրին հարմարվել, կամ մեզ հարմարեցնել: Սփյուռքում եւ Հայաստանում խնդիրները տարբեր են, այնտեղ շեշտը դրված է լեզվապահպանության վրա, երեխան այստեղ իր ազգային միջավայրում է, ամեն պարագայում հայկական բառուբանը իր կենսակերպի անհրաժեշտ մասն է կազմում: Մենք շեշտադրումը փոխեցինք դեպի եկեղեցի, եկեղեցական կառույցի, հոգեւոր իրողությունների մուտքը երեխայի մտածողություն եւ այն որպես շնչող, կենդանի օրգանիզմ, կյանքի մաս կազմող ամբողջություն ներկայացնելով» :
Դասընթացների ծրագրերում փոփոխությունների անհրաժեշտությունը, ինչպես նկատում է հայր Վիգենը, պայմանավորված է մեր երկրի, մեր միջավայրի առանձնահատկություններով, ըստ որում եթե ցանցը ընդլայնվի եւ այն տարածվի Հայաստանի այլ մարզերում, ապա պետք է հաշվի առնել տեղական առանձնահատկությունները եւս: Սա վերաբերում է ե՛ւ կազմակերպչական, ե՛ւ ուսուցողական ծրագրերին (ավելի խորացված ուսուցում, 6-ամյա ուսընթացքի կրճատում, դասընթացների կիրակնօրյա անցկացում եւ այլն):
Արտադպրոցական այս դասընթացները անպայմանորեն շահեկան են, քանի որ խորքում սերում են մարդասիրական գաղափարներից եւ շահեկան են հենց հանրային կյանքին, որովհետեւ կիրթ ու բանիմաց անհատներից կազմված հասարակությունն է, որ ապագայի հույս կարող է ներշնչել: Մանավանդ որ այդ ծրագրի հիմքում ղեկավար պատրաստելու խնդիրն է դրված:
Դեռ երկար ճանապարհ կա անցնելու...
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ