«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2010-03-26 | #54, 2010-03-27 | #55, 2010-03-30


ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆԸ` ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՓԱԿՈՒՂԱՅԻՆ ՓՈՒԼՈՒՄ

Մեկնաբանում են թուրքագետները

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հանձնաժողովում եւ Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Սերբիայի, Իսրայելի խորհրդարանների օրակարգում բանաձեւի ընդգրկվելը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը դիտարկում է Թուրքիային ուղղված մեսիջ` առերեսվելու անցյալին եւ հաստատելու հարաբերություններ հարեւանի հետ:

Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը Թուրքիայում բուռն արձագանքների առիթ է դարձել: Սկզբում դրանք բուռն ու հիստերիկ էին` վկայությունը վարչապետ էրդողանի հայտնի հայտարարություններն էին` իր երկրից 100.000 հայերին վտարելու կապակցությամբ: Սակայն երբ կրքերը հանդարտվեցին, հասկացան, որ սխալ ճանապարհ են ընտրել ու այդ կերպ շարունակում են գցել Թուրքիայի իմիջը միջազգային հանրության աչքում: Այդ ժամանակ Թուրքիան փոխեց մարտավարությունը: Հնչեցին մեղմ բնույթի խոսքեր երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի շուրթերից: Սակայն սրբագրումները դրանով չավարտվեցին, ու սրբագրիչներ դարձան տեղի հայերը:

«Պետրոս Շիրինօղլուն փորձեց մեսիջ ուղարկել աշխարհին, թե թուրքական պետությունը բարեգութ է հայերի նկատմամբ: Թուրքական քաղաքական վերնախավում կա որոշում` Էրդողանի բուռն արտահայտությունները մեղմացնել եւ այդ գործում ներգրավվել հայ համայնքին: Այս պարագայում Շիրինօղլուին ընտրեցին որպես քավության նոխազի», նկատում է նա:

Թուրքագետը համաձայն չէ, որ հայ-թուրքական հարաբերություններին միտված գործընթացը կամաց-կամաց մարում է ու մոտ է հուղարկավորությանը: Նա նախընտրում է դրանք անվանել փակուղային վիճակ, որ կանգ են առել ու յուրաքանչյուր պահի կարող են նորից շարունակվել: Դրա նախադեպը կա: Օրինակը Թուրքիա-Սիրիա հարաբերություններն են: Վերոնշյալ երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատվեցին եւ արձանագրություններ վավերացվեցին ստորագրումից երեք տարի անց:

Արեւեւլագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Սաֆրաստյանի տեսակետն այս կապակցությամբ այլ է. Թուրքիան արձանագրությունները վավերացնելու ձգտում չունի, եւ դա բերել է երկարաժամկետ փակուղային վիճակի, որից երբեմն գտնվում են ելքեր: Այս դեպքում ելքը մեկն է. «Թուրքիան պետք է ցույց տա իր շահագրգռվածությունը: Ես դեմ եմ այն տեսակետին, թե Հայաստանը պետք է վավերացնի արձանագրություններն ու սպասի Թուրքիային: Դա հայկական կողմից մեծ սխալ կլիներ: Սակայն, եթե գործընթացը չիրականանա, ապա չի կարելի ասել, որ Հայաստանը տուժող կողմ է: Պաշտոնական փաստաթղթերին հայկական կողմը լուրջ է վերաբերվում: Հայաստանը հավատարիմ մնաց դրանց ոգուն ու տառին», ասում է նա:

Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը նա կապում է արդարության եւ ազնվության հետ: Սաֆրաստյանը հույս ունի, որ այդ կերպ միջազգային հանրությունը ցույց է տալիս, որ արդարության հանդեպ իր դիրքորոշումը չի մարել ու ըմբռնում է հակամարդկային երեւույթը:

  «Ազգի» դիտարկմանը, թե միջազգային հանրությունը ճանաչում է Հայոց ցեղասպանության բանաձեւը, որպեսզի Անկարային ստիպի հայ-թուրքական հարաբերությունները հանել փակուղային վիճակից եւ ստիպի առաջընթացի քայլեր ձեռնարկել, ասաց: «Նման տեսակետ կա, սակայն ես հակված չեմ այդպես մտածելու: Առաջին հերթին այդ գործընթացները կապում եմ Թուրքիայի արտաքին քաղաքական դիրքի հետ: Այս ճնշումները կապել հայ-թուրքական հարաբերությունների հետՙ հիմք չեմ տեսնում, բայց կարելի է նաեւ այդպես մեկնաբանել»: Սաֆրաստյանը վստահ է, որ հայ-թուրքական գործընթացից Հայաստանը շահող է դուրս գալիս: Եթե գործընթացը կասեցվի, ապա այն դասեր տվեց, եւ հետագայում որոշակի հիմքի վրա կկառուցենք մեր դիվանագիտական սխեման:

«Միշտ հավատացել ենք, որ թուրքական դիվանագիտությունը խորամանակ է, սակայն գործընթացը ցույց տվեց, որ փոքր հարցերում գուցե ճարպիկ է, սակայն առավել կարեւոր հարցեր, ստրատեգիական խնդիրներ չի կարողանում լուծել: Այս հարաբերություններում ճանաչեցինք միմյանց, ու հետագայում եթե նորից գործընթաց լինի, նոր բանաձեւ մշակվի, ապա որոշակի պատկերացումներ արդեն ունենք»:

Թուրքագետների տեսակետները ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդգրկման վերաբերյալ տարբեր են` չափազանց լավատեսական, փոքր-ինչ հոռետեսական, սակայն դժվար է ասել, թե դրանցից որն է առավել իրատեսական:

Մելքոնյանը վստահ է, որ Հայոց ցեղասպանության բանաձեւը Կոնգրեսի լիագումար նիստ չի մտնի, Օբաման «ցեղասպանություն» բառի փոխարեն կարտասանի «Մեծ եղեռն» արտահայտությունը, որը իրավական որեւէ արժեք չունի: Նա վստահ է, որ գուցե Սերբիայի խորհրդարանում բանաձեւն ընդունվի, մինչդեռ քիչ հավանական է, որ Իսրայելի խորհրդարանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

«Չեմ բացառում, որ ԱՄՆ-ն այսօր ավելի մոտ է կանգնած ցեղասպանության ճանաչմանը, քան երբեւէ` լինի դա Կոնգրեսում բանաձեւի քննարկմամբ, թե նախագահի ապրիլի 24-ի ավանդական ելույթում»: Սա էլ Սաֆրաստյանի տեսակետն է:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4